2019 թվականի հոկտեմբերի 23-ին Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի անասնաբույժի կողմից ներկայացված արյան 95 նմուշից առաջնային լաբորատոր փորձաքննության արդյունքում «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Տավուշի մարզային կառույցի Իջևանի տարածաշրջանի լաբորատորիայում բրուցելոզ հիվանդության ախտորոշումը դրական արդյունք էր արձանագրել 91 նմուշի համար։ Փորձաքննության ընթացքում դրական ռեակցիաների անընդհատությունը և նման մեծ քանակը (դա նշանակում է՝ Հաղարծինի 8 անասնատերերի բոլոր խոշոր եղջերավոր կենդանիները հիվանդ են բրուցելոզով) լաբորատորիայի աշխատակիցների մոտ հարուցել է կասկած, ինչի մասին նրանք օպերատիվ տեղեկացրել են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի մասնագետներին:
Կասկածելի արդյունքների հանգամանքները պարզելու նպատակով մարզային կենտրոն հրավիրված անասնաբույժը, պարզաբանման աշխատանքների արդյունքում, հաստատել է, որ 1 կենդանուց վերցված արյունն ինքը ներկայացրել է իբրև համայնքի 8 անասնատերերի 91 կենդանիներից վերցված:
Նշյալ դեպքի բացահայտումն ու լաբորատորիա-տեսչական մարմին օպերատիվ համագործակցությունը ևս մեկ անգամ ապացուցում է համակարգի ամբողջականության կարևորությունն ու ցանկալի արդյունքներ ապահովելու համար համակարգված փոխգործակցությունը:
ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում ենք՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական պատվերի ծրագրի շրջանակներում համագործակցել տեսչական մարմնի հետ՝ զանգահարելով ՍԱՏՄ թեժ գծին (010) 20-60-40 հեռախոսահամարով:
Կարդացեք նաև
Հ.Գ. Խնդիրը քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ: Տեսչական մարմինը նաև կդիմի ՀՀ դատախազությանը՝ ներկայացնելով դեպքի մանրամասները, անհրաժեշտ փաստաթղթերն ու անասնաբույժի կողմից տրված գրավոր բացատրությունը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին