«Նախկին գյուղնախարարներից մեկը հեռուստաեթերից մի անգամ ասաց` խոսքը բրուցելոզ հիվանդության մասին էր, որը այդ շրջանում տարածված էր, եթե գյուղացիները չզբաղվեն կովերի խնամքով, ապա նրանք ենթակա կլինեն ոչնչացման: Ովքե՞ր… Խոսքը նախկին նախարարի մասին է, բայց այնպես չէ, որ ներկայիս նախարարները…»,- այսօր Մամուլի ազգային ակումբում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի աշխատանքային տարբերակի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ օրինակ բերեց ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրա Ավետիսյանը:
ՀՀ ԿԳՄՄ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը հակադարձեց`տեսեք, բուհերում հայոց լեզվի դասավանդումը կար, բայց դա չօգնեց նախարարին:
ԵրՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Նարինե Դիլբարյանն էլ միջամտեց. ««Եթե հանենք, աղետ կլինի»:
Քննարկվող նախագծի աշխատանքային տարբերակով նախատեսվում է հայոց լեզվի եւ հայոց պատմության ուսուցանումը բակալավրի կրթական համակարգից հանել:
Կարդացեք նաև
ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը բերեց Ռումինիայի սենատի օրինակը, որը հոկտեմբերի 12-ն օրերս հռչակեց Հայոց լեզվի եւ մշակույթի օր ու նկատեց`այնպես չստացվի, որ օտարները մեզնից պատշաճ են վերաբերվում մեր լեզվին:
Յուրա Ավետիսյանը կարծում է, որ դա միտումնավոր է արվում`քաղաքական կամ ենթաքաղաքական հանգամանքներից ելնելով: Կա նաեւ երկրորդ տարբերակը`վիճակը թելադրվել է մշակվող կրթական քաղաքականության տրամաբանությունից ելնելով: Իսկ դա, ըստ բանախոսի, հետեւյալն է ԲՈՒՀ-երին բացարձակ ինքնավարություն ենք տալիս եւ ԲՈՒՀ-երն իրենց կրթական ծրագրերը պետք է որոշեն: «Սա տրամաբանական է, բայց դարձյալ հարցեր են առաջանում`այդ դեպքում, ինչո՞ւ է ի վերուստ ուղղափառ հետեւողականությամբ ուղղորդվում, որ հայագիտական առարկաները ժամանակավրեպ են, խլում են մասնագիտական առարկաների ժամերը»: Միաժամանակ, պարոն Ավետիսյանն այն կարծիքին է, որ քննարկվող տարբերակում, ԲՈՒՀ-երի ինքնավարության մակարդակը զրոյական է: Նա ահազանգում է`այնպիսի համակարգ է ներդրվում, որով «28 տարեկան, բերման ենթարկված անձնավորությունը դառնում է ԵՊՀ ռեկտոր»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Յուրա Ավետիսյանը լուծման երկու տարբերակ ունի, մեկն իր բնորոշմամբ` ազգային հայրենասիրական բովանդակություն ունի` հաշվի առնելով հայոց լեզվի եւ պատմության բացառիկ դերը մեր կրթական համակարգում, նաեւ այն, որ հայոց լեզուն գործիք է մասնագիտությունը սովորելու համար ու այդ գործիքը անընդհատ պետք է կատարելագործվի, ուստի հայոց լեզուն պետք է պարտադիր դասավանդվի ԲՈՒՀ-երում: Եթե այդ հոդվածը չենք ամրագրում, ապա, նրա պնդմամբ, գերակա ենք համարում «Լեզվի մասին» գործող օրենքը, որով պարտադիր է համարվում երկու կիսամյակ հայոց լեզվի ուսուցումը ԲՈՒՀ-երում:
Նարինե Դիլբարյանի կարծիքով էլ ԲՈՒՀ-երում հայերենի ուսուցանումը բոլորովին չի նշանակում, որ ազգային կրթություն ենք տալիս եւ հակադրվում ենք միջազգային կրթության հետ: Նա նկատում է, որ կրթական համակարգում ընդհանրապես հայոց լեզվի դասավանդման խնդիր ունենք. «Խոսքի որակը ՀՀ-ում բավարար չէ, նաեւ գիտական, պետական եւ պաշտոնական ոլորտում»: Բանախոսը ճանաչում է ճարտարագետների, բժիշկների, որոնք հայերեն չեն խոսում, որովհետեւ չգիտեն:
Այլ մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում
Նարինե Դիլբարյանն առաջարկում է, որ հայոց լեզվի եւ հայոց պատմության դասավանդման անհրաժեշտությունը ամրագրվի օրենքով եւ դասավանդվի մասնագիտական հայերեն: Նա չի ընդունում նաեւ այս առիթով առաջացած դպրոց-ԲՈՒՀ հակադրությունները: Նկատում է, որ դպրոցներում եւ ԲՈՒՀ-երում դասավանդվող հայերենները տարբեր են:
Բանախոսի կարծիքով, պետական պաշտոնյաները նաեւ հայերենից պետք է քննություն հանձնեն`«խոսքի մշակույթից, ոչ թե քերականությունից»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ