Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ նախագահ, Հայաստանի ծառատունկ ծրագրի հիմնադիր Քերոլին Մուգարին, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին և բժիշկ Դեյվիդ Վեգմանին:
ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՀՀ-ի հետ համագործակցությունը՝ շեշտելով կառույցի ակտիվ դերակատարությունը Արցախի խորհրդարանի արտաքին կապերի ամերիկյան ուղղության համատեքստում: Անդրադարձ է կատարվել հոկտեմբերի առաջին տասնօրյակում ԱՄՆ կոնգրեսականների Արցախ կատարած այցերին և դրանց արդյունքներին: Խորհրդարանի ղեկավարը ընդգծել է նաև Արցախում ԱՄՆ կողմից մարդասիրական ծրագրերի շարունակման և նոր ուղղություններով համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:
Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը ևս անդրադարձել է ԱՄՆ կոնգրեսականների Արցախ կատարած այցերին և համահայկական նշանակության հարցերում նրանց հետևողական աշխատանքին: Նա նաև ԱԺ նախագահին է ներկայացրել ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևն առաջ մղելու, այնպես էլ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ իրենց կառույցի կատարած աշխատանքը և հետագա ծրագրերը:
Քննարկվել են արտերկրում գործող հայկական կառույցների համագործակցությանը և Արցախում սպասվող համապետական ընտրություններին վերաբերող թեմաներ:
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողով