1984թ. մայիս ամիսն էր: Այդ օրը պետք է տեղի ունենար ՀԿԿ Նոյեմբերյանի շրջկոմի պլենումը: Առավոտյան շուտ ինձ շրջկոմից զանգահարեցին եւ հայտնեցին, որ մինչեւ պլենումի սկսվելը ես եւ խորհտնտեսության տնօրեն Հրաչիկ Մեհրաբյանը անպայման լինենք շրջկոմի առաջին քարտուղար Սայադ Պետրոսյանի մոտ: Շրջկոմ հասնելուն պես առաջին քարտուղարը մեզ անմիջապես ընդունեց եւ զրույցի ընթացքում զգուշորեն հասկացնել տվեց, որ վերջին ժամանակներս երկրում տեղի ունեցող ժողովրդավարական վերափոխումների արդյունքում վերջապես կա շանս մեր եւ ադրբեջանական Քյամառլու գյուղերի միջեւ առկա տարածքային վեճը լուծելու համար: Մենք հասկացանք, որ կարող ենք այդպիսի պահանջով դիմում-հեռագրեր ուղարկել ԽՍՀՄ ղեկավար մարմիններին, իսկ այդ տարիներին փոստը առանց շրջանի ղեկավարության գիտության այդպիսի դիմումներ չէր ընդունում:
Հետո, տարիներ անց ես իմացա, որ մեր հանդիպումից մի քանի օր առաջ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, պետագրոպրոմի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին ու Նոյեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղար Սայադ Պետրոսյանին ուշ երեկոյան իր մոտ է հրավիրել ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը եւ հանձնարարել է լրջորեն զբաղվել Ադրբեջանի հետ վիճելի տարածքների խնդիրներով, միաժամանակ զգուշացնելով, որ արյուն թափվելու դեպքում երկուսն էլ հրաժեշտ կտան իրենց պաշտոնին: Ի դեպ, այն ժամանակ ազգամիջյան հարցերի նկատմամբ կառավարությունը եւ կուսակցությունը շատ զգուշորեն էին վերաբերվում եւ որպես կանոն, վախենալով հետեւանքներից, աշխատում էին դրանց որեւէ լուծում չտալ: Նախապատմությունը հետեւյալն է, որ դեռեւս 1920-ական թվականներից շուրջ 1800 հեկտար տարածք պատկանում էր Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղին՝ Հայաստանին, սակայն անօրինական կարգով օգտագործում էին ադրբեջանցիները: Գյուղի տարեցները պատմում էին, որ իրենք 1922թ. մասնակից են եղել Մոսկվայից եկած «Զեմլամերների» հետ սահմանագծման աշխատանքներին, գիտեն սահմանային կետերը եւ որ այդ քարտեզները գտնվում են Թբիլիսիում: Սկսած 50-ական թվականների կեսերից՝ Ստալինի մահից հետո դովեղեցիներն անընդհատ դիմում-բողոքներ են գրել հանրապետական ու միութենական կառավարություններին, անգամ պատվիրակություն են ուղարկել Մոսկվա, որի արդյունքում 1969թ. ընդունվել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշում սահմանների ճշտման մասին, բայց այդպես էլ հարցը տեղից չի շարժվել եւ որոշումը մնացել է թղթի վրա: Պլենումից գյուղ վերադառնալուց հետո հետաձգեցի բոլոր գործերս եւ առանց ժամանակ կորցնելու ձեռնամուխ եղա Մոսկվա ուղարկվելիք հեռագրերի տեքստի պատրաստմանը եւ նույն օրը երեկոյան ուղարկեցինք դրանք ԽՄԿԿ Կենտկոմի, Նախարարների Խորհրդի եւ Գերագույն Խորհրդի նախագահության հասցեներով:
Հետագայում՝ ամբողջ ամռան ընթացքում, հեռագրերը պարբերաբար կրկնում էինք՝ հարցը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու նպատակով: Հետագա խնդիրներից եւ հետապնդումներից խուսափելու նպատակով հեռագրերի տեքստերի տակ հիմնականում ստորագրել էինք տալիս տարեց դովեղեցիներին եւ առաջին հերթին կոմունիստներին, որոնք կորցնելու ոչինչ չունեին: Դովեղեցիների տասնամյակներ շարունակ պայքարի արդյունքում 1984 թվականի սեպտեմբերի 17-ին ԽՍՀՄ նախարարների խորհուրդն ընդունեց պատմական որոշում՝ «Հայ-ադրբեջանական ամբողջ սահմանի երկայնքով սահմանների ճշտում կատարելու մասին»:
1984թ. հոկտեմբերի 23-ի երեկոյան Նոեմբերյան ժամանեց Վլադիմիր Մովսիսյանը եւ կուսշրջկոմում շրջանի ղեկավարության մասնակցությամբ հրավիրեց խորհրդակցություն եւ ասաց, որ դովեղեցիների դիմումների հիման վրա Մոսկվայի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների առաջին տեղակալների՝ իր ու Ռասի Զադեի գլխավորությամբ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 24- ին սահմանային հարցը տեղում ուսումնասիրելու եւ զեկուցելու համար: Խորհրդակցության ժամանակ Նոյեմբերյանի ՆԳ բաժնի պետ Պայքար Ղալումյանը Վլադիմիր Մովսիսյանին առաջարկեց անվտանգության նպատակով ապահովել միլիցիայի ջոկատի ներկայությունը սահմանամերձ գոտում, սակայն նա կտրականապես մերժեց:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, Պ. Ղալումյանը ունենալով օպերատիվ տվյալներ, որ ադրբեջանական սահմանամերձ գյուղերում անհանգիստ վիճակ է տիրում (այդ մասին մի ադրբեջանցի էր բերանից թռցրել հարեւան Բերդավան գյուղի ճաշարանում հարբած վիճակում՝ ասելով, թե վաղը հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ընդհարում է լինելու), միլիցիայի աշխատակիցներից նշանակում է հերթապահություն, նրանց տրամադրելով շտապօգնության մեքենան, որոնք դիրքավորվում են աննկատ վայրում: 1984թ. հոկտեմբերի 24-ին, առավոտյան ժամը 11-ին Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները ժամանեցին վիճելի տարածքներ, որը գտնվում է Դովեղից շուրջ 4 կիլոմետր հեռավորության վրա: Հարցը փակելու համար ադրբեջանցիները դիմում են իրենց հոգեհարազատ մեթոդի՝ շանտաժի: Փայտերով, եղաններով ու բահերով զինված ադրբեջանական խուժանը դուրս է գալիս անտառից եւ հարձակվում հայկական պատվիրակության անդամների վրա, շրջելով մեքենաները` սկսում են ծեծի ենթարկել Վ. Մովսիսյանին, Նոյեմբերյանի շրջկոմի երկրորդ քարտուղար Ռ. Մամյանին, շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Ս. Ամիրխանյանին եւ խորհտնտեսության տնօրեն Հրաչիկ Մեհրաբյանին:
Նախօրոք անտառ էին տեղափոխել նաեւ կանանց ու դպրոցական երեխաների, հարձակման ժամանակ որպես վահան օգտագործելու նպատակով: Ի դեպ, հանդիպման վայրում հայկական գերեզման ու խաչքարեր կան եւ երբ Ռասի Զադեն Քյամառլուի խորհտնտեսության տնօրենին նախատում է, թե ինչու մինչեւ հիմա վերացված չեն այդ կենդանի վկաները, Վլադիմիր Մովսիսյանը իրենց լեզվով պատասխանում է, որ արդեն ուշ է: Ադրբեջանցիները Վ. Մովսիսյանին, Ռ. Մամյանին եւ Ս. Ամիրխանյանին ծեծի ենթարկելուց հետո բարձրացնում են բեռնատար մեքենան, տեղափոխում Քյամառլու եւ տանում ակումբի դահլիճ, որտեղ հավաքված են լինում գյուղի աքսակալներն ու հեղինակավոր մարդիկ: Մեր պատվիրակության անդամներին տալիս են թուղթ ու գրիչ եւ ստիպում են գրել, որ հրաժարվում են այդ հողերից, սակայն նրանք իրենց արժանապատիվ ձեւով են պահում եւ բնականաբար՝ հրաժարվում են ստորագրել: Ժամը 13:00-ի սահմաններում ինձ հայտնեցին, որ Հրաչիկ Մեհրաբյանը թուրքերից ծեծված, մազապուրծ, մի կերպ քարշ գալով հասել է գյուղ, ով շուրջ 10 օր ստացիոնար բուժում ստացավ հիվանդանոցում: Այդ օրը Դովեղի կուսակցական կազմակերպության հաշվետու-ընտրական ժողովն էր եւ ես մնացել էի նախապատրաստվելու համար:
Իմանալով տեղի ունեցածի մասին՝ հաշված րոպեների ընթացքում ամբողջ գյուղը՝ զինված որսորդական հրացաններով, եղաններով, բահերով, հավաքվեց գյուղի կենտրոնում, պատրաստ Քյամառլու գնալու, հայ պատանդներին ազատելու ու ադրբեջանցիներից վրեժ լուծելու համար: Ընդհարումից խուսափելու նպատակով միլիցիան օպերատիվ կարգով փակեց Ադրբեջան տանող ճանապարհները եւ սահմանին տեղադրեց հենակետեր: Ի դեպ, դովեղեցիները խիզախ եւ պատվախնդիր մարդիկ են եւ ամուր կանգնած են իրենց հողի վրա: Ադրբեջանցիները շատ հայկական գյուղեր են վառել ու թալանել, սակայն նրանց ոտքը երբեք Դովեղ չի մտել: Տեղի ունեցածի մասին հեռվից շտապօգնության մեքենայից դեպքերին հետեւող միլիցիայի աշխատակիցները ռացիայով տեղեկացնում են ՆԳ բաժին: Բաժնի պետ Ղալումյանը անձնակազմին զինված թողնում է սահմանի վրա, իսկ ինքը աշխատակիցներից մեկի հետ մտնում է Քյամառլու եւ հետ է բերում մեր պատվիրակության անդամներին:
Վերադարձի ճանապարհին Վլադիմիր Մովսիսյանը գյուղամիջում հանդիպեց մարտականորեն տրամադրված ու զինված գյուղացիներին եւ խնդրեց լինել խոհեմ ու հավասարակշռված եւ չմտածված գործողություններով չփչացնել գործը: Այդ օրը կազմակերպեցինք եւ բազմաթիվ հեռագրեր ուղարկեցինք Մոսկվա՝ տեղեկացնելով կատարվածի մասին եւ պահանջելով հարցի շուտափույթ ու արդար լուծում: Այդ միջադեպը արագացրեց հարցի լուծումը եւ արդեն դեկտեմբերից հանձնաժողովը հայ, ադրբեջանցի եւ Մոսկվայից ժամանած մասնագետների մասնակցությամբ ձեռնամուխ եղավ սահմանների ճշգրտման աշխատանքներին: Արդյունքում՝ Հայաստանին վերադարձվեց ընդհանուր հաշվով 14000 հեկտար բռնազավթված հող, որից միայն Դովեղին՝ 1800 հեկտար:
Այստեղ մենք խորհելու եւ դասեր քաղելու շատ բան ունենք, թե ինչու լինելով խիզախ ու տաղանդավոր ժողովուրդ, երբեմնի մեծ ու հզոր հայրենիք ենք կորցրել, թե ինչու ենք ցեղասպանվել, թե ինչու ադրբեջանցիները մեզանից 14000 հեկտար տարածք պետք է տարիներ շարունակ անօրինական ձեւով օգտագործեին: Եթե դասեր չքաղենք մեր սխալներից եւ խոհեմ չլինենք, մշտապես կանգնած ենք լինելու կորցնելու սպառնալիքի առջեւ: Հողերի հանձնման-ընդունման ակտը ստորագրվեց մեր անտառի սառնորակ աղբյուրներից մեկի մոտ՝ կազմակերպված ճաշկերույթի սեղանին հանդիսավոր կարգով, որին մասնակցում էին երկու կողմի սահմանամերձ գյուղերի խորհտնտեսությունների տնօրեններն ու հանրապետությունների հողաշինարարական ոլորտի ղեկավարներ:
Ադրբեջանցի պատվիրակների սրտից արյուն էր կաթում, բայց ոչ մի կերպ ցույց չէին տալիս: Հաջորդ օրն այցելեցինք այն դովեղեցիների շիրիմներին, ովքեր ակտիվորեն պայքարել էին հողերի վերադարձի համար, սակայն բախտ չէր վիճակվել տեսնել այդ բաղձալի օրը: Սահմանների ճշտման աշխատանքներում ուզում եմ հատուկ ընդգծել այն ժամանակ պետագրոպրոմի հողաշինարարության վարչության պետ Ռուբեն Վարդանյանի եւ «Հայհողշիննախագիծ» ինստիտուտի գլխավոր ճարտարագետ Հենրիխ Վարդանյանի կողմից կատարված ահռելի աշխատանքը: Տասնամյակներ երազած հողերը վերադարձնելուց հետո գյուղում անմիջապես ձեռնամուխ եղանք դրանց յուրացման ու օգտագործման աշխատանքներին: Պետք էր տեսնել, թե ինչ ոգեւորություն է տիրում գյուղում՝ ամբողջ գյուղը կամավոր, առանց վարձատրության ընդգրկվեց այդ աշխատանքներում եւ այդ նպատակով կազմակերպեցինք բազմաթիվ շաբաթօրյակներ, աշխատում էինք նույնիսկ գիշերները՝ մեքենաների լույսի տակ: Մեր բոլոր նախաձեռնություններն արժանանում էին ինչպես շրջանի, այնպես էլ հանրապետական ղեկավարության աջակցությանն ու հովանավորությանը: Ագրոպրոմում թղթապանակ էր պահվում հատուկ Դովեղից ստացված գրությունների համար: Դովեղը վերածվել էր իսկական շինհրապարակի: Մեկ տարուց ավելի աշխատում էին Նոեմբերյանի եւ Գուգարքի մելիորատիվ ջոկատների T-130 մակնիշի տրակտորները, որոնք վերադարձված հողերից յուրացրեցին շուրջ 150 հեկտար վարելահող, մաքրելով քարերից ու մացառներից: Գյուղացիները հերթ էին սահմանել եւ յուրաքանչյուր ընտանիք մեկ օր պատասխանատու էր տրակտորիստների սննդի կազմակերպման համար: Առաջնահերթ ուշադրություն դարձվեց ճանապարհաշինությանը, կառուցվեց 40 կիլոմետր ընդհանուր երկարությամբ դաշտամիջյան խճապատ ճանապարհ, 12 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ինքնահոս 4 ջրագիծ, վերակառուցվեց ոռոգման գրեթե ողջ համակարգը, կառուցվեց անձրեւացման եղանակով 80 հեկտար ոռոգման ցանց, հիմնվեցին շուրջ 40 հեկտար պտղատու այգիներ, կառուցվեց 200 գլխի համար տավարաբուծական տիպային ֆերմա, երկու խոզաբուծական ֆերմա, 3 պահեստ, այգիներում աշխատողների համար հանգստի տնակներ, եռահարկ կենցաղի տուն, 320 աշակերտի համար դպրոց եւ այլն:
Ինչպես ասում են՝ մեր մի ոտքը գյուղում էր, մեկը՝ Երեւանում: Հիշում եմ, որպեսզի դպրոցի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը ժամանակին հասցնեին, նույնիսկ նախագծողների համար հաց ու ջուր էինք տանում, որ ընդմիջմանը դուրս չգային ու աշխատեին: Այս գործում լուրջ ներդրում են ունեցել խորհտնտեսության տնօրեն Շավարշ Մեհրաբյանն ու շրջկոմի քարտուղար Սայադ Պետրոսյանը, իսկ Վլադիմիր Մովսիսյանի դերը պարզապես անուրանալի է: Եթե չլիներ այդ տարիների ներդրումները, ապա Դովեղը այժմ կանգնած կլիներ քայքայման վտանգի առջեւ:
Այդ տարիներին դովեղեցիները ցուցադրեցին միասնության եւ հայրենասիրության իսկական օրինակ եւ բոլորն առանց բացառության լծված էին գյուղի կառուցման գործին: Ցավոք, սակայն, պատերազմը ի չիք դարձրեց դովեղեցիների բոլոր ծրագրերը եւ թալանվեցին ու հրետակոծվեցին սահմանամերձ շատ շինություններ, իսկ հողերի գերակշռող մասը լինելով գնդակոծման գոտում, պարզապես չի մշակվում:
Հոկտեմբերի 24-ը դովեղեցիները ընդունել են որպես գյուղի օր եւ ամեն տարի աշխարհի բոլոր անկյուններից հավաքվում են միասին նշելու իրենց հաղթանակը, հիշելու իրենց երախտավորներին եւ ցուցադրելու իրենց միասնությունը, համախմբվածությունն ու սերը հայրենի գյուղին:
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
1983-89թթ. Դովեղի կուսկազմակերպության քարտուղար,
1990-96թթ. գյուղխորհրդի նախագահ
«Առավոտ» օրաթերթ
24.10.2019