Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից վերակառուցված 220/110.10 կվ «Հաղթանակ» ենթակայանի վերագործարկման արարողությանը: Աշխատանքներն ընթացել են Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում:
Ըստ պատասխանատուների, ենթակայանը կարևոր նշանակություն ունի Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածի, ինչպես նաև Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի հուսալի էլեկտրամատակարարման ապահովման հարցում: Վերակառուցման աշխատանքների ընթացքում կառուցված նոր 110 կվ բաց բաշխիչ սարքավորումների, տեղադրված SCADA համակարգի, փոխարինված 125 ՄՎԱ հզորությամբ երկու ավտոտրանսֆորմատորների շնորհիվ կբարձրանա էլեկտրահաղորդման ցանցի հզորությունը, Երևան քաղաքի կենտրոնի և հարավային շրջանների սպառողների էլեկտրամատակարարման կայունությունը, կնվազի սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակը, կկրճատվեն շահագործման ծախսերը:
1988 թվականից հիմնադրված «Հաղթանակ» ենթակայանի վերանորոգման աշխատանքներն սկսվել են 2016 թվականի հուլիսից: Դրանք իրականացնելու համար ներդրվել է 14 մլն դոլար: Այժմ ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած ենթակայանում աշխատում է 15 մարդ:
Ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի, գլխավոր կապալառու «Կասկադ-էներգո» ընկերության, ծրագրի խորհրդատու «Դեկոն/ Կոնսուլեկտրա» համատեղ ձեռնարկության աջակցությամբ:
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ