Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը: Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական կենսունակ համակարգի ներդրումը երկրի տնտեսության ագրարային հատվածի կայուն ու համաչափ զարգացման հիմնական նախապայմաններից է: Գյուղատնտեսության ոլորտի ապահովագրությունը կարևոր նախապայման է տվյալ ճյուղի կայուն զարգացման, ներդրումային դաշտի բարելավման և երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացման համար: Միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ, գյուղատնտեսության առանձնահատկություններով պայմանավորված, գյուղատնտեսությունում տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի ապահովագրմանն անմիջական աջակցություն է ցուցաբերում պետությունը: Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացմամբ հնարավորություն կստեղծվի հստակեցնելու ապահովագրական համակարգի իրականացման մեխանիզմները, ինչն էլ նախադրյալներ կստեղծի ապահովագրական համակարգի ամբողջական ներդրման համար: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի տարածքն աչքի է ընկնում բարձր ռիսկայնությամբ, հետևաբար գյուղատնտեսությունում տնտեսավարողները տարբեր բնական աղետների հետևանքով զգալի կորուստներ են կրում: Հանրապետությունում վերջին 6 տարիներին բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասները կազմել են ավելի քան 110 մլրդ ՀՀ դրամ։ Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝ ՀՀ 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30.0 հազար հա հողատարածք, նախադրյալներ կստեղծվեն ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար և տարիների ընթացքում կավելացվեն նոր պրոդուկտներ, կկայունանան ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտները: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ից ապահովագրական պոլիսներ են վաճառվում 6 մարզերում՝ Արարատում, Արմավիրում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց ձորում և Տավուշում:
Գործադիրի ղեկավարն ընդգծել է ծրագրի իրականացման կարևորությունը և նշել. «Սա երկար տարիների պրակտիկա է, երբ կարկուտը ինչ-որ մի տարածքի բերք ոչնչացնում է, կառավարությունը ինչ-որ մի փոքր փոխհատուցումն է տալիս գյուղացիներին, որը, ըստ էության, աննշան օգնություն է: Հիմա այս համակարգի ներդրման հետ կապված կա մի կարևոր առանձնահատկություն. կառավարությունն ապահովագրական պոլիսների գնի կեսը վճարում է՝ 50-60 տոկոս: Այն պահին, երբ գյուղացին, գյուղացիական տնտեսությունը դա գնեց, այդքան փողը մենք ենք տալիս: Սրա համար մենք նախատես ել ենք բյուջետային միջոցներ: Հիմա մենք պետք է հասկանանք՝ բոլոր այն մարզերում, որտեղ կա այս ապահովագրության հնարավորությունը, որին կառավարությունը 50 տոկոսով մասնակցում է, խոսակցություններն այն մասին, որ կառավարությունը պետք է կարկուտից հետո գյուղացուն օգնություն տա, փակվում են : Մենք սա անում ենք նրա համար, որ գյուղացին ոչ թե իր կորցրածի 1 տոկոսի չափով օգնություն ստանա, այլ գյուղացին իրոք ապահովագրական ռեալ փոխհատուցում ստանա»:
Կառավարության մեկ այլ որոշմամբ Արարատի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին նախատեսվում է հատկացնել 363,351.6 հազար դրամ՝ ՀՀ համայնքներին 2019 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով: ՀՀ 21 համայնքների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 29 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրությունները: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 992,941.920 ՀՀ դրամ և մրցույթների արդյունքներում այն կազմել է 764,385.495 ՀՀ դրամ, որից ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 363,351.6 ՀՀ դրամ: Հիմնավորման համաձայն՝ 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ համայնքների կողմից ներկայացվել է թվով 518 ծրագրային հայտ, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած ութ նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 483-ը: Ներկայումս ընթանում է հավանության արժանացած ծրագրերի մրցութային գործընթացը կամ արդեն իսկ իրականացվում է շինարարական աշխատանքները։ Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես, համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, գազիֆիկացմանը:
Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքից և նշել, որ նախորդ տարի խոսվում էր 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերի մասին: Ի պատասխան նախարարը տեղեկացրել է, որ եղանակային պատճառներով պայմանավորված՝ որոշ ծրագրերի իրականացումը կտեղափոխեն հաջորդ տարի: «Պետության համաֆինանսավորումը կկազմի 8,5-9,5 մլրդ դրամ: Ըստ էության, դա մեր կողմից ապահովվել է: Կարողացել ենք այնքան գումար տրամադրել, որ բոլոր համայնքներից եկած հայտերն ընդունվեն. շուրջ 483 հայտնի մասին է խոսքը: Կարծում եմ՝ ամեն տարի աճը մի քանի մլրդ դրամով ավելի է լինելու»,- ասել է նախարարը:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սուբվենցիոն ծրագրերի համար 10 մլրդ դրամը պետք է լինի նվազագույնը: «Փաստորեն այս տարի էլ 100 տոկոսանոց կատարողական չենք կարողանում ունենալ: Որ պահին 100 տոկոսով ապահովեցինք, պետք է մյուս տարի ավելացնենք սուբվենցիոն մեր համաֆինանսավորման մասը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով իրականացվող ծրագրերի որակին՝ վարչապետը նշել է, որ անորակ աշխատանքը չի վճարվելու և չի ընդունվելու. «Այստեղ պետք է բոլորն արձանագրեն, որ ոչ մի տիպի կոմպրոմիս չի լինելու, ոչ մի արդարացում չի ընդունվելու, որևէ անորակ աշխատանք Հայաստանի Հանրապետությունում ուղղակի պետք է չարվի»:
Պարզեցված ընթացակարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի առավելագույն չափը նախատեսվում է սահմանել 40 մլն դրամ
Կառավարությունն ընդունել է որոշում, որով, մասնավորապես, սահմանել է ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման չափանիշները, ընթացակարգը և ժամկետները: Որոշմամբ առաջարկվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշիվ մուտքագրելու համար պարզեցված ընթացակարգ կիրառել նաև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի, իսկ մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի փոխհատուցման դեպքում: Բացի այդ, առաջարկվում է պարզեցված ընթացակարգի կիրառման առումով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի առավելագույն չափը՝ 20 մլն դրամից դարձնել 40 մլն դրամ: Հստակեցվում է նաև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին կամ կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի որոշման կարգը: Միաժամանակ, առաջարկվում է էականորեն պարզեցնել ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգի կիրառման գործող կարգավորումները։
Նիկոլ Փաշինյանը նման որոշումների առումով կարևորել է տնտեսական արդյունքի գնահատելու մեխանիզմի առկայությունը: «Սա էլ է այն որոշումներից, որ, օրինակ, ինձ միշտ ամենաշատը հետաքրքրել է , թե սրա տնտեսական էֆեկտն ինչպիսին է լինելու մեր տնտեսության վրա: Եվ մենք պետք է դա գնահատելու ինչ-որ մեխանիզմ ունենանք: Լավ, այս որոշումը կայացրեցինք, ինքը ընդհանուր առմամբ պարզ է, դրական որոշում է, բայց նաև մենք սրանից կարողանալո՞ւ ենք տեսնել և չափել որոշակի շոշափելի տնտեսական էֆեկտներ», – ընդգծել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը կարևորել է նաև ողջ գործընթացի պատշաճ իրականացումը. «Մենք աշխատանքային կարգով էլ ենք այս թեմաները քննարկել: Շատ կարևոր է, որպեսզի այս ողջ պրոցեսը հանկարծ որևէ մի դրվագով, որևէ միջադեպով չմթագնվի: Այսինքն՝ մենք պետք է համոզված լինենք, որ վերադարձվում են ավելացված արժեքի այն հարկերը, որոնք իսկապես գեներացվել են, որոնք իսկապես առաջացել են, և որոնք իսկապես գոյություն ունեն: Եվ այս հարցում պետք է լինել սկզբունքային, ու այդ հարցում Պետական եկամուտների կոմիտեն կրում է այս պրոցեսի արդարության և օրինականության ողջ պատասխանատվությունը»:
Արտոնություններ՝ հերթական ներդրումային ծրագրերին
Գործադիրի որոշմամբ «ԱԷՍ թրեյդ» ՍՊԸ-ն կոօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է պոլիվինիլ քլորիդ պրոֆիլների արտադրության համար (լուսաթափանց կոնստրուկցիաներով դռների և պատուհանների արտադրություն)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 7,686,073,800 դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 64 աշխատատեղ, կստեղծվի ևս 30-40 նոր աշխատատեղ` 145,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 8,838,900,000 դրամ, որից 6,452,397,000 դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2,386,503,000 դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 7,686,073,800 դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 473,223,690 դրամ:
Մեկ այլ որոշմամբ «Սիլ-Մաազա» ՍՊԸ-ին տրամադրվել է ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնությունից օգտվելու թույլտվություն: 2012 թ.-ին հիմնադրված ընկերությունը զբաղվում է հյութերի, զովացուցիչ ըմպելիքների և ջրերի (նաև գազավորված) արտադրությամբ։ Ներկայում ընկերությունը ձեռք է բերել նոր շշերի կաղապարներ և պատրաստվում է ձեռք բերել նոր, ավելի մեծ արտադրողականություն ունեցող շշալցման հոսքագիծ, որը հնարավորություն կտա ընդլայնելու արտադրատեսականին և կնպաստի նախատեսված ներկրվող ապակյա շշերով շշալցման աշխատանքների արագ և արդյունավետ կազմակերպմանը: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 118,945,000 դրամի չափով ներդրում, որից սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 93 մլն դրամ, իսկ այլ ապրանքներ ձեռք բերելու համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 25.9 մլն դրամ։ Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 17 նոր աշխատատեղ` 160-170 հազ․ դրամ միջին աշխատավարձով:
Միջազգային համագործակցություն
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության, «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» ՓԲԸ ներդրողների և «Գրանատուս Վենչուրս» ՓԲԸ-ի միջև 2013 թ. հոկտեմբերի 12-ին կնքված գնման օպցիոնի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրի նախագծին: Որոշմամբ՝ վերոնշյալ համաձայնագրի կնքման և «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» ՓԲԸ-ի կողմից A դասի արտոնյալ բաժնետոմսերի մարման գործընթացը նախաձեռնելու դեպքում նախատեսվում է մասնակցել ընկերության կանոնադրական կապիտալում պետությանը պատկանող A դասի արտոնյալ բաժնետոմսերի ց մինչև 1,412 հատի մարման գործընթացին և իրականացնել դրա հետ կապված բոլոր անհրաժեշտ գործողությունները, այդ թվում՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով իրականացնել բաժնետոմսերի մարում: Ըստ այդմ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կվերապահվի ՀՀ կառավարության անունից գնման օպցիոնի պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիրը կնքելու, A դասի արտոնյալ բաժնետոմսերի մարման գործընթացին մասնակցելու, այդ թվում նաև բաժնետոմսերի մարման արդյունքում դրամական միջոցների ընդունման հետ կապված լիազորությունները: Այդ նպատակով առաջարկվում է գնման օպցիոնի պայմանագրում կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ օպցիոնի իրագործման պահի դրությամբ արդեն մարված A դասի արտոնյալ բաժնետոմսերի նկատմամբ ևս 3 տոկոս բարդ տոկոսադրույքով հաշվարկվող գումարի վճարման նպատակով: Այս եղանակով ՀՀ կառավարությունը կստանա լրացուցիչ դրամական միջոցներ: Արդյունքում կապահովվի ՀՀ կառավարության շահերի պատշաճ պաշտպանությունը և «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» ՓԲԸ-ում կառավարության կատարած ներդրման հետգնման գործընթացը:
Կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև առանձին միջազգային պայմանագրերի փոփոխության և ուժը կորցրած ճանաչելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Արձանագրությամբ նախատեսվում է հաստատել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման նոր նորմատիվները: Վերոնշյալ նորմատիվները նախատեսվում է սահմանել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հավելվածում՝ անժամ կետ: Միաժամանակ, նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել այն արձանագրությունները, որոնցով սահմանվել էին մինչ այս պահը գործող նորմատիվները:
Օրենսդրական նախաձեռնություններ
Հավանության է արժանացել «Տիեզերական գործունեության մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծերի ընդունման արդյունքում ՀՀ-ում կկանոնակարգվի տիեզերական գործունեության ոլորտը և Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը։ Նախագծով սահմանվում են տիեզերական գործունեության, տիեզերական տարածքի, տիեզերական օբյեկտի և մի շարք այլ հասկացությունները, նախատեսվում է այդ ոլորտի նպատակները, սկզբունքները, այն իրականացնող մարմինը, հսկողության կարգը և այլն: Նախատեսվում է նաև տիեզերական գործունեությունը ներառել լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում, որը հնարավորություն կընձեռնի հնարավորինս արդյունավետ իրականացնել ոլորտի կանոնակարգումը և վերահսկողությունը, ինչպես նաև կապահովի համապատասխան մուտքեր ՀՀ պետբյուջե: Կսահմանվեն նաև հարկային արտոնություններ տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար, որպեսզի այդ ոլորտում գործող ընկերությունները տնտեսական գործունեություն ծավալեն Հայաստանում։ Միաժամանակ, քանի որ նախագծով սահմանվում են պարտադիր վարքագծի կանոններ և նախատեսվում են որոշակի պարտավորություններ լրացումներ է կատարվում նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում՝ սահմանելով պատասխանատվություն օրենքով նախատեսված պարտավորությունների չկատարման համար:
Օրինագծի շուրջ ծավալվել է շահագրգիռ մտքերի փոխանակություն, դիտարկումներ է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը, նշել է, որ վատ չէ բիզնեսի համար հարմարավետ պայմաններ ստեղծելը: «Կարծում եմ՝ դա պետք է լինի մեր խնդիրներից մեկը, որովհետև հարկային արտոնության փիլիսոփայությունը ո՞րը պետք է լինի, որ թեկուզ ինքը նոմինալ տոկոսային առումով քիչ հարկ վճարի կամ չվճարի, բայց դրա գործունեության արդյունքում ավելի շատ հարկային միջոցներ գեներացվեն, որովհետև չկա առանձին վերցրած ոլորտ կամ ընկերություն: Ցանկացած ընկերության գործունեություն ունի որոշակի ազդեցություն այլ ընկերությունների, այլ ոլորտների վրա: Այնպես որ, ես չէի վախենա դրանից, որ մենք ինչ- որ ոլորտների համար ստեղծենք առանձնահատուկ, հարմարավետ պայմաններ, որոնք մեր երկրի համար ունեն առաջնահերթ նշանակություն»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է բարձրացրած հարցերի շրջանակը քննարկել արդեն կոնկրետության մեջ՝ հասկանալու համար, թե ինչն ինչ արդյունք է բերում:
Գործադիրը հավանություն է տվել նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ անձնական տվյալների մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումների, ներառյալ պատասխանատվություն նախատեսող դրույթներ սահմանելու միջոցով ապահովել քաղաքացիների անձնական կյանքը հարգելու, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների գաղտնիության պահպանման սահմանադրա ան իրավունքները: Կսահմանվի պացիենտների իրավունքների և պարտականությունների ճշգրտված, ավելի հստակ շրջանակ, ինչը կապահովի պացինետների իրավունքների առավել արդյունավետ իրացումը: Կսահմանվեն նաև իրավական հիմքեր և կարգավորումներ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կիրառման համար: Օրենսդրորեն կկանոնակարգվեն լայնածավալ արտակարգ իրավիճակների կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների դեպքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները: Բժշկական փորձաքննությունների ցանկի ճշգրտմ մբ կկարգավորվեն օրենսդրական առկա բացերը, կսահմանվեն պարտադիր դատաբժշկական փորձաքննությունների դեպքերը և ձևերը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ