Հայաստանը վեց կետով նահանջել է «Դուինգ Բիզնես» միջազգային վարկանիշային ցանկում, որը վերաբերում է երկրում գործարարությամբ զբաղվելու հնարավորություններին և ազատությանը: Ըստ կառավարության անդամների, խնդիրն այստեղ այն է, որ ցածր է գնահատվում Հայաստանում ներդրումային հեռանկարների առումով բորսայական խողովակի առկայությունը: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մասնավորապես միջազգային ֆինանսական կառույցների հետ իր ամերիկյան հանդիպումների արդյունքով: Համաշխարհային բանկի փորձագետների կազմած զեկույցը, իհարկե, կարևոր նշանակություն ունի երկրի ներդրումային վարկի տեսանկյունից: Մյուս կողմից, սակայն, նախորդ տարիներին այդ զեկույցում Հայաստանի առաջադիմությունը, մեծ հաշվով, որևէ էական ազդեցություն չէր ունենում Հայաստան ներդրումների հոսքի վրա, և տնտեսական ցուցանիշները գործնականում ապահովվում էին տեղական օլիգարխիայի հաշվին, իսկ նախկին իշխանության վերջին մեկ-երկու տարիներին՝ նաև ռուսաստանահայ մեծահարուստների, որոնք հովանավորում էին Կարեն Կարապետյանի կառավարությանը:
Ի դեպ, այդ իմաստով հետաքրքիր է, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նրանցից մեկի, թերևս, Կարեն Կարապետյանի կառավարության գլխավոր հովանավոր Սամվել Կարապետյանին պատկանող էլցանցերի «Հաղթանակ» ենթակայանի՝ վերանորոգումից հետո բացմանը, որն ի դեպ իրականացվել է Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրով: Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն անշուշտ նաև որոշակի փոխհարաբերության դրսևորում է: Սամվել Կարապետյանն էլ հաստատել է, որ նոր կառավարության հետ աշխատանքային գործակցություն է, կան ներդրումային նոր ծրագրեր, որոնց մասին հանրությունը կտեղեկանա հերթով: Ինչպիսին է աշխատանքային հարաբերության աստիճանը նոր կառավարության և ամենահարուստ հայ համարվող Սամվել Կարապետյանի միջև, և ինչ արդյունք կստանա տնտեսությունը, ցույց կտա ժամանակը, գուցե և հերթով, սակայն այստեղ հատվում են գործնականում մինչ այժմ եղած տնտեսական տրամաբանությունն ու նոր տրամաբանության անհրաժեշտությունը:
Ի վերջո, Հայաստանում ոչ միայն զուտ շուկայի հատկանիշներով, աշխարհագրական դիրքով և փոքրությամբ պայմանավորված հանգամանքների բերումով, այլ նաև տնտեսության, այսպես ասած, օլիգարխիկ բնույթն է պատճառը, որ մինչ այժմ ձևավորված չեն բորսայական կայուն և աշխատող մեխանիզմներ, որոնք փաստորեն թույլ չեն տալիս առաջադիմել միջազգային ներդրումային վարկի իմաստով: Բանն այն է, որ տնտեսա-քաղաքական տրամաբանությամբ քվոտավորված տնտեսությունը չի ունեցել բորսայական մեխանիզմների անհրաժեշտություն: Մյուս կողմից, տնտեսությունն ունի թեկուզ այդ կապիտալի անհրաժեշտությունը, քանի դեռ չկան «փոխարինող հզորություններ»: Այստեղ ստեղծվում է որոշակի դիլեմա, այդ թվում այն առումով, թե արդյոք Հայաստանի նոր կառավարությունը կկարողանա՞ Հայաստանի տնտեսական ստատուս-քվոն կազմող հայաստանցի և ռուսաստանահայ խոշոր սեփականատերերի հետ աշխատել ոչ միայն ներդրումներ ներգրավելու զուտ ֆիզիկական ծավալների շուրջ, այլ նաև այսպես ասած՝ մշակութային մեխանիզմների, արդիական տնտեսական մեխանիզմների անցման շուրջ, ինչը թույլ կտա բարելավել Հայաստանի դիրքը միջազգային տնտեսական ստատուս-քվոյում:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: