Հոկտեմբերի 22-ին Երեւան քաղաքի Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակչուհի, 64-ամյա Ց. Բ.-ի առանձնակի դաժանությամբ սպանությունը պարտքի պատճառով է եղել: Aravot.am-ի տեղեկություններով՝ կինը սպանությունը կատարելու մեջ մեղադրվող տղամարդուն պարտքով գումար է տվել, վերջինս չի վերադարձրել ու սպանությունից առաջ պարտքի չվերադարձնելու հարցով վիճել են, ինչից հետո տեղի է ունեցել սպանությունը: Նրանք նույն շենքում են բնակվելիս եղել: Սպանությունը կատարելու մեջ մեղադրվողը 46-ամյա Գարիկ Մաշադյանն է, որը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի (լուսանկարում) եղբայրն է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 01:10-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանում սպանություն է տեղի ունեցել:
Ոստիկաններն ու քննիչները բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել էին տանտիրուհու՝ 64-ամյա Ց. Բ.-ի դին: Դատաբժիշկը, զննելով դին, իրավապահներին տեղեկացրել էր, որ նրա մարմնի վրա կա սուր կտրող-ծակող գործիքով պարանոցի շրջանում կտրած-պատռած վերք, կրծքավանդակի եւ որովայնի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վերքեր: Աղբյուրը հայտնել էր նաեւ, որ տան որոշ սենյակներ ամբողջովին տակնուվրա էին արված:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ