Քանի որ վերջերս շատ է խոսվում մեր օրենքի մասին, որի շնորհիվ մաքուր օդ ենք ունենալու բոլոր փակ հանրային վայրերում՝ արգելելով ծխելը, ինչպես նաև նվազեցնելու ենք ծխախոտային արտադրատեսակների տեսանելիությունն ու հասանելիությունը, ուզում եմ որոշ պարզաբանումներ տալ դրա շուրջ.
– Չկա մի երկիր աշխարհում, որտեղ ծխախոտի վաճառքից հավաքված հարկերը ավելի շատ լինեն, քան դրա տված վնասը՝ դրամային արտահայտությամբ։ Պարզապես չկա նման երկիր։ Սա հատուկ ուզում եմ շեշտել ԱԺ տնտեսական հանձնաժողովի իմ գործընկերների համար, քանի որ օրենքի գլխադասային հանձնաժողով տնտեսականն է նշանակվել։
– «Աղմուկը» նման օրենքների շուրջ, թե իբր երկիրը տնտեսական վնասներ կկրի կամ տնտեսական ապոկալիպսիս կլինի, հրահրվում կամ վճարվում է ծխախոտային ինդուստրիայի կողմից, այդ թվում Հայաստանում։ Ի դեպ, մեր դեպքում դրանք հիմնականում ծխախոտ ներկրողներն են։ Նրանք պատվիրում են տարատեսակ կեղծ հետազոտություններ, վճարում են ԶԼՄ-ներին ծխախոտը գովերգող կամ օրենքը և դրանց հեղինակներին վարկաբեկող հոդվածների համար։ Հաճախ դրանք տնտեսական ուղղվածության ԶԼՄ-ներն են, որ նրանց «կանխատեսումները» ավելի իրական թվան։
– Ծխախոտային ինդուստրիան աշխարհում ջանք չի խնայում շանտաժի, կամ այլ տարբեր «հետաքրքիր», իբր ներդրումային առաջարկների միջոցով դրդել երկրների կառավարություններին կամ խորհրդարաններին զերծ մնալ իրենց երկրի բնակչության առողջությանը միտված, հակածխախոտային օրենքներ ընդունելուց։ Հուսով եմ մեր կառավարությունն ու ազգային ժողովը զերծ կմնան նման ազդեցություններից և մանիպուլյացիաներից։
Կարդացեք նաև
Այսքանը այսօրվա համար, էլի կանդրադառնամ աղմուկին և դրա իսկական մոտիվներին։
Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար