Tonica Project-ը, որը կազմավորվել է 2015 թ. երիտասարդ երաժիշտներ Գոռ Կարապետյանի եւ Գարեգին Քեւնակսզյանի նախաձեռնությամբ, սկսել է #Komitas150Challenge-ը, ինչի մասին փոքրիկ հոլովակ է տեղադրել իր էջում: «Առավոտի» հետ զրույցում Գարեգին Քեւնակսզյանը նշեց, որ #Komitas150Challenge – ի գաղափարը հղացել է պատահական, բայց միեւնույն ժամանակ շատ տեղին, քանի որ այս տարի նշվում է Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը։
«Ճիշտ է, կարող էինք կազմակերպել մի քանի համերգներ, բայց դրանք կլինեին տեղային նախագծեր, որոնց կկարողանային միանալ ընդամենը մի քանի երաժիշտ, իսկ այս պարագայում կարող են միանալ բոլորը՝ աշխարհի ցանկացած կետից»,-ասաց երաժիշտը։
Նրա ձեւակերպմամբ, նախագծի նպատակն է տարածել Կոմիտասի երաժշտությունը ամբողջ աշխարհում, եւս մեկ անգամ աշխարհին ներկայանալ դարերի պատմություն ունեցող հայկական երաժշտությամբ։ Գարեգինից հետաքրքրվեցինք ստացած արձագանքներով: «Քանի որ նախագիծն անսպասելի էր բոլորի համար եւ նախապես չհայտարարված, արձագանքները չափազանց դրական էին, շուտով կտեղադրվեն տեսահոլովակներ՝ ոչ միայն Հայաստանում նկարահանված, այլեւ արտասահմանից, նախատեսվում է նախագծին միացնել նաեւ այլազգի երաժիշտներին»,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Հավելենք, որ Tonica Project-ի հիմնական նպատակն է ներկայացնել հայկական երաժշտությունը նորովի, նոր մշակումներով։ Այն համերգներով ներկայանում է ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում։
Կարդացեք նաև
«Հարկ է նշել, որ երկու մեծ մենահամերգ ենք ունեցել Վրաստանում։ Իսկ գլխավոր հաջողություններից է Թուրքիայում կայացած միջազգային փառատոնի ժամանակ Կոմիտասի ներկայացումը, որը շատ մեծ արձագանք ստացավ։ Իմիջիայլոց, բոլոր ծրագրերը համակարգում ենք «Տոնիկա» մշակութային հասարակական կազմակերպության միջոցով։ 2020֊ին արդեն ունենք հրավերներ մասնակցելու միջազգային փառատոների արտասահմանում»,-ասաց երաժիշտը։ Գարեգինը նաեւ «Տոնիկա» մշակութային հ/կ-ի նախագահն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը տրամադրել է Գարեգին Քեւնակսզյանը
«Առավոտ» օրաթերթ
24.10.2019