Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունները կտրամադրվեն պետական վկայագրերի միջոցով

Հոկտեմբեր 24,2019 17:25

Կառավարությունը հաստատել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու կարգը, պետական վկայագրի ձևը: Համապատասխան որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումների պահանջով, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացման , դրանց որակի բարձրացման և հասանելիության ապահովման անհրաժեշտությամբ: Հիմնավորման համաձայն՝ ներկայում գործում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների 16 ՊՈԱԿ, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի 6 ծառայություն: Վերոհիշյալ կազմակերպություններում խնամքն իրականացվում է մեծ ինստիտուցիոնալ հաստատություններում, որտեղ շահառուները հիմնականում խնամվում են մեծ խմբերով, ինչը հիմնական պատճառ է հանդիսանում նրանց ոչ բավարար խնամքի իրականացման համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է կարգավորել ՀՀ պետբյուջեի միջոցներով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Պետական վկայագրի միջոցով խնամքի ծառայությունների համար անհրաժեշտ միջոցները կտրամադրվեն ՀՀ պետբյուջեով համապատասխան ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին: Այդ նպատակով, սույն նախագծի ընդունումից հետո կներկայացվի առաջարկություն ՀՀ 2020 թ. պետբյուջեում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ: 2020 թ. համար կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին շուրջօրյա խնամքի ծառայությունները վկայագրի միջոցով մատուցելու համար կպահանջվի 20.037,5 հազ. դրամ, իսկ ցերեկային խնամքի ծառայությունների համար՝ 7.932.500 հազ. դրամ:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կարծում եմ՝ մենք պետք է արձանագրենք, որ սա շատ կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխման կարևոր բաղադրիչ է: Մենք շատ հաճախ մեր բարեփոխումների գործընթացը պետք է ներկայացնենք ոչ այնքան պաշտոնական, որքան՝ առօրյա լեզվով: Վերջին շրջանում աղմուկ է ձևավորվում, թե իբր մենք տարեցների խնամքի տուն ենք փակում, կամ գիշերօթիկ դպրոցի հետ կապված աղմուկ կա: Կարծում եմ՝ մենք պետք է շատ հստակ արձանագրենք, թե ինչ ենք անում: Մենք անում ենք հետևյալը՝ այդ հաստատություններում ծառայությունները մրցույթով արտապատվիրակում ենք մասնավոր կամ բարեգործական կազմակերպությունների»,- նշել է կառավարության ղեկավարը: Այսինքն՝ պետությունը հայտարարած մրցույթի արդյունքում ընտրած կազմակերպությունը պետք է ծառայություններ մատուցի տարեցներին, խնամքի անհրաժեշտություն ունեցող քաղաքացիներին:

«Արդյունքում շահառուները՝ տարեցները, ոչ թե կհայտնվեն «կալանավորի» կարգավիճակում այս կամ այն կազմակերպությանը, այլ նաև հնարավորություն կունենան՝ վերաբերմունք արտահայտելով, արտահայտել նաև պետության վերաբերմունքը այս կամ այն կազմակերպության նկատմամբ»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնել է նաև, որ Գյումրիում հանդիպել է տուն-ինտերնատի աշխատանքային կոլեկտիվին: «Նույնիսկ վիզուալ կարելի էր տեսնել, որ պատշաճ ծառայություն չի մատուցվում, որովհետև այդ համակարգը հնացած է: Պետք է շահառուն լինի սուբյեկտը, որը հնարավորություն կունենա գնահատելու մատուցվող ծառայությունների որակը, ասել՝ գոհ է, թե դժգոհ»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Գյումրիում գիշերօթիկ դպրոց փակելու հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Մենք պարզեցինք, որ այնտեղ ավելի շատ աշխատող կա, քան երեխա: Ասում են՝ աշխատատեղ է, բայց այդտեղ երեխան է մեր շահառուն: Այնտեղ մեր խնդիրը աշխատատեղ ստեղծելը չէ, մեր խնդիրն է, որ երեխայի շահերը պաշտպանենք: Այս փոփոխությունները նրա համար են, որ միջոցները գնան երեխայի հետևից, մտնեն նրա ընտանիք, փորձեն այնտեղ որոշակի ներդրում անել, որ այդ ընտանիքն ավելի բարենպաստ միջավայր դառնա երեխայի համար: Մեր այս համակարգերը որոշակի շերտավորման ֆոն են ստեղծել, մենք առանց սենտիմենտների դրա դեմ պետք է պայքարենք»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ 2020 թ.-ից 3300 երեխայի համար ՀՀ 10 մարզերում կտրամադրվեն ցերեկային ծառայություններ: Նախարարի խոսքով՝ դա հնարավորություն կտա, որ երեխան ոչ թե քնի գիշերօթիկում, այլ ապրի իր ընտանիքում, հաճախի իր համայնքի դպրոց: «Մենք ապահովում ենք աջակցություն ընտանիքին՝ կենցաղային պայմանների բարելավում, աշխատանքային հնարավորությունների ստեղծում, և միայն դրա արդյունքում կարող են ապահովել երեխայի վերադարձն ընտանիք»,- ասել է Զ.Բաթոյանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծառայությունների մատուցման նկատմամբ խիստ վերահսկողությունը. «Շատ կարևոր է նաև, որ այս ինստիտուցիոնալ բարեփոխումների նկատմամբ շատ խիստ վերահսկողություն ունենանք, որ այդ կոպեկ փախցնողների հնարավոր վտանգները խստորեն վերահսկենք և կառավարենք: Շատ կարևոր է, որ այդ գումարները հասնեն ճշգրիտ հասցեատերին: Այստեղ մեր բոլոր վերահսկողական մեխանիզմները պետք է շատ հստակ աշխատեն»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031