Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղմացնող հանգամանքներ՝ ծանրացնողների փոխարեն․ կնասպանությունը Հայաստանում

Հոկտեմբեր 24,2019 20:45

Հայաստանում Քրեական օրենսգրքի անկատարության պատճառով կնասպանության դեպքերով հաճախ ընդունվում են մեղմացնող հանգամանքներ և բռնարարների նկատմամբ կիրառվում են մեղմ պատիժներ։

Այսպես, համաձայն Հայաստանում կնասպանության վերաբերյալ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպության երկրորդ՝ «Լռեցված ձայներ» ուսումնասիրության, 2016-2017 թվականներին Հայաստանում գրանցվել է կնասպանության 12 դեպք։

Ըստ այդ ուսումնասիրության արդյունքների, վերոնշյալ 12 դեպքերից միայն հինգի դեպքում է, որ բռնարարները դատապարտվել են ազատազրկման։ Չորս դեպքում բռնարարին ուղարկել են հարկադիր բուժման, իսկ ևս 3 դեպքով դեռ դատավճիռ չի կայացվել։

Ընդ որում, այս գործերից միայն մեկի դեպքում է, որ չեն հայտնաբերվել մեղմացնող հանգամանքներ, իսկ չորս դեպքում այդպիսիք հայտնաբերվել են։

Դատական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնության և կնասպանության գործերի մեծ մասով դատարանները պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք դատաքննությամբ առհասարակ չեն հայտնաբերում։ Այնինչ, անգամ ակնհայտ բռնության գործադրման փաստը նկարագրելիս համապատասխան արարքը չի որակվում որպես կնոջ նկատմամբ բռնության գործադրում, փոխարենը դատական ակտում համապատասխան իրավիճակը նկարագրվում է՝ օգտագործելով առավել մեղմ «քաշքշուկ», «անպարկեշտ վարք» բառերը։ Ավելին, եղել է դեպք, որ բռնության գործադրումը հիմնավորվում է նրանով, որ բռնարարը «նյարդերը տեղի են տվել»։

Սրա հետ մեկտեղ, ակնհայտ ընտանեկան բռնության տարրեր պարունակող գործերով դատարանները որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք են դիտարկում, օրինակ, ամբաստանյալի մեղայականով ներկայանալը կամ վերջինիս երիտասարդ լինելու հանգամանքը, անկեղծորեն զղջալը, խոստովանական ցուցմունք տալը կամ դեպքի բացահայտմանն աջակցելը։ Որոշ դեպքերում էլ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկվում ամբաստանյալի խնամքին մինչև 14 տարեկան երեխաների առկայությունն այն պարագայում, երբ նույն գործերով տուժողը փաստացի ընտանեկան բռնության է ենթարկվել այդ նույն անչափահաս երեխաների ներկայությամբ։

Այսինքն, ընդհանուր առմամբ, դատարաններն անտեսում են ակնհայտ ծանրացնող հանգամանքները և հակառակը՝ կիրառում շատ դեպքերում անհասկանալի մեղմացնող հանգամանքներ։

Ստեղծված իրավիճակը հաղթահարելու և կնասպանության և ընտանեկան բռնության դեպքերը կանխելու համար Հայաստանը, ըստ ուսումնասիրության հեղինակների, պետք է կատարի մի շարք օրենսդրական փոփոխություններ։ Մասնավորապես, անհրաժեշտ է ՔՕ-ում առանձին հանցակազմով քրեականացնել ընտանեկան բռնությունը, ընտանեկան բռնության գործադրումը պետք է դիտարկվի որպես ծանրացնող հանգամանք։ Ավելին, ծանրացնող հանգամանք պետք է դիտվի նաև հանցագործությունը երեխայի ներկայությամբ կատարելը։

Սրա հետ մեկտեղ, անհարժեշտ է վավերացնել Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան և դրանից բխող փոփոխություններ կատարել հայաստանյան օրենսդրության մեջ։

Հիշեցնենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի»՝ Հայաստանում կնասպանության վերաբերյալ նախոր ուսումնասիրությանն անդրադառնալիս մենք ներկայացրել էին, թե ինչ է ընդհանրապես կնասպանությունը և ինչ բնութագրեր ունի այն Հայաստանում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031