Լրահոս
Օրվա լրահոսը

Տարվա ընթացքում պետական պարտքն ավելացել է 129 մլն դոլարով. պետական պարտքը հատել է 7 մլրդ դոլարի սահմանագիծը. «168 ժամ»

Հոկտեմբեր 24,2019 12:05

Չնայած ժամանակին ձեւավորված սպասումներին, այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը եւս վարկային գումարներից հրաժարվելու մտադրություն չունի եւ պատրաստվում է այդ առումով իրականացնել ոչ պակաս ագրեսիվ քաղաքականություն, քան նախորդներն էին իրականացնում։ Ու որքան էլ իշխանության քաղաքական թիմը ժամանակին քննադատում էր նախորդներին՝ երկիրը պարտքերի մեջ թաղելու համար, այսօր արդարացնում է նոր վարկերի ներգրավումը։

Իսկ այն, որ իշխանափոխությունից հետո պետական պարտքի աճը դանդաղել է, դեռ չի նշանակում, թե կառավարությունը դադարել է պարտք վերցնել։ Խնդիրն ընդամենը նախատեսված ծրագրերի իրականացման հետ է կապված։ Իշխանափոխությունից հետո դրանք հետ են մնացել ժամանակացույցերից։ Եվ, որ ավելի վատ է, կառավարությունը չի կարողանում գործընթացները վերադարձել բնականոն հուն, ինչի հետեւանքով տպավորություն է ստեղծվում, թե վարկերի ներգրավումը սառեցվել է։

Վարկերի ներգրավումից կառավարությունը չի հրաժարվել եւ չի էլ պատրաստվում հրաժարվել։ Այն այսօր գտնվում է երբեւէ արձանագրված ամենաբարձր կետում։

Պաշտոնական տվյալներով պետական պարտքը հատել է 7 մլրդ դոլարի սահմանագիծը։ Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 7 մլրդ 51 մլն դոլար։

Տարվա ընթացքում պետական պարտքն ավելացել է 129 մլն դոլարով։ Եթե մինչև վերջերս դա արտահայտվում էր միայն ներքին պարտքի աճի տեսքով, ապա հիմա սկսել է ավելանալ նաեւ արտաքին պարտքը։ Ընդ որում, գերազանցապես կառավարության պարտավորությունների գծով։ Կենտրոնական բանկն արտաքին պարտքերի ներգրավման առումով շատ ավելի պասիվ է։ Պատահական չէ, որ տարվա ընթացքում այն ունեցել է նույնիսկ պարտավորությունների կրճատում։ Անցած տարվա վերջի 550 մլն դոլարից ԿԲ արտաքին պարտքն իջել է մինչև 512 միլիոնի։ Այսինքն՝ 38 միլիոնով կրճատվել է։

Պետք է ենթադրել, որ պասիվ պարտքային այս քաղաքականությունը կապված է ԿԲ արտաքին պահուստների համալրման հետ։ Ներքին ֆինանսական շուկայում այս տարի նկատվող տարադրամի առատությունը թույլ է տվել զգալիորեն ավելացնել պահուստները, եւ հավելյալ վարկային միջոցների ներգրավման անհրաժեշտություն, ըստ էության, չկա։

Եթե մինչեւ վերջերս Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, որ իր կառավարությանը հաջողվել է նվազեցնել արտաքին պարտքը, ապա հիմա արդեն այդպես չէ։ Կառավարության արտաքին պարտքն առաջին անգամ հատել է 5 մլրդ դրամի սահմանը։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 5 մլրդ 31 մլն դոլար։ Արտաքին պարտքի ակտիվ համալրում է տեղի ունեցել հատկապես սեպտեմբերի ընթացքում։ Այդ ամսին կառավարության պարտավորությունները դրսի ֆինանսական կազմակերպությունների ու դոնոր երկրների նկատմամբ ավելացել է միանգամից 123 մլն դոլարով։

Մինչեւ վերջերս կառավարությունը շատ ավելի ակտիվ պարտքային քաղաքականություն էր իրականացնում ներքին շուկայում։ Դրա հետևանքով ներքին պարտքը սկսել էր արագորեն ավելանալ։ Դժվար է ասել, կառավարությունը մտափոխվե՞լ է, թե՞ ոչ, բայց սեպտեմբերին ներքին պարտքը դադարել է համալրվել։ Ավելին, նախորդ ամսվա համեմատ՝ նույնիսկ նվազել է։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031