Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց մասնավոր հիվանդանոցների ղեկավարների հետ խոսելու՝ կառավարությունն օրենք է բերել՝ նրանց կառավարելու մասին

Հոկտեմբեր 24,2019 11:12

Այսօր ԱԺ նիստում Առողջապահության փոխնախարար Լեւոն Հակոբյանը ներկայացրեց կառավարության նոր նախագիծը՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին:

Փոխնախարարն ասաց, որ ներկայումս Հայաստանում գործում են 125 հիվանդանոցային, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնցից 51-ը՝ Երեւանում, 74-ը՝ մարզերում: 36-ը մասնավոր են եւ սեփականաշնորհված: Բացի այդ, 360 առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժհաստատություններ, որոնցից 86-ը պոլիկլինիկաներ են: 268-ը՝ գյուղական առողջության առաջնային պահպանման կենտրոններ: Մասնավոր հիվանդանոցներում է տեղակայված ՀՀ մահճակալային ֆոնդի շուրջ 32 տոկոսը, ընդ որում, դրանց մեծամասնությունը խոշոր բազմաֆունկցիոնալ հիվանդանոցներ են՝ մեծ ներուժով: Ռազմական դրության պայմաններում նրանց գործունեությունը զգալի դերակատարում կունենա:

Առողջապահության ենթակայության ներքո գտնվում է միայն 17 հիվանդանոց եւ 1 առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություն է գտնվում, ինչը խաղաղ պայմաններում արդարացված է, բայց պատերազմի, զինված հարձակման դեպքում առողջապահական համակարգի միասնական կառավարման դժվարություն կլինի: Ուստի առաջարկվում է պետական լիազոր մարմնի կողմից այն վերահսկելի դարձնել:

Տիգրան Ուրիխանյանին հետաքրքրեց՝ ո՞րն է այս նախագծի հրատապությունը, եղե՞լ է քննարկում ռազմական դրության հետ կապված մոտակա հեռանկարում մտավախության առթիվ, եթե այո, ի՞նչ հաշվարկներ կան, ի՞նչ վտանգներ կարող ենք ունենալ:

Հակոբյանը պատասխանեց, որ կա օրենսդրական բաց ու հրատապությունը դրանով է պայմանավորված, այն պետք է լրացնել: Նա վստահեցրեց, որ կառավարությունում առաջիկայում ռազմական ագրեսիայի հարց չի քննարկվել. «Ինչպես բոլորիս է հայտնի, այդ վտանգը ՀՀ-ի համար տեւական ժամանակ է, կա ու կարող է ցանկացած պահի լինել: Նախագծով առողջապահական ոլորտի ընդհանուր համակարգային կառավարումն է»:

Ուրիխանյանը հակադարձեց՝ օրենսդրական բաց չի եղել, օրենքում եղել է այլ կարգավորում, հիմա կա՞ վտանգ ռազմական դրություն հայտարարելու, պատերազմական իրավիճակի, դրանի՞ց է բխել, որ հիմա դա ավելի արդիական է: Փոխնախարարը վստահեցրեց, որ պատերազմի վտանգի առկայության վերաբերյալ քննարկում չի եղել, իսկ օրենսդրական բաց կար դեղարտադրողների եւ դեղներմուծողների հետ կապված, որը լրացնելու են:

«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հարցրեց՝ նախկինում էլ առողջապահության նախարարությունը մասնակցել է զորավարժություններին, հիմա նաեւ մասնավոր ընկերություննե՞րը պետք է ընդհանուր խմբի մեջ լինեն, ի՞նչ համագործակցություն է լինելու մասնավոր առողջապահական կենտրոնների հետ: Փոխնախարարը պատասխանեց. «Ե՛վ մասնավոր, ե՛ւ համայնքային ենթակայության բուժկենտրոններում զորահավաքային պլանով նախատեսված գործառույթները մենք բոլոր կենտրոնների հետ ունենալու ենք եռակողմ պայմանագրեր, որտեղ հստակ իրավունքներն ու պարտականությունները սահմանված են լինելու՝ սկսած ռազմավարական պլանավորումից, մինչեւ սպասարկման ամենավերջին ցիկլը»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցրեց՝ այս նախագիծը ներկայացնելուց առաջ մասնավոր հիվանդանոցների հետ եղե՞լ է քննարկում ու ինչպե՞ս են արձագանքել, կա՞ ռիսկ, որ առողջապահության նախարարության իքս պաշտոնյան պատրաստ է կառավարելու հիվանդանոցը, նման ռիսկ կա՞՝ փոխնախարարը պատասխանեց, որ մասնավոր հիվանդանոցների հետ քննարկում չի եղել, նախագիծը բաց է եղել ու որեւէ առաջարկ չեն ստացել. «Սեփականատիրոջ կամ սեփականատիրական օրենքի հետ առնչություն չունեցող խնդիր է, արտառոց բան չկա, որ քննարկում ունենանք: Առողջապահության նախարարության պաշտոնյան համակարգն է կառավարելու»:

Թագուհի Թովմասյանի համար զարմանալի էր. «Չգիտեմ ինչքանով է ճիշտ ձեր դիրքորոշումը, որ կառավարեք մի հիմնարկ, որի ղեկավարը տեղյակ չէ, որ դուք որոշել եք իրեն կառավարել թեկուզ ռազմական դրության ժամանակ»: Լեւոն Հակոբյանը նշեց, որ երբ պայմանագրեր սկսեն կնքել հիվանդանոցների հետ, այդ ժամանակ կիմանան, կքննարկեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031