Այսօր կեսօրին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանը, որոնք վարչապետի հետ շրջեցին ենթակայանի տարածքում:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, որը նույնպես այստեղ էր, ասաց, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվել են շուրջ 130 միլիոն դոլար արժողությամբ ծրագրեր՝ Հայաստանի հանրապետության էներգահամակարգի հուսալիությունը բարձրացնելու համար: Ըստ նրա, այդ ծրագրի շրջանակներում ավարտին են հասցվել Հրազդան ՋԷԿ-ը, Շինուհայր ենթակայանին միացնող շուրջ 230 կիլոմետր երկարությամբ 220 կիլովատ լարման օդային գծի կառուցման աշխատանքները եւ այլն: Նախարարը նաեւ հայտնեց, որ «Հաղթանակ» ենթակայանի վերագործարկումը եւս Համաշխարհային բանկի աջակցությամբ է եւ արժեցել է 14 միլիոն դոլար. «Այս ենթակայանը շատ կարեւոր նշանակություն ունի Երեւանի Հարավ-արեւմտյան հատվածի եւ Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի հուսալի էներգամատակարարման համար: Բարձրացել է էլեկտրական ցանցի հզորությունը, նվազեցվել է վթարների հավանականությունը»:
Կարդացեք նաև
Նախարարը կարեւոր համարեց, որ ենթակայանի վերագործարկման աշխատանքներին մասնակցել են միայն հայկական ենթակապալառուներ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ