Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Նաիրի Հունանյանը խոսի, սա ձեռնտու է ՀՀ պետականությանը, բայց նրա խոսացածը դեռ վերջին ճշմարտությունը չի». Անդրանիկ Քոչարյանը Մարսել Մաթեւոսյանի անունն է տալիս

Հոկտեմբեր 25,2019 15:03

Պատգամավոր Արման Բաբաջանյանն օրերս այցելել էր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար դատապարտված Նաիրի Հունանյանին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Aravot.am-ը պատգամավորներից հետաքրքրվեցինք՝ դուք չե՞ք պատրաստվում հանդիպել Նաիրի Հունանյանի հետ, հարց չունե՞ք նրան տալու եւ ինչպե՞ս եք վերաբերվում Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումին:

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը պատասխանեց. «Որպես մարդ բազմաթիվ հարցեր ունեմ նրան տալու: Որպես քաղաքական գործիչ, իհարկե, ունեմ, սակայն զերծ կմնամ այսօր հնչեցնելուց»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «20 տարվա մեջ սա առաջին հանդիպումն էր, որ տեղի է ունենում Նաիրի Հունանյանի հետ: Տարբեր ձեւաչափերով մինչ այդ եղել են կարճ հանդիպումներ: Հիշում եմ, որ մեկ տարի առաջ նաեւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էր ուզեցել հանդիպել, թե ինչ հարց էր քննարկել, այդպես էլ պարզ չդարձավ, բայց ես իմացա, որ մեր գործընկեր Արման Բաբաջանյանը 2 ժամ հանդիպում է ունեցել ու քննարկել տարբեր հարցեր: Հանդիպումը, կարծում եմ, կարեւոր էր այն առումով, որ 20 տարի հետո մեր երկրի քաղաքական ընթացքը կրակահերթերի միջոցով շրջած անձնավորությունն ունի հնարավորություն դիմել վաղաժամ ազատ արձակվելու, պետությունն ունի ընթացակարգ, թե այդ ցանկությունն իրավական ճանապարհով ինչպես պետք է իրացվի»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հասարակությունը պատրաստ չի Նաիրի Հունանյանին տեսնել ազատության մեջ, ինչպես եւ ինքը պատրաստ չէ, քանի դեռ Նաիրի Հունանյանը չի համագործակցել նախաքննական մարմնի հետ, որը կասեցված կարգավիճակ ունի, կազմակերպիչների մասով գործը կարճված է եղել գլխավոր դատախազության կոլեգիայի միջոցով, որն այդ իրավասությունը չի ունեցել. «Այդ կոլեգիայի որոշումը իրականացվել է դատախազության այն ժամանակվա ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանը՝ կարճելով այդ գործը և, ըստ էության, վերադարձնելով Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետին, որ կազմակերպիչներ փնտրել այլեւս պետք չի: Դա իրականացվել է այն ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամանակահատվածում»:

Անդրանիկ Քոչարյանը խոսեց այն մասին, թե ինչպես են Հոկտեմբերի 27-ի գործով վկաները առեղծվածային պայմաններում մահացել. «Շատ քիչ մարդ է մնացել, որ կարող են 27-ի լուսաբանման խնդիր լուծել: Ես տեսնում եմ երեկվանից, թե ինչպիսի անհանգստություններ կան տարբեր լրատվական կառույցների կողմից, թե Նաիրի Հունանյանը որ խոսի, սա ո՞ւմ է ձեռնտու: Սա ձեռնտու է Հայաստանի պետականությանը: Եթե խոսի: Բայց Նաիրի Հունանյանի խոսացածը դա դեռ վերջին ճշմարտությունը չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031