Լրահոս
Օրվա լրահոսը

Կոշտ արձագանք. խոշոր պաշտոնանկություն ոստիկանությունում. «Ժամանակ»

Հոկտեմբեր 24,2019 10:58

Ոստիկանության շտաբի պետ, փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը նախօրեին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի փոփոխությունը, անշուշտ, ինքնին հետաքրքիր է, հատկապես ուժային բլոկի ղեկավար կազմում կարծես թե շարունակվող կադրային վերանայումների շարքում, սակայն Քոչարյանի պաշտոնանկությունը հատկապես ուշագրավ լույսի ներքո է հայտնվում նրա վերջին հայտարարության ֆոնին: Հովհաննես Քոչարյանը նախօրեին հայտարարել էր, որ ոստիկանությունը համակարծիք չէ ոստիկանության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որը ենթադրում է ոստիկանապետի պաշտոնին նաև համակարգից դուրս անձի, այսպես ասած՝ քաղաքական անձի նշանակում: Ըստ նրա, ոստիկանությունը դա համարում է քաղաքական ընթացիկ հարցեր լուծելու մոտեցում, իսկ ոստիկանությունն ունի իր մոտեցումը, որն առավել հեռանկարային հարցերի է վերաբերում:

Ինչպես հայտնի է, խորհրդարանում քննարկվում է օրենսդրական նախաձեռնություն, ընդ որում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հեղինակությամբ, որով հնարավորություն է տրվում ԱԱԾ և ոստիկանապետ նշանակել 25 տարին լրացած անձանց, որոնք կարող են կապ չունենալ համակարգի հետ: ԱԱԾ վերաբերմունքն այս հարցի վերաբերյալ պարզ չէ, իսկ ահա ոստիկանության համակարծիք չլինելու մասին հայտարարած փոխոստիկանապետը, փաստորեն, հաջորդ օրը ազատվում է պաշտոնից: Դա նշանակում է վարչապետի կոշտ արձագա՞նք, թե՞ Հովհաննես Քոչարյանն այսպես, թե այնպես հեռանալու էր, և նախապես արված հայտարարությամբ պարզապես ինտրիգ է հաղորդել իր հեռանալուն: Մի բան ակնառու է, որ իրավապահ համակարգը շարունակում է լինել վերանայումների փուլում, և գործնականում հնարավոր է արձանագրել այդ բլոկի ղեկավար կազմում փոփոխությունների «թավշյա» գործընթաց:

Ինչ խնդիրներ են լուծվում և ինչպիսի աստիճանի է փոխկապակցվածությունը, բավականին բարդ է գնահատել, եթե, իհարկե, չենք դիտարկում ընդունված կամ տարածված «հակահեղափոխությունը խեղդելու» վարկածի տրամաբանության մեջ: Խոշոր հաշվով, իրավապահ կամ ուժային այդ բլոկի խնդիրը աներկբայորեն պետք է առաջնային նշանակություն ստանար հետհեղափոխական օրակարգում, հաշվի առնելով այն, որ այստեղ, իհարկե, իշխանությունը հեղափոխությունից հետո էլ մի շարք օբյեկտիվ պատճառներով առաջ է շարժվել իրավիճակային լուծումներով, մինչդեռ համակարգային առումով խոսքը հիմնարար նշանակության կառույցների մասին է:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031