Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն էլ տվեց բացատրություն, որով, անկեղծ ասած, որևէ ձևով ինձ չհամոզեց». Վարուժան Հոկտանյան

Հոկտեմբեր 24,2019 14:26

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի համար պարզաբանումը, թե ինչու են գաղտնի կերպով բարձրացրել նախարարների աշխատավարձերը, համոզիչ չէ:

«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Վարուժան Հոկտանյանն այս առիթով ասաց. «Երեկ էլ ՀՀ վարչապետը տվեց բացատրություն, որով, անկեղծ ասած, որևէ ձևով չհամոզեց: Ես այստեղ կոռուպցիայի լրացուցիչ ռիսկեր չեմ տեսնում: Այնպես չէ, որ եթե գաղտնի եղավ, կոռուպցիոն ռիսկերն ավելանալու են: Այդ նախարարները, եթե կոռուպցիայի մեջ ներքաշված են, դժվար թե դա ավելի վատացնի իրավիճակը: Ընդհակառակը: Միշտ ասել եմ և շարունակում եմ կրկնել. հանրային ծառայողների և  պետական պաշտոնյաների աշխատավարձը պետք է արժանավայել լինի: Նախապայմանը, որ պաշտոնատար անձը չներքաշվի կոռուպցիայի մեջ, աշխատավարձն է, արժանավայել կյանքի պայմաններ ունենալը՝ նաև սոցիալական երաշխիքները: Իսկ կոռուպցիան չի կարող լինել առանց հանրային ծառայողների ներգրավման»:

Վարուժան Հոկտանյանի համար հարց է այն, թե նախարարների աշխատավարձի բարձրացումը որքանո՞վ էր ճիշտ՝ կատարել գաղտնի կերպով. «Արդարացումներ հնչեցին, թե մինչև մայիսի 31-ը, որ նախարարները հայտարարագրերը ներկայացնեն, կիմանայինք այդտեղից, հուսով ենք՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ ստեղծվելիք, երբ հունիսին հրապարակի այդ տվյալները, այդ ժամանակ կիմանանք այդ ամենը: Բայց, կներեք, շատ թույլ արդարացում է»:

Վարուժան Հոկտանյանն ասաց, որ հանրային ծառայողների աշխատավարձերը ձևավորվում են աշխատավարձ, պարգևատրում և լրացուցիչ աշխատավարձ գումարելիներով և պարզաբանեց. «Մեր այրերը, որ այդ հերոսությունն արեցին, չի կարող պատահել, որ ուղղակի բռնել են՝ օրենք փոխել: Հնարավոր է՝ պարգևատրումների և լրացուցիչ աշխատավարձի մանիպուլյացիայի արդյունքում է եղել: Չունեմ այդ գաղտնի պաշտոնական փաստաթուղթը, որտեղից երևա՝ գումարելիները որքան են աճել: Ենթադրում եմ՝ ինչ-որ բան արվել է, և օրենք չի խախտվել: Օրենքի խախտում դա շատ համարձակ կլինի ասել: Չեմ պատկերացնում, որ վարչապետի կամ փոխվարչապետի աշխատակազմում այդքան անգրագետ մարդիկ են նստած, որ օրենք ենք խախտում: Գումարելիները մի քիչ մեծացնելով՝ կարող ես առանց օրենք խախտելու աշխատավարձ բարձրացնել: Խնդիրը միայն այն է, որ գաղտնի է արվում. նպատակը համարում եմ ճիշտ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031