Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարազդատ Կարապետյան. «Ես այն կարծիքին եմ, որ իմ երկրի վարչապետը պիտի ապահով լինի». «Հրապարակ»

Հոկտեմբեր 25,2019 10:57

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, ով ամիսներ առաջ բարոյական չէր համարում, որ մարզպետները կարող են իրենք իրենց պարգեւավճար տալ, այսօր՝ նախարարների աշխատավարձերը պարգեւավճարների հաշվին կրկնապատկելու փաստը ողջունում է. «Ես այն ժամանակ ասել եմ, որ բարոյական հարթության վրա, իհարկե, չենք կարող թույլ տալ, որ մարդն իրեն պարգեւատրելու հնարավորություն ունենա, իսկ նախարարների պարագայում վարչապետի, ըստ էության՝ կառավարության որոշումով է»։ Ավելին, պատգամավորը դրական է գնահատում աշխատավարձերի բարձրացումը։

-Առհասարակ, վերջին շրջանում հաճախ են քննարկվում, քննադատվում իշխանության թույլ տված մեծ ծախսերը։ Մի քիչ անսպասելի էր, որ հեղափոխական իշխանությունը պետք է գնա նախորդների ճանապարհով, մինչդեռ պարբերաբար հայտարարվում է, որ ավերակներ ու թալանված պետություն եք ժառանգել։ ԱՄՆ այցից հետո վարչապետին քննադատեցին, որ 400 հազար դոլարից ավելի գումար ծախսվեց ԱՄՆ ուղեւորության եւ միտինգ անելու վրա, նախկինների ցոփությունը քննադատող Փաշինյանն ինքն է այսօր 2 միլիոն դոլար ծախսում կառավարական ամառանոցը վերանորոգելու համար եւ այլն։ Հիմնավորված եք համարում այս քննադատությունները։

-Բայց արդյոք վարչապետն այնտեղ մենակ միտի՞նգ է արել, թե՞ այլ հանդիպումներ էլ է ունեցել։ Տեղի է ունեցել պաշտոնական այց, եւ ես կարծում եմ, որ Ձեր ասած միտինգը եղել է այդ պաշտոնական այցի առանցքային միջոցառումը։ Որովհետեւ այդ 2 հազար մարդը, որ ամեն

անգամ հավաքվում է ամեն տեղում, մարդիկ են, որ պիտի ստանան այդ հաղորդագրությունը, որ եկեք ձեր երկիր, որովհետեւ սա ձեր երկիրն է։ Ի վերջո, սա կարեւոր եւ առանցքային գործ է, եթե անգամ այդ գործն արժենում է 500 հազար դոլար։ Ես զգում եմ, որ տարբեր ծախսեր կան, որ հնարավոր է՝ ավելորդ են։

-Երկիր վերադառնալու համար պետք է այստեղ վերադառնալու պայմաններ ստեղծել։ Բացի այդ՝ հենց դուք էիք խոսում օպտիմալացնելու, խնայողության ռեժիմին անցնելու մասին։

– Այո, մենք ասել ենք, որ պետք է օպտիմալացնենք եւ պետք է հետեւողական լինենք, ու եթե ասում ենք, որ ծառայողական մեքենաների թիվը պետք է կրճատենք, ուրեմն պետք է կրճատենք։ Գուցե պրոցեսը մի քիչ դանդաղել է, բայց անպայման պետք է շարունակել։ Բայց խնդրում եմ՝ պետք չէ կենտրոնանալ հենց վարչապետի կատարած ծախսերի վրա, որովհետեւ պետք չէ անձով պայմանավորել, ինքը մեր երկրի վարչապետն է եւ ինքը պետք է անվտանգ լինի, դա շատ կարեւոր է, ու այդ ծախսերն էլ դրա համար են։

-Դե, նախկիններն էլ էին երկրի վարչապետ, նախագահ, նախարար, բայց նրանց ծախսերն ընդդիմությունը, դուք, որ այսօրվա իշխանություն եք, քննադատում էիք։

-Ես չէի քննադատում, իհարկե, բայց հնարավոր է՝ քննադատեին։ Ես այն կարծիքին եմ, որ իմ երկրի վարչապետը պիտի ապահով լինի եւ ընդհանուր ընթացակարգային պրոցեսների մեջ չտարբերվի այլ երկրների վարչապետերից։ Հիմա ասում են՝ ամառանոցը վերանորոգեց, բայց տեսա՞ք քանի հյուր տարավ այդ ամառանոց, սիրուն չէր լինի, չէ, որ այդ առանձնատան պատերը ճաքած լինեին։ Եկեք մոռանանք՝ ով է վարչապետը, պետք է ներկայանալի լինի մեր պետությունը։ Ի վերջո, այդ առանձնատունը Նիկոլ Փաշինյանը հետը չի տանելու, էդ մեր երկրի վարչապետինն է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031