Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ եւ իտալացի ջազմենները սերնդակիցներ են

Հոկտեմբեր 25,2019 13:30

Երեւանի կոնսերվատորիան հյուրընկալել է իտալացի երաժիշտներին

Ջազը արվեստի այն տեսակն է, որը սկզբնավորման օրվանից որակվում է որպես երեւույթ։ Իսկ այդ երեւույթն առաջացել է ԱՄՆ-ի հարավում 1910-ականներին եւ արագորեն տարածվել բոլոր զարգացած երկրներում։

Երաժշտաարվեստի այս տեսակի հիմքում աֆրիկյան ռիթմերն են,  եվրոպական ներդաշնակության  ազդեցությունն ու աֆրոամերիկյան բանահյուսության տարրերի ներգրավումը։ 1920-ականներին տարբեր ազգերի ժողովրդական արվեստն ու ջազը համարժեք հասկացություններ էին դարձել, մինչդեռ ամերիկացի քննադատները, առաջին հերթին,  դա հակադրում էին  ամերիկյան առեւտրային երաժշտական արդյունաբերության հետ։ Ջազի, այսպես կոչված, ժամանակակից նշանակությունն արդեն 1950-ականներին ներգրավվեց իբրեւ երաժշտական առանձին ժանր։ Այսպիսով, տասնամյակների ընթացքում ջազը մոտեցավ բարձր արվեստի ոլորտին՝ պահպանելով իր ինքնությունը, ինչպես հանրաճանաչ, այնպես էլ ակադեմիական երաժշտության հետ։ Ջազի մեզ հասած ժառանգությունը հայտնի է, երբ այն շարունակում է իր առանձնահատուկ տեղն ունենալ ու ազդել համաշխարհային երաժշտության մշակույթի վրա։

«Առավոտը» հանդիպեց Իտալիայի Սիենա-ջազ ակադեմիայի դասախոսներ, ջազ-վոկալիստ Կլաուդիա Պանտալոնեի եւ փողային գործիքների երաժիշտ Աքիլ Սուկկիի հետ։ Նրանց ընդունել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Erasmus+ Եվրոպական միության ծրագրի 2019-21թթ. դասախոսների եւ ուսանողների շարժունակության պայմանագրի վավերացման արդյունքում։ Ինչպես հայտնեց կոնսերվատորիայի միջազգային համագործակցության եւ հասարակայնության կապերի բաժնի վարիչ Արկադի Ավանեսովը, մինչ օրս հիշյալ ծրագրով պայմանագրեր են ստորագրվել եւ արդեն իրականացվել Ֆինլանդիայի Տուրկույի, Պորտուգալիայի Ավեյրուի համալսարանների, Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի հետ։

Կլաուդիա Պանտալոնե

Մեր զրուցակիցը նշեց, որ Երեւանի կոնսերվատորիայից երեք ուսանող արդեն Իտալիայում են՝ մեկ կիսամյակ ժամանակահատվածով՝ Սիենա-ջազ ակադեմիայում։ Նշեց, որ երկու ուսանող ջազ-վոկալիստ են, որից մեկը՝ Նարեկ Հովհաննիսյանը, ապրիլյան պատերազմի մասնակից, մյուսը՝ ջազ-դաշնակահար է։ Դիտարկմանը, թե դասախոսների փոխանակում եղել է, մեր ուսանողները նույնպես ծրագրի շրջանակում մեկնել են վարպետության դասերի, բայց «դրսից» եւ ոչ մի ուսանող Երեւանի կոնսերվատորիայում դասեր չի առել։ Պարոն Ավանեսովը հավաստիացրեց, որ ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից կոնսերվատորիան կհյուրընկալի նաեւ արտասահմանցի ուսանողներին, շեշտեց նաեւ, որ բուհ այցելած արտասահմանցի դասախոսները հիացած են մեր ուսանողների եւ դասախոսների պրոֆեսիոնալ մակարդակով։ Հետաքրքրությանը, թե կոնսերվատորիայում անցկացվող վարպետության դասերին կարող են մասնակցել միայն իրենց ուսանողները, Ավանեսովն ասաց, որ վարպետության դասեր առնելու նպատակով կոնսերվատորիայի դռները բաց են հանրապետության բոլոր մշակութային կրթօջախների սաների համար։

Աքիլ Սուկկի

Իտալիայից ժամանած հյուրերի հետ զրույցում պարզեցինք, որ ջազը, ինչպես մեզ մոտ, այնպես էլ իրենց երկրում համարյա հասակակիցներ են։ Եթե Հայաստանում ջազի ծնունդը հաշվենք 1938թ., այսինքն՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնման օրվանից (հիմնադիր Արտեմի Այվազյան, հետո Կոնստանտին Օրբելյան, վերջին շրջանում էլ՝ Արմեն Հյուսնունց), ապա Կլաուդիա Պանտոլենեն եւ Աքիլ Սուկկին հայտնեցին, որ ջազն իրենց երկիր մուտք է գործել 1940-ականներից։

Ջազ երաժիշտներն ասացին, որ Հայաստան առաջին այցից առաջ ծանոթացել են  մեր մշակույթին, հայ ջազմեններից նշեցին Տիգրան Համասյանի ու Արտո Թունջբոյաջյանի անունները։ Դժվարացան առանձնացնել այսօրվա իրենց հանրահայտ ջազ երաժիշտների անունները, դա արդարացնելով, թե նրանք շատ են։
Զրույցի ընթացքում պարզեցինք, որ ինչպես հայերս, այնպես էլ իտալացիները իրենց ջազ արվեստում օգտվում են կամ ավելի շատ դիմում ֆոլկ արվեստին։ Դեռ մեկ օր է, ինչ Երեւանում են, բայց հյուրերը  հիացմունքով արտահայտվեցին ոչ միայն իրենց ծանոթ դուդուկի, այլեւ քամանչայի, քանոնի, մի խոսքով՝ մեր մյուս ժողովրդական նվագարանների մասին։ Նրանք հուսով են, որ բացի կոնսերվատորիայում տարվող իրենց մեկ շաբաթյա աշխատանքներից, հնարավորություն կունենան ծանոթանալ նաեւ հայ ջազմեններին, ինչու չէ, իրականացնել նաեւ երկու երկրների երաժիշտների փոխադարձ համերգներ, իհարկե, ոչ Erasmus+-ի, այլ ինչպես ընդունված է անձնական նախաձեռնությունների շրջանակներում։

Գլխավոր լուսանկարում՝ Կլաուդիա Պանտոլենեն «երեւանյան» դասաժամին

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031