Գաղտնիք չէ, որ ցանկացած հիմնարկի, ձեռնարկի ճակատագիրն ու հաջողությունը կամ անհաջողությունը կապված է նրա կադրային խնդրի հետ: Եթե այս կամ այն պատասխանատու պաշտոնի նշանակման կամ ընտրության ժամանակ ամեն ինչ որոշվել է խնամակալության սկզբունքով, ինչը ընդունված էր մեր երկրում, ապա այդ ձեռնարկության ապագան արդեն կանխորոշված է: Նման ձեւով նշանակված (ընտրված) հիմնարկի առաջին դեմքը աշխատակիցներին գնահատում է ոչ թե ըստ գիտելիքների կամ ունակության, այլ թե ինչքանով կարող են ապահովել իր թիկունքը անհաջողության դեպքում: Արդյունքում՝ տապալվում է ոչ միայն ինքը, այլեւ ողջ կառույցը:
Ես այս մասին սկսեցի խորհել, երբ տեղեկացա, որ ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահությունը Մեխանիկայի ինստիտուտի նոր տնօրենի ընտրության հարցում դժվար կացության առջեւ է կանգնած: Տնօրենների խնդրում ինստիտուտը բավականին լուրջ խնդիրներ է ունեցել, որն էլ խանգարել է նրա առաջընթացին, գիտության զարգացման ժամանակակից մակարդակին համընթաց ընդհանալուն: Ամենահայտնի դեպքը կապված է 80-ականներին մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատող Կարապետ Չոբանյանի եռակցման եւ այլ միացությունների ամրության խնդրում կատարած գիտական խոշոր հայտնագործության հետ, որը հաստատվել է Խորհրդային Միության 102 դիպլոմով: Եթե մինչ հայտնագործությունը հեղինակը հանգիստ, անվրդով կյանք էր վարում, ապա հայտնագործության հրապարակումից հետո սկսկվեցին հալածանքները: Ինստիտուտի ղեկավարության ստեղծած բարոյա-հոգեբանական մթնոլորտին, չարությանն ու նախանձին դիմակայելուն մեծ գիտնականը պատրաստ չէր: Մեխանիկայի ինստիտուտում սկիզբ առավ հակամարտություն Չոբանյանի կողմնակիցների եւ տնօրինության միջեւ:
Ինստիտուտի կոլեկտիվը բաժանվեց երկու մասի: Ինստիտուտում տնօրեններն էին փոփոխվում, բայց երկրորդ եւ երրորդ հարկերի միջեւ հակամարտությունը տարբեր դրսեորություններով շարունակվում էին: Ժամանակավորապես հարաբերական խաղաղություն հաստատվեց Լենսեր Աղալովյանի տնօրինության տարիներին, ինչը հետագայում իներցիայով շարունակվեց:
Այսօր ինստիտուտը նոր խնդիր ունի՝ վերջնականապես ազատվել առայսօր առկա ներքին հակամարտություններից: Այս տեսանկյունից խիստ կարեւոր է ինստիտուտի տնօրենի ընտրության հարցը: Հակամարտող կողմերից որեւէ մեկի ընտրությունը կարող է ավելի սրել եղած պայքարը, ինչը խանգարելու է ինստիտուտի համաքայլ զարգացմանը: Թեկնածուներից մեկը երրորդ հարկի ներկայացուցիչն Արա Ավետիսյանն է, որի ընտրվելու դեպքում ավելի կսրվեն հակասությունները, մանավանդ որ հանրահայտ են նրա ադմինիստրատիվ եւ կառավարման աշխատանքի արդյունքները:
Կարդացեք նաև
Մյուս թեկնածուն՝ Արտյուշա Ղուկասյանը որեւէ մասնակցություն չի ունեցել Մեխանիկայի ինստիտուտի ներքին խռովություններին, ինչը կարող է նպաստել առողջ մթնոլորտի զարգացմանը:
Այս իմաստով ՀՀ ԳԱԱ Նախագահությունը կարո՞ղ է ճիշտ կողմնորոշվել եւ կատարել արդար ընտրություն:
Աննա ՄԵՆՈՒԱ
«Առավոտ» օրաթերթ
24.10.2019