Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք չգիտե՞ք, որ ուժային կառույցների ղեկավարները քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունեն». Անդրանիկ Քոչարյանը՝ Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկության մասին

Հոկտեմբեր 25,2019 13:50

Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից, իսկ վարչապետի խոսնակն ասել է, որ պատճառը եղել է այն, որ նա քաղաքական հայտարարություններ է արել:

Այսօր այս առնչությամբ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցին՝ դա նորմա՞լ է, որ մարդուն իր տեսակետների համար գործից հանում են՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Դուք չգիտե՞ք, որ ուժային կառույցների ղեկավարները  քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունեն եւ քաղաքականության մեջ իրենք անելիք չունեն: Պետք է պաշտոնավարեն օրենքով սահմանված շրջանակներում: Եթե այդպես են գնահատել իր հայտարարությունը, որոշումը կայացվել է այդ կոնտեքստում, ես չեմ քննարկում՝ ճիշտ է, թե սխալ: Ամեն դեպքում, որոշումը կայացված է»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Հովհաննես Քոչարյանն իրենց հանձնաժողովի հետ շատ արդյունավետ է աշխատել ու ինքն ափսոսում է նրա պաշտոնանկության համար. «Ոստիկանությունում ամենաարժեքավոր ոստիկանները նման ինտելեկտը կրող մարդիկ են: Ափսոսում եմ, դա կադրային կորուստ է ոստիկանության համար: Բայց նման բարձր դիրք զբաղեցնող ոստիկանը նաեւ պետք է իմանա, որ լրագրողներից պետք է մի քիչ… լրագրողները ցանկացած հարց կարող են տալ ու իրենք պետք է պատրաստ լինեն, որ չընկնեն քաղաքական որեւէ շահարկման մեջ»:

Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Պետք է դիտարկել՝ տեսակետն արտահայտողն ո՞վ է: Մեր օրենսդրությամբ, ոստիկանության, ԶՈւ ծառայողները քաղաքականությամբ չեն կարող զբաղվել կամ նման արտահայտություններ անել: Հովհաննես Քոչարյանն ասում է, որ ոստիկանությունը դեմ է եղել նախագծին, ճիշտ է ասում, կառավարությունում բացասական եզրակացություն է ստացել, բոլորս գիտենք: Երկրորդ հատվածում, ես հարցազրույցը նայել եմ, նա ասում է, որ սա արվում է երեւի թե քաղաքական… Որեւէ փոխոստիկանապետի, անգամ ոստիկանապետի գործը չէ քաղաքական հայտարարություններ անելը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031