Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյան. «Սուրենը կանխիկն էր տանում, Արաքս Դիլանյանին փոխանցում էի անում»

Հոկտեմբեր 24,2019 19:01

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին՝ կաշառք ստանալուն օժանդակելու գործով այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմն 2 ժամ կարդացել է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքները: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Համբարձումյանը:

Նախորդ նիստին ի պատասխան պաշտպանական կողմի հարցի, Համբարձումյանն ասաց, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար Արամ Հարությունյանին առաջին անգամ 600 հազար դոլարը կանխիկ փոխանցել է 2008 թվականի հունվարին, գումարը փոխանցել է Սուրեն Աբրահամյանի միջոցով: Մյուս փոխանցումներն, ըստ Համբարձումյանի, Արամ Հարությունյանի ցուցումով է կատարել՝ գործով ամբաստանյալ Արաքս Դիլանյանի հաշվեհամարին է փոխանցել՝ Դուբայ: Դիլանյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ավետիք Կարապետյանն Aravot.am-ին ասել էր, որ Սիլվա Համբարձումյանի դատական նիստին հնչեցրած ցուցմունքը իր նախաքննական ցուցմունքից էականորեն տարբերվող էր որոշակի հանգամանքների շուրջ: Ուստի փաստաբանի միջնորդությամբ այսօր դատարանում պետք է ներկայացվեին Համբարձումյանի ցուցմունքները:

Իր ցուցմունքների տարբերության մասին Սիլմա Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց. «Նախնական ցուցմունքներում ես միայն Արամ Հարությունյանի եւ Արաքս Դիլանյանի անունն եմ շոշափել, ես չէի ուզում Արամ Հարությունյանի պատճառով լրացուցիչ մարդիկ պատժվեին: Իսկ հետո, երբ առաջին անգամ Արամ Հարությունյանի հետ առերեսման ժամանակ ասաց՝ ինքն ընդամենը ինձ ճանաչում է մամուլից, ես էլ ասացի, մամուլի՞ց, եղավ, հիմա կհիշեցնեմ՝ քո կաբինետում ովքեր են եղել, ով է ինձ ծանոթացրել: Մանրամասներն ասացի, որ Վիկտոր Մարտիրոսյանն է ներկա եղել մեր բանակցություններին: Ես սկզբում չէի ուզում անուններ տալ, որովհետեւ չէի ուզում իրա պատճառով մարդիկ տուժեին, անուններ չէի տվել: Հետո իր անշնորհքությունը, որ իր ընկերներին էդպես…ու ես ցուցմունք տվեցի»:

Համբարձումյանի խոսքերով՝ ի վերջո պատմել է իրականը.«Բայց էլի իրականն եմ պատմել, բայց ընդամենը Արամ Հարությունյանի, Արաքս Դիլանյանի, Սուրեն Ավագյանի անուններն էի տվել, քանի որ Սուրենը կանխիկն էր տանում, Արաքս Դիլանյանին փոխանցում էի անում: Իսկ մնացածը ովքեր էին՝ անուններ չէի տվել: Ինքը ստիպեց, որ անուններ տամ, տվեցի, ու Վիկտոր Մարտիրոսյանին կալանավորեցին»:

Սիլվա Համբարձումյանն ասաց, որ հաջորդ նիստին պաշտպանական կողմը շարունակվելու է իր ցուցմունքները ներկայացնել. «Այսօր դեռ առաջին ցուցմունքներն էին կարդում, դեռ չեն ավարտել: Եթե իրենց մոտ հարցեր առաջանան՝ կպատասխանեմ: Բայց կարծում եմ՝ երբ հասնեն վերջին ցուցմունքին՝ հարցեր չեն տա»:

Հաջորդ դատական նիստի օր է նշանակվել հոկտեմբերի 31-ին, ժամը 12:30-ին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031