Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ի՞նչ ասեն այն ուսուցիչները, որոնց աշխատավարձը կառավարությունը որոշեց ավելացնել 10 տոկոսով։ 10 անգամ ավելի քիչ, քան նախարարներինն ու փոխնախարարներինը. «168 ժամ»

Հոկտեմբեր 24,2019 12:34

Երբ քննարկվում էր նվազագույն աշխատավարձն ավելացնելու հարցը՝ կառավարությունը կտրուկ դեմ արտահայտվեց նաեւ բազային աշխատավարձի ավելացմանը։ Ու որքան էլ նվազագույն աշխատավարձն ու բազայինը փոխկապակցված են, դրան նույնիսկ ուշադրություն չդարձվեց։

Հիմա արդեն պարզ է, թե ինչո՞ւ։ Այսպես թե այնպես, լուծվել է քաղաքական էլիտայի վարձատրության խնդիրը։ Հասարակության աչքից հեռու նրանք կրկնակի ավելի շատ փող են ստանում, քան պիտի ստանային։ Իսկ մնացածը թող բավարարվեն նրանով, ինչ կա։ Ոչինչ, որ առանց այն էլ՝ նրանց աշխատավարձերը ցածր են։

Հիմա ի՞նչ ասեն այն բազմահազար ուսուցիչները, որոնց աշխատավարձը կառավարությունը որոշեց ավելացնել 10 տոկոսով։ 10 անգամ ավելի քիչ, քան նախարարներինն ու փոխնախարարներինը, աշխատակազմերի ղեկավարներինն ու մարզպետներինը։ Նրանց աշխատանքը պակա՞ս կարեւոր է, որ այսօր, առանց այդ էլ գրեթե 10 անգամ ցածր աշխատավարձ են ստանում, քան, ասենք, կրթության նախարարի պաշտոնական դրույքաչափն է։

Արժե հավանաբար վերհիշել պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 2013թ. ելույթի նաեւ այն հատվածը, որը վերաբերում էր ուսուցիչների աշխատավարձերին։

«Նրանք կասեն, որ 2014 թվականի բյուջեով աշխատավարձերի, թոշակների ընդհանրական բարձրացում է նախատեսվում։ Այո, նախատեսվում է. օրինակ, ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է 4,7 տոկոսով, եւ եթե ուսուցիչն այսօր ԿԳ նախարարից 2,3 անգամ պակաս աշխատավարձ է ստանում, այս նախագծի ընդունման պարագայում պակաս է ստանալու 5,3 անգամ»,– ասում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։

Հարց է առաջանում, իսկ այն ժամանակ, երբ նա կառավարության ղեկավարի դերում որոշում էր կրկնապատկել բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության չափը, անկախ նրանից, թե դա ինչ տեսքով էր լինելու, հաշվարկե՞լ է, թե հիմա քանի անգամով է նախարարի ստացած գումարն ավելի ուսուցչի աշխատավարձից։ Եթե չի հաշվարկել, ապա ասենք, որ առնվազն 15 անգամ։

Բա ինչո՞ւ հիմա Նիկոլ Փաշինյանն այնպես չի անում, որ այս տարբերությունը կրճատվի, եւ ոչ թե՝ խորանա, թե՞ այլեւս կարևոր չէ՝ քանի անգամ կլինի կրթության նախարարի եւ ուսուցչի աշխատավարձերի տարբերությունը։

Որեւէ մեկը չի ասում, թե պետական բարձրաստիճան պաշտոնյաները չպետք է արժանապատիվ աշխատավարձ չստանան։ Թերևս, դրա համար էլ նրանց աշխատավարձերն ավելի բարձր են, քան մյուսներինը։ Արդարության համար սահմանվել են որոշակի չափանիշներ, որոնց համաձայն էլ որոշվում են վարձատրության չափերը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հավանաբար որոշել է փոխել խաղի կանոններն ու այնպես է արել, որ բարձրաստիճան պաշտոնյաները շատ ավելի պիտի ստանան, քան իրենց ենթակաները։

Գուցե 700 կամ 800 հազար դրամը բավարար չէ, որպեսզի նախարարն անհոգ կյանքով ապրի։ Իսկ ի՞նչ պետք է անեն այն պետական ծառայողները, ովքեր 50, 100 կամ նույնիսկ 200 հազար դրամ են ստանում։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031