«Պարգեւավճարների հարցը ժամանակին շատ է քննարկվել, հիշում եք ինչ արձագանք է եղել: Հիմնական հարցերին վարչապետը պատասխանել է: Շատ լավ է, որ կառավարությունը լուծեց այդ հարցը՝ լիմիտը հնարավոր պարգեւատրումների, այսինքն, այն թվերը, որ նախկինում եղել են, այսօր չեն լինի»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ խոսելով նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելու վարչապետի հանձնարարականի մասին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքով՝ «Աշխատավարձ+պարգեւավճարը, որոնք պետք է ստանան նախարարները, փոխնախարարները, ես ուրախ եմ, որ նույնիսկ գաղտնի որոշումները միանգամից հայտնի են դառնում հասարակությանը՝ մամուլի միջոցով: Անմիջապես հայտնի դարձավ բոլորին»:
Խոսելով Արսեն Բաբայանի, Արա Բաբլոյանի հարցաքննության, կալանավորման մասին՝ Իգիթյանն ասաց. «Մենք գիտենք, թե ինչ է նշանակում քաղաքական դրդապատճառներով հալածանք: Կանչում են մարդուն ու հարցեր են տալիս՝ դիմումը ե՞րբ է եկել, գրանցե՞լ եք, թե՞ չէ: Խոսքը Արա Բաբլոյանի մասին է: Ոչ թե մտնում են տուն, առանց սանկցիայի դուռը ջարդում, որպես վկա, ձեռքերը ոլորելով մեքենա նստեցնում…ուղղակի հարուցվել է գործ եւ այդ գործի շրջանակներում հանգամանքներ կան, որ պետք է պարզվեն: Դրա համար կանչում են, հարցեր են տրվում ու այդ հարցերի պատասխանն են սպասում: Եթե դա համարվում է քաղաքական հալածանք, ապա քաղաքակիրթ ամբողջ աշխարհում ուրեմն բոլորին հալածում են, որովհետեւ ամեն տեղ էլ հարցեր են տալիս ու սպասում պատասխանի»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին՝ նա ասաց. «Հրայր Թովմասյանն ինքը ուզում է, որ հարցը դառնա քաղաքական, նա անում է քաղաքական հայտարարություններ ու ուզում է հարցը քաղաքականացնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ