Պարբերական բնույթ ստացած քրեական գործերի, ձերբակալությունների շղթան, իշխանության գաղտնի գործելաոճն ու առկա վարքագիծը ստեղծում են մի մթնոլորտ, որի հետևանքով իշխանության նկատմամբ քննադատությունն էլ ավելի է սրվում: Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով, խնդիրն այն չէ, թե վերոնշյալի առումով իշխանությունն ինչ հարցերի առաջ կկանգնի:
Ըստ նրա՝ խնդիրն ու դրանից բխող վտանգներն ավելի խորքային են:
«Նախ՝ այսօր տեղի ունեցողի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, պարզապես այդ ամենը նա իրականացնում է կառավարության և ուժային կառույցների տարբեր ներկայացուցիչների ձեռքերով: Իսկ գործողությունները շատ դեպքերում անընդունելի են հասարակության համար թե՛ իրավական, թե՛ բարոյական տեսանկյունից: ՍԴ-ի շուրջ խայտառակ գործընթաց, ընտանիքի անդամների ներքաշում, անձերի ձերբակալում, որոնց դեպքում իրավական հիմքերը գրեթե զրոյական են: Զուգահեռ՝ այլ խայտառակ գործընթաց, ըստ որի՝ յուրայինների՝ նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձերը բարձրացվել են: Ու սա այն պարագայում, երբ նրանցից 98 տոկոսն աշխատանքային փորձ չունի: Իսկ վարչապետի խոսնակն ավելի լավ կլիներ չմեկնաբաներ վերոնշյալը: Հարցն այն է, որ պրն Փաշինյանը մտածում է, թե իր վարկանիշը հասարակության մոտ այնքան բարձր է, որ ինչ էլ անի՝ հասարակությունն իրեն կների: Քննադատվող գործելաոճը շարունակվում է, որովհետև մտածում են, թե անձեռնմխելի են, անպատժելի, որովհետև, ինչպես իրենք են իրենց անվանում, լեգիտիմ են: Մտածում են՝ ինչ ուզենան՝ կանեն, և հասարակությունը պետք է նստի ու, ականջները թափ տալով, ընդունի այդ պահվածքը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը՝ անելով հետևյալ հարցադրումը:
«Օրինակ՝ ո՞վ է թույլ տվել, որ իմ վճարած հարկերի հաշվին կրկնապատկեն իմ կողմից չընդունված ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների աշխատավարձերը: Եթե մտածում է նրանց բարեկեցության մասին, թող Աննա Հակոբյանի երկու հիմնադրամներից վճարի նրանց: Սա զայրացնում է հասարակության լայն շերտերին: Իսկ անընդունելի ու զավեշտալի պահը գաղտնիությունն է: Մեծ հաշվով, կարելի է ասել, որ էյֆորիայի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը քաղաքական խարակիրիով է զբաղվում. բացահայտ իր վարկանիշի հետ է խաղում:
Կարդացեք նաև
Արվում են քայլեր, որոնք քաղաքականության մեջ որակվում են որպես քաղաքական ինքնասպանություն. երբ մտածում ես, որ անպատժելի ես, ինչ ուզես՝ կանես, արդյունքում ուղղակիորեն և ժամ առ ժամ մաշում ես այն վարկանիշը, որը կար ժամանակին, և որի շնորհիվ ստացել ես իշխանությունը»,-ասաց մեր զրուցակիցը:
Գագիկ Համբարյանն առաջին անգամը չէ, որ շեշտում է հեղափոխության հիմնական պատճառի՝ անպատժելիության մասին:
«Այդուհանդերձ, նախորդ իշխանությունների ժամանակ մեծ թիվ էր կազմում ինտելեկտուալ զանգվածը, որը և պաշտոն էր ստանում: Պարոն Փաշինյանի իշխանության պաշտոնյաների 95 տոկոսը դիլետանտներ են, որոնք հայտնվել են իշխանության մեջ զուտ այն բանի համար, որ քայլել են: Ես նրանց անվանում եմ քայլող պատուհասներ: Եվ հիմա քայլող պատուհասների աշխատավարձը բարձրացվում է, կրկնապատկվում, և առանց ամոթի հայտարարվում է, որ բարձրացվել են թոշակներն ու աշխատավարձերը: Եթե այդպես է, նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձն էլ բարձրացնեիք տասը տոկոսով: Կամ երբ ասում են՝ թոշակները հունվարի մեկից բարձրանում են, լավ կլինի նաև ասեն, թե հունվարի մեկից գազի գինը որքանո՞վ է բարձրանալու: Շուտով նոյեմբերն է, բայց հասարակությունը չգիտի, թե գազն ի՞նչ գին է ունենալու»,-շեշտեց քաղաքագետը:
«Քանի դեռ «պողոսացված» զանգվածը կուլ է տալիս, «ուռա»-ներով է ընդունում անտրամաբանական և շատ դեպքերում ոչ պետականամետ քաղաքականությունը, և կարող է լուրջ վերաբերվել, օրինակ՝ «Փաշինյանը պատռեց Պուտինի դիմակը», «Դոնալդ և Մելանյա Թրամփները խնդրեցին Փաշինյաններին նկարվել իրենց հետ» վերտառությամբ հոդվածներին, մենք խնդիրներ ենք ունենալու:
Այս ամբողջը, ի վերջո, միջազգային ասպարեզում օգտագործվում է մեր իսկ դեմ: Ես իսկապես ուրախ կլինեի, որ Հայաստանը այնպիսի երկիր լիներ, որը կկարողանար ոտք մեկնել աշխարհի հզոր պետությունների հետ:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: