Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկարատեւ թթվագոյացումը սպառնում է ջրի որակին». դատարանը քննում է ջերմուկցիների հայցը

Հոկտեմբեր 24,2019 16:35

ՀՀ վարչական դատարանում այսօր դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ շարունակվեց 19 ջերմուկցիների՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի դեմ ուղղված հայցի քննությունը:

Հիշեցնենք, որ այս հայցադիմումով ջերմուկցիները դատարանից պահանջում են պարտավորեցնել պատասխանողին՝ նախարար Էրիկ Գրիգորյանին, ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկու հանքի առնչությամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննական եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 2016թ. ապրիլի 29–ի՝ դրա հաստատումը։

Քանի որ նախորդ նիստում գործը նշանակվել էր դատաքննության, այսօր ջերմուկցիների շահերի պաշտպան, փաստաբան Նազելի Վարդանյանը ներկայացրեց հայցի բովանդակությունը: Նախ նշեց, որ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձագիտական կենտրոնը չի գնահատել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման պարագայում թվային դրենաժի բացասական ազդեցությունը՝ շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա:

https://www.facebook.com/aravot.am/videos/777295666053829/

Նազելի Վարդանյանը նշեց. «Միջազգային փորձագետները փաստել են, որ «Լիդիան Արմենիա»-ի՝ Ամուլսարի շահագործման նախագիծը չունի պատշաճ բնապահպանական գնահատական, իսկ երկարատեւ թթվագոյացումը սպառնում է  ջրի որակին, մինչ «Լիդիան»-ը ներկայացնում է, թե ազդեցությունն աննշան է լինելու: Թթվային դրենաժի ազդեցությունն առհասարակ չի գնահատվել: Փորձագետները նշում են նաեւ, որ ընկերությունը ոչ բավարար երկրաքիմիական փորձարկումներ է արել: Չի գնահատվել նաեւ մետաղի արտազատման բարձր մակարդակը: Միջազգային չորս փորձագետներ փաստել են, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը կատարվել է թերի: Այդ թերությունները գրված են մեր՝ դատարանին ներկայացված փաստաթղթերում, եւ դրանք «Լիդիան»-ը թաքցրել է փորձաքննություն իրականացնող մարմնից: Շրջակա միջավայրի նախարարության՝ Ամուլսարի շահագործման ծրագրին տրված դրական եզրակացությունը եւ դրա՝ նախարարի հաստատումը պետք է ուժը կորցրած ճանաչել: Էրիկ Գրիգորյանն ուժը կորցրած չի ճանաչել հանքի շահագործման 2016թ.-ի դրական եզրակացությունը, թեեւ «Էլարդ»-ի ուսումնասիրությամբ՝ նոր ի հայտ եկած հանգամանքներ են եղել: Դա վտանգում է մարդկանց առողջությունը եւ շրջակա միջավայրը»:

Նազելի Վարդանյանը նաեւ մատնանշեց, որ հանքի շահագործումը վտանգելու է կենսաբազմազանությունը, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներին ու  բուսատեսակներին, ինչպես նաեւ՝ Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային գրավչությունը:

Ըստ Նազելի Վարդանյանի՝ գիտնականները նաեւ փաստել են, որ հանքի շահագործման հետեւանքով թթվային հոսքը տասնյակ տարիներ է տեւելու, եւ կառավարության վրա հանքի շահագործման հետեւանքների վերացումը բավականին թանկ է նստելու:

Դատարանում հայցի քննությունը շարունակվում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031