Դավիթ Համբարձումյանի անվան օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում այսօր մեկնարկել է լողի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Հրազդանի եւ Իջեւանի 125 լողորդներ:
Լողի հայկական Դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս առաջնության արդյունքներով հնարավոր կլինի ընտրել լավագույններին, համալրել ազգային հավաքականների կազմերը, որոնք մեր երկիրը կներկայացնեն միջազգային լողուղյակներում:
Մասնավորապես, մեծահասակները հոկտեմբերի վերջին օրերին կմեկնեն Կազան՝ աշխարհի գավաթի խաղարկություն, դեկտեմբերին կանցկացվի Հայաստանի գավաթի առաջնությունը, լավագույն մի քանի լողորդներ մասնակցելու են Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Վլադիմիր Սալնիկովի միջազգային մրցումներին:
Դաշնության նախագահի նշած մրցումները վարկանիշային են:
Մարզիչները լուրջ հույսեր են կապում Հայաստանի ներկայիս առաջատար լողորդ Արթուր Բարսեղյանի հետ, որն ունի Տոկիոյի օլիմպիական խաղերի «B» կարգի ուղեգիր:
Լողի հայկական դաշնությունը ամեն բան անելու է, որպեսզի մարզիկը «B» կարգի ուղեգիրը փոխարինի «A» կարգի ուղեգրով, ինչի նախադրյալներն ունի:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ