Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրասիական տարածաշրջանի հարցերով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյին:
Նախարար Մնացականյանը գոհունակություն հայտնեց փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-չինական դարավոր բարեկամության կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բազմաոլորտ համագործակցութան խորացումը և ընդլայնումը:
Երկուստեք ընդգծվեց, որ երկու երկրների միջև տարբեր մակարդակներով տեղի ունեցող փոխայցելություններն ու հանդիպումները զգալիորեն խթանել են հայ-չինական երկխոսության խորացումը և նպաստել, ի թիվս այլոց, առևտրատնտեսական, զբոսաշրջության, գիտակրթական ոլորտներում համագործակցության առավել զարգացմանը:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին բազմակողմ հարթակներում առկա փոխգործակցության առնչությամբ:
Կարդացեք նաև
Հայաստանի ԱԳ նախարարը և ՉԺՀ կառավարության հատուկ ներկայացուցիչը մտքերի հանգամանալից փոխանակում ունեցան միջազգային և տարածաշրջանային հրատապության հարցերի շուրջ:
Զոհրաբ Մնացականյանը զրուցակցի խնդրանքով ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի մոտեցումներին և սկզբունքային դիրքորոշմանը: ՀՀ ԱԳ նախարարը և ՉԺՀ կառավարության հատուկ ներկայացուցիչը կարևորեցին խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
ՉԺՀ ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ «Մեկ Չինաստանի» սկզբունքի առնչությամբ ունեցած դիրքորոշման համար:
ՀՀ ԱԳՆ