Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանը՝ Հովհաննես Թումանյանի կյանքի եւ ստեղծագործության տարեգրության մասին:
Օրերս լույս տեսավ «Հովհաննես Թումանյանի կյանքի եւ ստեղծագործության տարեգրություն» երրորդ (1915-1919) գիրքը: Հատորի վրա աշխատել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հատուկ այդ նպատակով ստեղծված գիտահետազոտական խումբը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանի ղեկավարությամբ: Հատորը տպագրվել է հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Հասցեագրված է գիտակրթական հաստատություններին, մասնագետներին եւ ընթերցողների լայն շրջանի: Նվիրված է բանաստեղծի ծննդյան 150-ամյակին: «Առավոտի» հետ զրույցում Վլադիմիր Կիրակոսյանը խոսեց հատորի գիտական արժեքի եւ կատարված աշխատանքի մասին:
– Վերջերս լույս տեսավ Հովհաննես Թումանյանի կյանքի եւ ստեղծագործության տարեգրության երրորդ հատորը: Կպատմե՞ք` ինչպես է ստեղծվել տարեգրությունը, այս հատորի շնորհիվ ընթերցողը Թումանյանին ո՞ր կողմերից է ճանաչելու:
– Թումանյանի տարեգրության ուղղությամբ աշխատանքները մոտ 1,5 տասնամյակ առաջ են սկսվել: Առաջին հատորը լույս է տեսել 2010-ին: Ներառում է բանաստեղծի կյանքի եւ ստեղծագործության տարեգրությունը՝ մինչեւ 1908-ը ներառյալ: Այդ հատորի պատրաստման համար տեւական ժամանակ է պահանջվել, քանի որ նոր նախաձեռնություն էր. սկզբունքները, սահմանները պետք է ճշտվեին: Երկրորդ հատորը համեմատաբար կարճ ժամանակում ստեղծվեց, բայց տպագրությունը ձգձգվեց մինչեւ 2016-ը՝ միջոցներ չլինելու պատճառով: Հատորն ընդգրկում է 1909-1914-ը՝ Թումանյանի ստեղծագործական կյանքի ամենաբեղուն շրջաններից մեկը, որ պետք է ընդհատվեր պատերազմով: Երրորդ հատորն ընդգրկում է 1915-1919-ը, երբ բանաստեղծն ստիպված էր ժամանակն ու եռանդն ամբողջովին նվիրել ազգային-հասարակական գործերին՝ խորապես մտահոգված պատերազմական իրադարձությունների կիզակետում հայտնված իր ժողովրդի ճակատագրով: Առժամանակ դադարեցվում է Թումանյանի նախագահությամբ գործող Հայ գրողների կովկասյան ընկերության գործունեությունը: 1914-15 թթ. ընթացքում բանաստեղծը Ազգային բյուրոյի հանձնարարությամբ երկու անգամ մեկնում է ռազմաճակատ՝ ծանոթանալու ռուսական բանակի կազմում կռվող հայ կամավորական ջոկատների վիճակին: Վերադառնում է՝ հիասթափված ռուս զինվորականության անբարյացակամ վերաբերմունքից ոչ միայն կամավորական ջոկատների, այլեւ տեղի հայ ազգաբնակչության հանդեպ: Դա հստակ երեւում է ռազմաճակատային օրագրերից, որ արտացոլված է տարեգրության էջերում: Բանաստեղծին ծանր հոգեկան փորձություն էր սպասում, երբ եղեռնից մազապուրծ հայ փախստականների հոսքը հասնում է Էջմիածին: Ռազմաճակատային ծանր տպավորություններից լրիվ չձերբազատված՝ նա երկու դուստրերի հետ անհապաղ մեկնում է Էջմիածին՝ իր ուսերին առնելով հատկապես որբ երեխաների հոգսը: Նրա ջանքերով հազարավոր որբ մանուկներ են փրկվում սովից ու համաճարակներից: Նրանցից շատերը հետագայում դառնում են նշանավոր մարդիկ՝ երախտագիտությամբ հիշելով իրենց Հայրիկին: Վրա է հասնում 1917 թվականը: Ռուսական բանակը խուճապահար նահանջում է արեւելյան ռազմաճակատից: Հայ ժողովուրդը մենակ ու անօգնական է մնում օսմանյան կանոնավոր բանակի եւ թուրք ու քուրդ հրոսակախմբերի դեմ: Մահացու սպառնալիք է կախվում նաեւ արեւելահայության գլխին: Այստեղ էլ Թումանյանը իրադարձությունների կենտրոնում է: Նրա ջանքերով ստեղծվում է Հայ հայրենակցական միությունների միությունը, որ իր նպաստն է բերում բնաջնջման եզրին հայտնված ժողովրդի փրկության գործին: Ամեն կողմից հույսը կտրած բանաստեղծը դիմումներ է հղում աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդներին, դաշնակից պետությունների կառավարություններին՝ օգնություն խնդրելով անօգնական մնացած իր ժողովրդին: Սակայն կոչերը մեծ մասամբ մնում էին անարձագանք: Այս ամենի հետեւանքով թումանյանական հայտնի լավատեսությունը, հատկապես արեւմտահայության ազատագրության հույսերը՝ կապված պատերազմի հետ, տեղի են տալիս: Հուսահատությունից մի պահ երերում է նրա հավատը աշխարհի ու մարդու, իր պատուհասված ժողովրդի վաղվա օրվա հանդեպ: Դա արտահայտվել է այդ տարիներին գրված մի քանի բանաստեղծությունների, հոդվածների ու նամակների մեջ: Բանաստեղծի հոգին տանջում էր նաեւ թերի մնացած ստեղծագործական մեծ ծրագրերի ցավը: Ընթերցողն ինքն ականատես կդառնա բանաստեղծի ապրած այդ մեծ դրամային՝ թերթելով ստվարածավալ այս հատորի էջերը:
Կարդացեք նաև
– Տարեգրության նոր լույս տեսած հատորը կարդալիս այդ հիասթափությունը կարծես չի զգացվում: Ավելի շատ Թումանյանի քաղաքական կեցվածքի՞ վրա է շեշտը դրվել, թե՞ դա ուղղակի տպավորություն է:
– Տարեգրությունը այդպիսի միակողմանի նպատակ չի ունեցել: Հավատարիմ մնալով ժանրի բնույթին՝ կազմողներն ամենայն օբյեկտիվությամբ ներկայացրել են այն, ինչ այդ օրերին արել, ապրել, տեսել ու զգացել է Ամենայն հայոց բանաստեղծը: Այրող ցավերից ու տագնապներից նա մեծապես ընկճված էր, որ երեւում է հատկապես Էջմիածնի օրագրերից: Բայց իր խոսքով ու գործով, բուն իսկ ներկայությամբ այդ իրական դժոխքում հույս ու հավատ էր ներշնչում շրջապատին: Այդ ոգով են շնչում այդ տարիների նրա բոլոր բանավոր ու գրավոր հրապարակային ելույթները: Նա ժողովրդի բանաստեղծն էր եւ մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում ամեն իրադրության մեջ նրա հավատն ու ոգին կենդանի պահելու իր նախասահմանված կոչումին: Ժողովրդական մի ասացվածք կա, որ միանգամայն ճիշտ է բնութագրում Թումանյանի այդ օրերի կյանքը՝ սեւս ներս եմ արել, սպիտակս՝ դուրսը: Դեպի դուրս ուղղված սպիտակով նա ներշնչում էր իրենից հույս ակնկալողներին, թե՝ «պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած», դեպի ներս ուղղված սեւը ոչ մի լավ բան չխոստացող մռայլ ամպերով ճնշում էր հոգին: Այդ էր առհասարակ հայ բանաստեղծի բաժինը ճակատագրից…
– Տարեգրության մեջ կա՞ն նաեւ այնպիսի նյութեր, որոնք առաջին անգամ են հրապարակվում:
– Շատ կան: Թումանյանը հատկապես նամակագրական հարուստ ժառանգություն է թողել: Ակադեմիական տասնհատորյակում դա երկու ստվար հատոր է զբաղեցնում: Հարյուրների են հասնում նաեւ ստացած նամակները, որոնք օգնում են լրացնելու եւ ամբողջացնելու մեր պատկերացումները բանաստեղծի անձնական, ստեղծագործական եւ հասարակական կյանքի մասին: Դրանց ճնշող մեծամասնությունն առաջին անգամ է հրապարակվում: Նոր հրապարակումներ կան նաեւ գեղարվեստական եւ հրապարակախոսական ժառանգության մեջ: Հրապարակված հոդվածներում կան նաեւ ժամանակին ինչ-ինչ նկատառումներով կրճատված հատվածներ, որ տարեգրության մեջ վերականգնվել է: Թումանյանը Գրողների ընկերության, Հայրենակցական միությունների միության, Հայկազյան ընկերության նախագահն էր: Վարչության նիստերում եւ ընդհանուր ժողովներում հաճախ էր հանդես գալիս բովանդակալից ելույթներով, որոնց մի մասը առաջին անգամ է հրապարակվում: Այդ ամենը կարող է օգնել ուսումնասիրողներին նորովի մոտենալ բանաստեղծի կյանքի եւ ստեղծագործություն շատ խնդիրների:
– Ովքե՞ր են աշխատել տարեգրության վրա Ձեր ղեկավարությամբ:
– Տարեգրության վրա ինձ հետ միասին աշխատել են եւս չորս հոգի. բանասիրական գիտությունների թեկնածուներ Հասմիկ Աբեղյանը՝ Մանուկ Աբեղյանի թոռնուհին, Եվա Մնացականյանը, Նունե Մկրտչյանը եւ Իրիտա Վարժապետյանը, որ թեեւ լաբորանտի հաստիքով է, բայց տարիների ընթացքում ձեռք բերած փորձով ու հմտությամբ հավասար նպաստ է բերել ընդհանուր գործին: Թեեւ խմբում կա աշխատանքի հստակ բաժանում, բայց աշխատում ենք մեկս՝ բոլորի, բոլորս մեկի համար սկզբունքով: Այդ է պահանջում աշխատանքի բնույթը: Թե դա ինչ դժվարությունների հետ է կապված, միայն իրենք՝ աշխատողները գիտեն:
– Փաստորեն, ուսումնասիրողների հետագա սերունդների համար լավ հիմք եք ստեղծում: Ի՞նչ եք կարծում՝ հետագայում թումանյանագիտությունը վստահելի ձեռքերո՞ւմ կլինի:
– Չեմ կարող ասել, քանի որ դրա համար այս պահին որոշակի նախադրյալներ չեմ տեսնում: Հիմա քիչ են զբաղվում Թումանյանով: Վերջին շատ թե քիչ լուրջ ուսումնասիրություններն ավելի քան երեք տասնամյա վաղեմություն ունեն: Շատերը կարծում են, թե թումանյանագիտությունը արդեն սպառված բնագավառ է, բանաստեղծի ստեղծագործության մասին նոր խոսք ասել արդեն հնարավոր չէ: Այդ է պատճառը, որ թումանյանական այս տարում թեեւ շատերը եւ շատ են գրում նրա մասին, բայց գրածները մեծամասամբ տեղեկատու բնույթի են, վերաբերում են առավելապես նրա կենսագրությանը եւ ազգային-հասարակական գործունեությանը: Մինչդեռ մեծերի ստեղծած գեղարվեստական արժեքները՝ իբրեւ ուսումնասիրության առարկա, երբեք չեն սպառվում, յուրաքանչյուր նոր սերնդի, նոր դարաշրջանի համար դրանք նոր ասելիք ունեն: Առավել եւս Թումանյանի պարագայում, քանի որ նրա ստեղծագործության՝ անցած ժամանակների գաղափարական կաղապարներով մեկնաբանություններից շատ բան այսօր վերանայման կարիք ունի: Ես այդ հարցում այնքան էլ լավատես չեմ. գրականագիտությամբ կոչումով զբաղվողների թիվը գնալով նվազում է…
-Թումանյանի քաղաքացիական կերպարը մեր օրերի մտավորականության շրջանում տեսնո՞ւմ եք:
– Թումանանի նմանների ծնունդը դարերով է խմորվում ժողովրդի ընդերքում: Նրանք, ինչպես ասում է բանաստեղծը, ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին: Մեր ժողովրդի համար նոր Թումանյանի ժամանակը երեւի դեռ չի եկել:
– Ե՞րբ սպասենք վերջին հատորին: Արդեն կա՞ն ծրագրեր, աշխատանքներն արդեն սկսվե՞լ են:
– ՀՀ Գիտության կոմիտեն թումանյանական տարվա շրջանակներում այդ վերջին հատորի համար էլ է գումար նախատեսել: Այդ նոր հատորը նախորդի ծավալը կունենա: Կիսով չափ արդեն պատրաստ է: Բայց հազիվ թե հնարավոր լինի այս տարվա ընթացքում ավարտել. հսկայական նյութ կա կուտակված՝ մեծ մասով առհասարակ չհրապարակված: Բացի դրանից, հավելվածով տրվելու են նախորդ հատորների բացթողումներն ու վրիպումները, որ անխուսափելի է այդ կարգի աշխատանքներում:
– Խոսենք նաեւ տարեգրության գիտագործնական նշանակության մասին. ըստ էության սա սերունդների համար արված գործ է:
– Մեր զրույցի ընթացքում այդ մասին տարբեր առիթներով արդեն խոսք եղավ: Ավելացնեմ, որ տարեգրությունը Թումանյանի կյանքին եւ ստեղծագործությանը վերաբերող վավերական փաստերի ու վկայությունների ժողովածու է, որ վստահելի սկզբնաղբյուր կարող է ծառայել ապագա ուսումնասիրողների համար: Այդ վավերագրերի զգալի մասն ուղեկցվում է անհրաժեշտ ծանոթագրություններով, որոնք հատկապես հատորների խմբագրից բավական ջանքեր ու ժամանակ են պահանջել: Դրանք եւս ուղեցույց նշանակություն կարող են ունենալ գալիք ուսումնասիրությունների համար: Թումանյանի անձնական, հասարակական ու ստեղծագործական կենսագրության մասին շատ ուսումնասիրություններ են գրվել ու շարունակում են գրվել: Առանց թերագնահատելու դրանց գիտական արժեքը՝ պետք է նկատի ունենալ, որ այդ դեպքում փաստերի ու վկայությունների մեկնաբանություններն անխուսափելիորեն կրում են հեղինակային սուբյեկտիվ մոտեցման որոշակի կնիք: Տարեգրության մեջ այդ փաստերն ու վկայությունները ներկայացվում են բացարձակ օբյեկտիվությամբ՝ առանց որեւէ կողմնակի միջամտության: Այդ սկզբունքը խստորեն պահպանվել է մանավանդ այն դեպքերում, երբ հարկ է եղել ծավալուն նյութերը տեղ-տեղ ներկայացնել վերաշարադրանքով:
– Չե՞ք ափսոսում, որ այդքան տարիների ժամանակ ու եռանդ եք տրամադրել այդ գործին. չէ՞ որ այդ ընթացքում շատ հեղինակային հոդվածներ ու գրքեր կարող էիք գրել:
– Ո՞չ, չեմ ափսոսում: Ինչ էլ գրեի, ժամանակի ընթացքում պիտի հնանար ու մոռացվեր, որովհետեւ նոր ժամանակները միշտ էլ նոր խոսք են պահանջում: Իսկ տարեգրությունը վավերագրերի ժողովածու է եւ երբեք չի հնանալու, մեկ անգամ է ստեղծվում, բայց մշտապես մնալու է սեղանի գիրք: Հաճախ ինձ ասում են, թե դա իմ կյանքի գիրքն է: Շատ կուզենայի, որ այդպես լիներ:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.10.2019