Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում նշեց այն հիմնական թեմաները, որոնց շուրջ վերջին շրջանում քարոզչություն է իրականացվում. «Ընդհանուր առմամբ կա մի քանի թեմա, որոնք միշտ եղել են քարոզչական զործիքակազմում։ Առաջինը Արցախի թեման է: Դա միշտ եղել է այն լծակներից, որը ե՛ւ իշխանությունն է օգտագործել ընդդիմության դեմ, ե՛ւ ընդդիմությունը՝ իշխանության դեմ, բոլոր հնարավոր տարբերակներով։ Այդ ավանդույթները, կարծում եմ, շարունակվում են եւ կշարունակվեն։
Մյուս թեման ազգային արժեքներն են։ Եվրոպական երկրների շրջանակներում արված հարցումներով էլ երեւում է, որ մենք ամենաավանդապաշտ եւ պահպանողական երկրների շարքում ենք։ Բնականաբար, այդ տեսակի թեմաները միշտ օգտագործվում են։ Այդ թեմաներից մեկը եկեղեցու եւ կրոնական թեման է, մյուսը բոլոր տեսակի փոքրամասնությունների, հիմնականում՝ ԼԳԲՏ-ների. շուրջ քարոզչական գործիքակազմն է։ Այդ թեման անընդհատ կա, ձեւափոխվում է, ու քանի որ հանրային հետաքրքրություն կա այս թեմայի շուրջ, դրա համար այն միշտ կիրառվում է»։
Փորձագետի խոսքով՝ մյուս կարեւոր թեման հասարակությանը բնորոշ դավադրապաշտական պատկերացումներն են. «Դա այն է, երբ հանրության մեջ կարելի է ինչ-որ տրամադրություններ ստեղծել, ելնելով նրանից, թե գոյություն ունի չարիքի մի կենտրոն, որը բացասական է ազդում կյանքի որակի վրա, անվտանգության վրա։ Այդ թեմաներն այն ժամանակ են եղել, ասում էին, որ իբր տնտեսությունը մի մարդու ձեռքում է: Հիմա ակտուալ տարբերակը «Սորոս»–ն է: Ընդհանուր առմամբ խորհրդային տարածքի ժողովուրդները բավականին լրջորեն այս ամեն ինչի մեջ են։ Ենթադրում եմ, որ սրա վրա ազդել է խորհրդային ժամանակների պետական քարոզչությունը, որն այն ժամանակ էլի դավադրապաշտական էր։ Օրինակ՝ իբր ամեն ինչի հետեւում «ЦРУ»–ն է եւ այլն։ Այդ տրամադրությունները, կարծում եմ, ազդել են ու բավականին հեշտ մանիպուլյատիվ թեմաներ առաջացնելու ձեւ է»։
Հարցին որքանո՞վ են այդ թեմաները հանրության ուշադրությանն արժանանում, Մարտիրոսյանը պատասխանեց. «Օրինակ՝ սոցցանցերում ինչ-որ մի թեմա կարող է աղմուկ հանել, բայց իրական աշխարհում դա կարող է մարդկանցից հեռու լինել։ Մյուս կողմից, քանի որ այդ թեման աղմուկ է հանում կարծիք ձեւավորողների շրջանակներում ու իրենց մոտ տպավորություն է ստեղծվում, թե բոլորն այդ թեմայի մասին են խոսում, նրանք սկսում են այդ թեման բորբոքել եւ ուշ թե շուտ այդ թեման իրականություն է դառնում։ Մենք մի տարօրինակ ժամանակաշրջանում ենք ապրում, երբ չեղած տեղը ինչ-որ մի բան կարող է դաոնալ «բոլոլա», զուտ այն պատճառով, որ ինչ-որ մեկին կարող է թվալ, թե դա շատ կարեւոր թեմա է: Եվ «Ֆեյսբուք»–ն իր ալգորիթմով կարող է մարդկանց մեջ պարզապես տպավորություն ստեղծել, թե այդ թեման կարետր է: Այսինքն՝ իրականում այդ թեմայի շուրջ կարող են խոսել 500 հոգի, բայց ընթերցողի մեջ կարող է տպավորություն ստեղծվել, թե բոլորը դրա մասին են խոսում։ Ու հակառակը՝ բոլորը կարող են խոսել ինչ-որ թեմայից, բայց տպավորություն ստեղծվի, որ այդ թեման գոյություն չունի»։
Կարդացեք նաև
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում