«Ցանկացած գործի յաջողութեան գրաւականը եւ անհրաժեշտ նախապայմաններից մէկը նպատակների յստակեցումն է, պայքարի նշանակէտի պարզեցումը եւ միայն դրանից ելնելով խոչընդոտների ու հակառակորդների որոշումը:»
Պարոյր Հայրիկեան, «Անկախութիւն» պարբերական, համար 1 (24.10.1987 թ.)
Սիրելի Հայրենակիցներ, Մարդիկ… Այսօր նորօրեայ Հայաստանի առաջին Ազատ, Անկախ պարբերականի՝ «Անկախութիւն» շաբաթաթերթի 32 -ամեակն է: «Անկախութիւն»-ը սկսեց լոյս տեսնել դեռեւս խորհրդային բռնապետութեան տարիներին: Անդրանիկ համարն ասպարէզ իջաւ 1987 թուականի հոկտեմբերի 24 -ին:
21 տարի ընդհատակում պայքարելուց յետոյ ԱՄԿ (Ազգային միացեալ կուսակցութիւն)-ը դարձաւ ԱԻՄ (Ազգային ինքնորոշում միաւորում), որն էլ ձեռնամուխ եղաւ Հայ Անկախ մամուլի, ազատ խօսքի գաղափարների իրագործմանը:
Եղաւ ժամանակ, երբ «Անկախութիւն»-ը թողարկուեց 200 հազար օրինակով: Պարբերականի միայն անուանումը՝ Անկախութիւն բառը ԽՍՀՄ տարիներին բաւական էր երկարաժամկէտ ազատազրկման եւ աքսորի դատապարտուելու համար:
Կարդացեք նաև
«Անկախութիւն» պարբերականի հրատարակման գործում մեծ աշխատանք կատարեցին այդ շրջանի անկախական պայքարի առաջնորդ Պարոյր Հայրիկեանը, յետագայում Ազգային հերոսի կոչման արժանացած, ԱԻՄ հիմնադիրներից Մովսէս Գորգիսեանը իր զինակից Մեխակ Գաբրիելեանի հետ, պատմաբան, յայտնի նժդեհագէտ Ռաֆայել Համբարձումեանը (հանդէս էր գալիս Համազասպ կեղծանունով), բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, Գարեգին Նժդեհի աճիւնը Հայաստան տեղափոխելու գործը կազմակերպած Վարագ Առաքելեանը եւ այլ ճանաչուած դէմքեր:
«Անկախութիւն»-ը բարձրացնում էր ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների, ազգերի ինքնորոշման, բնապահպանութեան, Հայրենիքի գերուած տարածքների (այն օրերին նաեւ Արցախի) ազատագրութեան, Հայաստանի անկախութեան գաղափարը հանրայնացնելու, քաղբանտարկեալների ոտնահարուած իրաւունքները վերականգնելու եւ այլ կարեւոր խնդիրներ:
Պարբերականի միջոցով ԱԻՄ -ը դիմում էր ՄԱԿ -ի գլխաւոր քարտուղարին, ԽՍՀՄ Գլխաւոր Խորհրդին… իսկ առաջին հերթին՝ Հայ ազգին:
«Անկախութեան» հիմնական առաքելութիւնն էր՝ պատրաստել Հայերին սեփական ինքնիշխան պետութեան մէջ ապրելու վաղուայ օրուան:
Մի փոքր հատուած Մովսէս Գորգիսեանի 1987 թ. «Լրատուութիւն Ազգային ինքնորոշում միաւորման եւ նրա օրգան Անկախութիւն շաբաթաթերթի մասին» յօդուածից…
«՛Եթէ ի դէմս Ռուսաստանի մենք աւանդաբար շարունակում ենք բարեկամ տեսնել, ապա եւ սպասում ենք, որ հասկանալով եւ ընդունելով, որ ինքն անկարող եղաւ մեզ օգնել մեր հարցերի լուծման խնդրում, Ռուսաստանն առաջինը պէտք է քուէարկի յօգուտ Հայաստանի անկախութեան, որը կարող է դառնալ անկախ եւ միաժամանակ Ռուսաստանին բարեկամ երկիր: ԽՍՀՄ կազմում եղած տարիների ընթացքում Եղեռնի հետեւանքների հոգսերին աւելացան բազմաթիւ նորերը: Նախիջեւանն արդէն հայազուրկ է, նոյնն է սպասուում նաեւ Արցախին, շատերը գերադասում են իրենց երեխային ռուսական դպրոցներում կրթութիւն տալ: Խորհրդային Հայաստանն ամբողջովին կանգնած է բնակարգային /եկոլոգիայ/ աղէտի առաջ, Սեւանի անյուսալի վիճակը, ամբողջ բնակչութեան քիմիական թունաւորումը, ԱԵԿ -ի երկրաշարժային գօտում գտնուելը: Սփիւռքի հետ լիարժէք կապի բացակայութիւնը, Հայ եկեղեցու պառակտուած վիճակը, աճող արտագաղթը: Իւրաքանչիւր օր, իւրաքանչիւր ժամ հեռացնում է մեզ մեր բաղձանքից, քանի դեռ ժողովրդի մտաւորականութիւնը չի գիտակցել Հայաստանի Անկախութեան Կենսական Անհրաժեշտութիւնը:»
«Անկախութիւն» -ը նոր թափ տուեց Հայ Դատին, Հայ պահանջատիրութեանը եւ ամրապնդեց այն ճշմարտութիւնը, որ մենք պիտի պայքարենք Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների վերացման համար:
Ճիշտ չի լինի ասել, որ Հայաստանի ազատ մամուլի առաջնեկն անտեսուած է: Հանրային հեռուստատեսութեամբ բազմիցս ցուցադրուել են տեսաշարեր, տեսանիւթեր, ՀՀ ԳԱԱ -ն կազմակերպել է գիտաժողովներ, բայց այն մնում է թերագնահատուած, ինչպէս մեր ազգի սեպհականութիւնը հանդիսացող այլ մեծ արժէքներ:
Հայ երիտասարդները պիտի աւելի լաւ ճանաչեն իրենց նորօրեայ պատմութիւնը եւ այս յօդուածը միտուած է հէնց այդ նպատակին ծառայելու:
Յ.Գ. Շնորհաւոր «Անկախութեան» 30 -ամեակը: Պատուենք մեր մեծերին եւ ձգտենք պատուով անցնել մեր կեանքի ճանապարհը:
Կեցցէ Անկախ Հայաստանը:
Դաւիթ Աղաջանեան/ Տիր Հայագիտական կենտրոն