«Կար իրենց թիմակիցներին պետական կառավարման համակարգում տեղավորելու անհրաժեշտությունը, իսկ եղած աշխատավարձերը չէին բավարարում: Պետք էր գոնե քաղաքական թիմի աշխատավարձերը բարձրացնել, ու կիրառվեց պարգևատրումների արատավոր երևույթը, որը գնալով ավելի բացասական դրսևորումներ է ստանում:
Արդեն այսօր հանրությանը պարզ դարձավ, որ բարձրաստիճան թիմակիցները իրենց ղեկավարի գլխավորությամբ քննարկել ու որոշել են, որ իրենք արժանի են իրենց ամսվա աշխատավարձի չափով պարգևատրում ստանալ:
Եվ այս ամենն իրականացվել է գաղտնի:
Պետք է նախ փաստել, որ խախտվել են պետական կառավարման համակարգի վարձատրության հիմնական սկզբունքները, որոնք ամրագրված են օրենքով: Այսօր գործում է օրենքի տրամաբանությունից ու կարգավորումներից դուրս պարգևատրումների համակարգ:
Կարդացեք նաև
Համոզված եմ՝ այդ պրակտիկան իրենց օգտին հետագայում ավելի «կզարգացնեն» ու կլուծեն իրենց սոցիալական խնդիրները, ինչի հետևանքով հնարավոր չի լինի աշխատավարձերի համընդհանուր բարձրացում»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ նշելով, որ պարգևատրման համակարգը չի բխում սոցիալական արդարության սկզբունքից:
«Պարգևատրումը որակյալ աշխատանքի համար պետք է լինի:
Եթե պարգևատրումը լինում է պարբերաբար, առանց գնահատման և ի սկզբանե որոշված, ապա այն կորցնում է իր հիմնական՝ աշխատանքի խթանման ֆունկցիան: Երկրորդ՝ առաջացնում է նաև խտրականություն հենց նույն պետական կառավարման համակարգի ներսում, ինչն ուղղակի անարդյունավետության տանող շատ կարճ ու էֆեկտիվ ճանապարհ է:
Այս ամենի հետևանքները մենք դեռ տեսնելու ենք. պետական համակարգի ներսում չի կարող դժգոհություն չլինել:
Ես չեմ հավատում այն հայտարարությանը, թե այս լուծումները ժամանակավոր են, որովհետև 2020թ. բյուջեի նախագծով ևս պետական ծառայողների վարձատրության հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող բազային աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ: Մինչդեռ պետական ծառայողներն են տանում պետական կառավարման բեռը, առավել ևս հիմա, երբ բարձրաստիճան պաշտոնյաները շատ դեպքերում ուղղակի կապ չունեն իրենց ոլորտների հետ, և իրենց փոփոխություններն ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ են բերում:
Պարգևատրման այդ մոդելն ու այս պրակտիկան չի բխում նաև մեր երկրի սոցիալ-տնտեսական միտումներից, որովհետև, մեծ հաշվով, լայն հանրության համար եկամուտները չեն աճում, սոցիալական խնդիրները շարունակում են խորանալ»,ընդգծեց Թ. Ավետիսյանը:
Նա մի քանի հարցադրումներ արեց՝ շեշտելով, որ դրանք օր օրի առարկայական են դառնալու, իսկ հարց տվողները շատանալու են. «Կրկնակի աշխատավարձ ստանալուց հետո կոնկրետ նախարարների, փոխնախարարների աշխատանքի արդյունավետությունը գոնե 1 տոկոսով ավելացե՞լ է:
Դուք եկաք իշխանության այն խոստումներով, թե նվիրյալներ եք, երկիրը պետք է դուրս բերեք ճգնաժամային վիճակից, տանեք արագընթաց հեղափոխական զարգացման: Բայց պարզվում է, որ առաջնային եք դարձրել ոչ թե բնակչության, այլ ձեր անձնական եկամուտների կայուն աճը»:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում