Պատգամավոր Արման Բաբաջանյանն օրերս այցելել էր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար դատապարտված Նաիրի Հունանյանին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Aravot.am-ը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ դուք չե՞ք պատրաստվում հանդիպել Նաիրի Հունանյանի հետ, հարց չունե՞ք նրան տալու եւ ինչպե՞ս եք վերաբերվում Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումին:
Մարուքյանը պատասխանեց. «Ես 2002-ից մինչեւ 2012-ը եղել եմ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ: Ես բանտում այցելել եմ այսօրվա իշխանության բոլոր ներկայացուցիչներին, ովքեր եղել են քաղբանտարկյալ, այցելել եմ հազարավոր դատապարտյալների եւ կալանավորված անձանց: Բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց երբեք ցանկություն չեմ ունեցել նրան տեսնել: Մամուլում տպվել է, որ ասում են՝ էնտեղ չի, անցել եմ, որ համոզվեմ էնտեղ է, բայց երբեք չեմ մտել, որ իրեն հանդիպեմ, ցանկություն չեմ ունեցել, այսօր էլ չունեմ:
Նաիրի Հունանյանն ինձ համար դահիճ է, դահիճների պարագլուխ: Ցանկացած դատապարտյալ իրավունք ունի դիմելու վաղաժամկետ ազատման համար, բայց ես վստահ եմ, որ նրա խնդրանքը չի բավարարվի, որովհետեւ խնդրանքի բավարարման համատեքստում նաեւ քննարկման առարկա է հանրության պատրաստ լինելը նման մարդուն հետ ընդունել հասարակություն: Ես վստահ եմ, որ նման բան տեղի չի ունենա:
Թե ով է ուզում հանդիպի, ով չի ուզում՝ անձնական որոշման հարց է: Ես չեմ ուզում, գնամ դահիճի հետ հանդիպեմ, որ ի՞նչ անեմ: Դրա համար կան համապատասխան բազմաթիվ մարմիններ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ