Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Գժվում եմ կյանքի համար… երջանիկ լինելու այդ շանսը փչացնելը հանցագործություն է»

Հոկտեմբեր 24,2019 23:00

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, որ հյուրընկալվել էր Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո, մանկության մասին խոսելիս ասում է, որ ջերմ միջավայրում է մեծացել: «Խոսքն այն մասին չէ, որ բոլոր ցանկություններս ծնողներս իրականացրել են, բայց սերը միշտ զգացել եմ առաջին հերթին մորս կողմից, հայրս ավելի զուսպ էր…Ունեի հրաշալի պապիկ, որն ուներ 4 դասարանի կրթություն, բայց փայլուն հեքիաթներ էր պատմում, որոնք ինքն էր հորինում: Մենք գժվում էինք նրա հեքիաթների համար, մեծ իմպրովիզատոր էր, ոչ մի նոտա չիմանալով դաշնամուր էր նվագում: Ազատ ստեղծագործության հաճույքը ես զգացել եմ իր մոտ…Հայրս էլ էր ազատ մտածողության տեր մարդ, շատ սիրված էր եւ շատ հումորով: Ինքն էլ էր թատերական ասպարեզից»,-հիշում է պարոն Բաբայանը :

Ասում է` փոքր տարիքից մայրն իրեն միշտ տարել է օպերային թատրոն` «Ժիզել», «Կարմեն», հիշում է նաեւ, թե ինչպես 9 տարեկանում «Բոլշոյ» թատրոնում դիտեց Կոմեդի ֆրանսեզի «Նորտրդամ» բալետը. «Այնքան տպավորված էի, որ առաջինը ես ծափահարեցի դեռ ներկայացումը չավարտված»:

Ռուբեն Բաբայանի ձեւակերպմամբ, երբ ընտանիքը լիակատար է, երեխան մեծանում է առանց բարդույթների: Հիշում է, որ դեռ փոքր տարիքից սիրում էր շրջել Երեւանի բակերով, հատկապես անծանոթ անկյուններով. «Երեխաները սովորաբար սիրում են այնպիսի ճանապարհ, որով դեռ չեն անցել: Հիշում եմ` շատ փոքր էի, 5-6 տարեկան, տատիկս-պապիկս ապրում էին Աջափնյակում, մենք Կաթողիկե եկեղեցու բակում: Մի գեղեցիկ օր ինքնուրույն որոշեցի ոտքով նրանց հյուր գնալ: Երբ դռան զանգը հնչեցրի, տատիկս ուրախ-ուրախ հարցրեց, վայ, իսկ ո՞ւր է մաման, ասացի` մամայի հետ չեմ, մենակ եմ եկել…Ցանկությունը, միշտ նոր տպավորություններ ստանալու, երեւի մանկական տարիքից է»:

Ռեժիսորն ասում է, որ երեխաներին շատ հազվադեպ պետք է ասել «չի կարելի», իսկ եթե ասում ես, ուրեմն պետք է բացատրել, թե ինչու չի կարելի, այլ ոչ թե` «ես այդպես եմ ուզում», կամ «կմեծանաս կիմանաս». « Մենք երբեք մեզ չենք դնում երեխայի տեղը, պատկերացրեք, թե ինչ տհաճ կլինի, երբ մեկն անընդհատ ասի` կմեծանաս կիմանաս: Եվ հետո այդ մեծանալը ո՞ր տարիքից է սկսվում»:

Հարցրինք, թե ինչից կարող է ոգեւորվել: «Ժամանակի ընթացքում փոխվում են ոգեւորության պատճառները, դա գուցե գալիս է տարիքից, կամ նրանից, որ երկար ժամանակ դասավանդում եմ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում…Ես շատ եմ ոգեւորովում իմ աշակերտների հաջողություններով: Ոգեւորվում եմ, երբ մարդիկ կարողանում են քեզ հետ խոսել կաղապարներից դուրս, եւ այդ ազատ երկխոսությունը տեղավորվում է` ոչ թե «ես ասացի, դու` լսիր»-ի մեջ, այլ «մենք ընդհանուր իրարից սովորելու շատ բան ունենք»: Նման խոսակցությունից հետո դու քեզ ավելի հարստացած ես զգում:

Շատ եմ ոգեւորվում նոր ծանոթություններից, օրինակ, երբ ինձ համար նոր մարդ եմ բացահայտում ու միշտ մտածում եմ, թե ինչքան աղքատ էր իմ կյանքը մինչ այս պահը: Դա լինում է եւ մարդկանց, եւ արվեստի ու գրականության գործերի հետ ծանոթանալիս»,-պատասխանեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Խոսեցինք նաեւ ընթերցանությունից: Պարոն Բաբայանն ասաց, որ նոր է ավարտել Բենար Վերբերի «Մրջյունները» գործը. «Դա մի փայլուն վեպ էր մրջյունների կյանքի մասին, բայց այնպիսի մի փիլիսոփայություն, այնպիսի գեղագիտություն այդ վեպի մեջ…Հետաքրքիր մի դրվագ կար մրջյունների կյանքից: Նրանց մեծամասնությունն անսեռ է, միայն էգն ու արուն ունեն թեւեր, եւ իրենք սիրում են միմյանց օդում: Շատ գեղեցիկ այլաբանություն է` եթե դու չես կարող սիրել, դու անսեռ ես»:

Աշխարհի առաջ բացվելուն ու այլ երկրներին էլ անդրադարձ եղավ: Ռուբեն Բաբայանը նշեց, որ քաղաքներից շատ է սիրում Լոնդոնը: Նա Անգլիան որակեց որպես յուրահատուկ երկիր. «Ես որեւէ այլ երկիր չեմ տեսել, որը կարողանա այդ ձեւով պահպանել ավանդույթները եւ միաժամանակ ամեն ինչով լինել ժամանակակից: Մենք հաճախ փորձում ենք գտնել հակասություն ժամանակակցի եւ ավանդույթների միջեւ, մինչդեռ նման բան չկա»:

Մեր զրուցակիցը հատուկ ընդգծեց, որ շատ է սիրում Հայաստանն ու Արցախը. «Հայաստանն իր փոքր տարածքով շատ տարբեր է, ես չգիտեմ որեւէ այլ երկիր, որ այդքան տարբեր լինի մի քանի հազար քառակուսի կիլոմետրի վրա: Սիրում եմ Արցախը, որն ընտիր էներգետիկայով է քեզ պարուրում, սիրում եմ իր դիմագիծն ու կոլորիտը պահած Թբիլիսին…Ընդհանրապես աշխարհ տեսնելը, թանգարաններ գնալը, գրքեր կարդալը, ներկայացումներ դիտելը քեզ միայն հարստացնում է: Վերջիվերջո կենցաղային հոգսերն այնքան շատ են ու անհաղթահարելի, որ եթե կենտրոնանանք դրանց վրա, բաց կթողնենք մեր կյանքը…Շատ եմ լսում, որ մարդիկ ասում են դե յոլա ենք տանում, այնպիսի տպավորություն է, որ երկու կյանք է լինելու…Չի լինելու, այս մեկն է»:

Հարցին` իրեն հաջողակ համարո՞ւմ է, Ռուբեն Բաբայանը պատասխանում է. «Հաջողակ եմ, որ ծնվել եմ…Ես շատ եմ սիրում կյանքը, գժվում եմ կյանքի համար…Հնարավոր չի սիրել կյանքը ու չսիրել մարդկանց…Կյանքը մեծագույն պարգեւ է, պետք է հասկանալ, թե ինչի համար է այն տրված: Երբ քեզ տրվում է երջանկության այդ շանսը, այն մերժելը, փչացնելը հանցագործություն է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութով:

Լուսանկարները` Նարեկ Ավագյանի եւ Ռուբեն Բաբայանի անձնական արխիվից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031