Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Ես՝ Վահան Սարգսի Առաքելյանս, ՀՀ քաղաքացի եմ։ Հանդիսանում եմ ՀՀ Ազգային հերոս, 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի շենքում գնդակահարված Կարեն Սերոբի Դեմիրճյանի ընտանիքի մտերիմներից մեկը (ես եւ Կարեն Դեմիրճյանը հարազատ, քույրերի ամուսիններ ենք)։
«Հոկտեմբերի 27-ից» ամիսներ անց իմ գլխավորած ընկերության` «Երեւանի ճանշին» ԲԲԸ-ի, նկատմամբ սկսվեց հետապնդումը՝ ՀՀ այն ժամանակվա իշխանության կողմից։ Ընդ որում, այդ «սեւ» գործին ներգրավվեց իշխանական գրեթե ողջ մեքենան, ներառյալ դրա ուժային եւ պատժիչ կառույցները՝ դատախազությունը, ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, ինչպես նաեւ հարկային ծառայությունը եւ դատական համակարգը։ Արդյունքում, նախ 2003 թ.-ին իմ գլխավորած ընկերությունը, դատական կարգով, բազմաթիվ իրավախախտումներով հարկադրաբար սնանկ ճանաչվեց։ 2004 թ. մարտ ամսին քրեական շինծու գործ հարուցվեց եւ ես դատապարտվեցի 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկման։ 2010թ.-ի մայիսի 17-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ իմ դատվածությունը հանվեց: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 19.07.2006թ.-ի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատվել եմ: Անհասկանալի է, ինչ կարող է անել նախկին իշխանությունների դեմ մի մարդ, որին զրկեցին ողջ ունեցվածքից, աշխատանքից եւ անգամ նոր աշխատանք գտնելու հնարավորությունից։ Ներկայումս շուրջ մեկ տարի է՝ մեր հանրապետությունում կտրուկ իրավիճակ է փոխվել, մասնավորապես, ըստ իս, նախկին կոռուպցիոն համակարգը վերացել է, գլխավորապես նկատի ունեմ ողջ իրավական դաշտը, մասնավորապես` քննչական, դատախազական եւ դատական համակարգերը: Իմ նկատմամբ վերոնշյալ նախկին կառույցները, մեկը մյուսով պայմանավորված, արել են ամեն ինչ, որպեսզի ակնհայտ կատարված հանցագործությունը պարտակվի եւ դրան տրվեց, այսպես կոչված՝ քաղաքացիաիրավական բնույթի խնդրի շղարշ: Բնականաբար, հանրապետությունում իրավիճակի փոփոխման կապակցությամբ ես հանգիստ նստել չէի կարող: Ապրելով եւ ոգեշնչվելով տեղի ունեցած հեղափոխության ոգով, 30.05.2019թ. ՀՀ գլխ. դատախազ Արթուր Դավթյանին ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին։
ՀՀ գլխավոր դատախազությունը 05.06.2019-ին դիմում է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ պարոն Այվազյանին՝ հանցագործության հատկանիշների առերեւույթ առկայությունը ստուգելու նպատակով։
Այվազյանը 11.06.19 թ.-ին գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին նույնաբովանդակ դիմումներն ուղարկում է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնականի բաժին՝ տարածքային կարգով ընթացքը լուծելու համար։ 24.06.19թ.-ին կենտրոնական բաժնի հետաքննիչի մոտ տվել եմ ծավալուն բացատրություն: Սակայն հետաքննիչը մերժում է քրեական գործի հարուցումը եւ ինձ տեղյակ չի պահում։ Ես 01.08.2019թ.-ին դիմում եմ Երեւան քաղաքի ոստիկանության կենտրոնական բաժնի քարտուղարություն՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման իմ օրինակը ստանալու համար։ Մերժման որոշումը առձեռն ստացել եմ 13.08.19 թ.-ին:
Կարդացեք նաև
01.08.2019թ.-ին ՀՀ ԱԱԾ-ն տնօրեն Ա. Վանեցյանին ներկայացրել եմ հաղորդագրություն հանցագործության մասին: Սակայն 03.09.19 թ. ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակադրման դեպարտամենտը իմ կողմից ՀՀ ԱԱԾ ներկայացված հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է ՀՀ դատախազություն՝ հետագա ընթացքը լուծելու համար: 01.10.2019-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի կենտրոնական բաժնի հետաքննիչ Ա. Տիգրանյանի մոտ հաղորդում եմ ներկայացրել՝ Ե. Զախարյանի, Կ. Գեւորգյանի եւ Ս. Բադալյանի կողմից կատարված հանցագործությունների մասին: Հարուցվել է քրեական գործ: 18.10.19թ. Երեւանի Կենտրոն քննչական բաժնում, քննիչ Գ. Հայրապետյանի մոտ տվել եմ ցուցմունք: Այժմ ես ակնկալիք ունեմ, ելնելով ներկա իրողությունից, որ ներկայիս իրավապահ մարմինները հնարավոր ջանք կգործադրեն այս խայտառակ թնջուկը բացահայտելու եւ մեղավորներին պատժելու համար:
Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.10.2019