Լրահոս
Օրվա լրահոսը

«Համակարգային կոռուպցիայի վարչական, ոչ տնտեսական հիմքերը եթե ոչ վերացած, ապա էապես թուլացած են». Վարուժան Հոկտանյան

Հոկտեմբեր 24,2019 13:48

«Համակարգային կոռուպցիայի վարչական հիմքերը վերացած չեն, բայց էապես թուլացած են»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Ըստ նրա՝ 2018-ի իրադարձություններից հետո Հայաստանում լուրջ նախապայմաններ ստեղծվեցին առաջին հերթին դուրս գալու այն իրավիճակից, որում ՀՀ-ն էր գտնվում որպես համակարգային կոռուպցիայով երկիր. «Այդ իրավիճակը փաստորեն կա: Սա կարող եմ հստակ ասել: Այն համաթվերը, որոնք նկարագրում են կոռուպցիայի ընկալումը այդ տարիներին՝ 2003-2018-ին դրա մասին են վկայում: Իսկ այդ համաթվերը երբեք հարցականի տակ չեն դրվել նախորդ իշխանության ժամանակ»:

Վարուժան Հոկտանյանը տեղեկացրեց, որ 2019-ի համաթիվը կհրապարակվի 2020-ին, և այդ ժամանակ պարզ կդառնա՝ առաջընթաց կա՞, թե՞ ոչ. «Որոշակի քայլեր, որոնք արվեցին, ցույց են տալիս, որ կա քաղաքական կամք՝ ի տարբերություն նախորդ իշխանությունների, որոնց քաղաքական կամքը միայն իրավական ակտեր ընդունելով էր դրսևորվում, որոնք մնում էին թղթի վրա: Այս նոր իշխանության օրոք տեսնենք՝ ինչ տեղի կունենա»:

Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ համակարգային կոռուպցիայի վարչական, ոչ տնտեսական հիմքերը եթե ոչ վերացած, ապա էապես թուլացած են: Ըստ նրա՝ խնդրահարույց է իշխանության ճյուղերից հատկապես դատական իշխանության անկախության հարցը: Նա մանրամասնեց. «Իշխանության ճյուղերի միջև զսպիչների, իրարից անկախ լինելու հանգամանքն է. առաջին հերթին դատական իշխանության անկախության հարցում ես որոշակի խնդիրներ տեսնում եմ: Դեռևս չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունենում՝ կապված դատական համակարգի հետ և արդյունքն ինչ կլինի. Կունենա՞նք անկախ դատական  համակարգ, թե՞ ոչ՝, որն այժմ կախված կլինի նոր իշխանության կողմից ղեկավարվող գործադիրի՞ց, դա այլ հարց է»:

Հիշեցնելով, որ հոկտեմբերի 3-ին ընդունվեց հակակոռուպցիոն ռազմավարությունը, Վարուժան Հոկտանյանը նկատեց, «Ինչպես ասում են՝ սատանան իմպլեմենտացիայի, կիրառության մեջ է. ռազմավարությունը կա: Սա է գլխավոր խնդիրն ինձ համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031