Հայաստանում սպառողական զամբյուղը թանկանում է, պաշտոնյաների աշխատավարձերը՝ բարձրանում։
Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2019 թվականի 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է 63 հազար 634 դրամ՝ ամսական կտրվածքով։ Իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 35 հազար 951 դրամ՝ ամսական կտրվածքով։ Մինչդեռ նախորդ տարվա 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 62 հազար 329 դրամ, իսկ պարենայինինը՝ 35 հազար 214 դրամ։ Այսինքն՝ սպառողական զամբյուղը ամսական կտրվածքով թանկացել է։ Նշենք, որ պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքները հաշվարկել եւ հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի եւ էներգետիկայի։
Պարենային զամբյուղը սննդի նվազագույն քանակն է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին՝ օրական 2412.1 կկալ։ Եվ այս տարվա երկրորդ եռամսյակին Հայաստանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 1 շնչի հաշվով կազմել է 2412.1 կկալ։
Ի դեպ, այս ցուցանիշը տարիների ընթացքում թեեւ չնչին, բայց ավելացել է. եթե 2012 թվականին 1 շնչի կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 2169 կկալ է կազմել, ապա 2013 թվականին այն 2090 է եղել, 2014-ին՝ 2043 կկալ, 2015-ին՝ 2058, իսկ 2016-ին՝ 2090 կկալ։ Բայց, ըստ Վիճակագրական կոմիտեի, ե՚ւ 2018-ին, ե՛ւ այս տարի մեկ շնչի հաշվով օրական էներգետիկան անփոփոխ է մնացել։ Ըստ որոշ հետազոտությունների՝ օրական 2100 կկալից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը կազմել է ավելի քան 50 տոկոս։ Մասնագետները համոզված են, որ Հայաստանում յուրաքանչյուր 3 հոգուց 2-ը թերսնված են։ Ի դեպ, որոշ հետազոտությունների համաձայն՝ թերսնումը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ գիրության, ինչն էլ իր հերթին տարբեր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ։ Թերսնում է համարվում նաեւ, երբ մարդիկ հիմնականում սնվում են հացով եւ կարտոֆիլով։
Կարդացեք նաև
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում