Մամուլի ուշադրության կենտրոնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն է։ Նախ` տեղեկություն շրջանառվեց, որ նա իր ծանոթներին աշխատանքի է տեղավորել ԱԻՆ-ում, ապա քննարկվեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանի ազատումը, շատերն այս պաշտոնանկությունը կապեցին Ֆելիքս Ցոլակյանի հետ վատ հարաբերություններով։
-Մամուլը գրեց, որ դուք ԱԻՆ-ում տեղավորել եք ձեր ծանոթ-բարեկամներին։
-Ծանոթ այո, բարեկամ՝ ոչ։ Ես դրա համար եմ ասել՝ գան, ստուգեն, որ տեսնեն ես այստեղ որեւէ բարեկամական-հարազատական կապեր չունեմ։ Իսկ ծանոթը՝ պարտադիր է, որ լինի։ Եթե ես գալիս եմ մի տեղ, որտեղ ես ոչինչ չգիտեմ, ինձ պետք են ծանոթ եւ վստահելի մարդիկ, եւ ես նրանց ընդունել եմ աշխատանքի։ Այո, ես դրանից չեմ հրաժարվում, գտնում եմ, որ ճիշտ եմ արել։ Ես չգիտեմ մեկ ուրիշ տեղ, որտեղ այդպես չի արվում։
Սուտ-սուտ գրել են, թե փոխնախարարը իմ քրոջ որդին է, ես այստեղ աշխատող քրոջ որդի չունեմ, ոչ էլ՝ այստեղ աշխատող եղբոր որդի։ Ինչ է չե՞ն դիմում, դիմում են, քրոջ որդի էլ է դիմում, եղբոր որդի էլ է դիմում, ազգական էլ է դիմում, հորեղբոր որդի էլ է դիմում։ Բայց ես ոչ մեկին չեմ ընդունել, ասել եմ՝ ոչ, քանի ես այստեղ եմ՝ բարեկամներ չեն աշխատելու։
Կարդացեք նաև
-Որքանո՞վ է ձեր ծանոթը լինելու հանգամանքը ազդում այդ աշխատողների աշխատանքին։
-Ես այստեղ եկել եմ աշխատելու՝ 3-4 ամիս զբաղվել ենք վառելիքի, հագուստի հարցերով։ Բերել ենք թիկունքի վարչության նոր պետ, որի մասին շատ են ակնարկում՝ ասում են պաշտոն եմ բարձրացրել։ Թիկունքի վարչության պետը կարողացել է կարճ ժամանակում կարգավորել վառելիքի, հագուստի եւ բոլոր պարագաների հարցերը, որը երբեւիցե չի եղել։ Պատմության մեջ փրկարար ծառայության ստորաբաժանումը օճառ չի ստացել, ավել չի ստացել, ոչինչ չի ստացել։ Մեր պահեստներն այսօր լիքն են, ամեն ինչ ունենք ու այդ բոլորը արվել են թիկունքի վարչության պետի անմիջական մասնակցությամբ եւ ջանքերով։ Ու թիկունքի վարչության պետի կոչումը ես բարձրացրել եմ, լավ եմ արել։ Կադրերի հարցը ինձ համար մութ անտառ էր, ես չգիտեի ովքեր են ընդունվում։ Կադրերի վարչության պետի փոփոխություն է եղել, նշանակել եմ իմ վստահելի մարդուն, որպեսզի ես տիրապետեմ իրավիճակին։ Վա՞տ բան եմ արել ոչ, ես գտնում եմ, որ լավ բան եմ արել, ճիշտ բան եմ արել։
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում