Իմ բարեկամ եւ գործընկեր Թաթուլ Հակոբյանը փորձ է արել բացահայտել, թե ինչու են մարդիկ քննադատում ներկայիս իշխանություններին: Իսկապես, եթե փորձենք բաժանել իշխանությանը քննադատողներին ըստ կատեգորիաների, ապա, այո, այդ խմբերում կլինեն քոչարյանականներ, սերժականներ, նախանձողներ, «աբիժնիկներ», պաշտոն ուզողներ եւ այլն:
(Ճիշտ նույն ձեւով թաքնված եւ բացահայտ մոտիվներ կարելի է գտնել նաեւ իշխանությունը գովերգողների եւ դրա բոլոր քայլերը արդարացնողների մեջ, ինչպես նաեւ ընդհանրապես՝ որեւէ հարցով որեւէ խոսք ասողների դեպքում):
Բայց նման բաժանումը քննադատության «օբյեկտին» (տվյալ դեպքում՝ իշխանությանը) դնում է չափազանց կոմֆորտային իրավիճակի մեջ. ցանկացած քննադատություն լսելիս, իշխանավորը կարող ասել՝ «հա~, դե պարզ է, թե ինչու է նա այդ ամենն ասում՝ ինձ նախանձում է (պաշտոն է ուզում, քոչարյանական է, սերժական է), ինչո՞ւ ես պիտի նրա ասածները բանի տեղ դնեմ: Այ, որ ինձ քննադատեն արդար, կառուցողական, առանց որեւէ շահ ունենալու…»: Մեր քաղաքական մշակույթում հենց այդպիսի մոտեցում է ընդունված՝ ոչ միայն իշխանավորների կողմից: Իսկ գուցե ուշադրություն դարձնենք ոչ միայն այն բանի վրա, թե ՈՎ է եւ ԻՆՉՈՒ, այլեւ գնահատենք, թե ԻՆՉ է ասում:
Անձամբ ես որեւէ մեկին քննադատելու կամ գովերգելու խնդիր իմ առաջ չեմ դնում: Պարզապես իմ համեստ փորձից եւ արժեքային համակարգից ելնելով, հայտնում եմ իմ դիտարկումները՝ չցանկանալով որեւէ մեկին հակադրվել կամ որեւէ մեկի հետ մերձենալ: Եվ ահա այս պահին ես ունեմ երկու դիտարկում:
Կարդացեք նաև
1/ 1998-ի փորձից ելնելով, երբ իշխանությունը թեժացնում էր «նախկինների» հանդեպ հիստերիան, խրախուսում էր նրանց հասցեին ատելության խոսքը, օրումեջ քրեական գործեր եւ դատեր էր բացում, կոմպրոմատներ էր պեղում եւ հրապարակում, դա կարող է, ի վերջո, բերել պայթյունի, ինչպիսին էր «հոկտեմբերի 27»-ը: Բացասական էներգիայի կուտակումը բերում է պայթյունի՝ կարծեմ, դրա հետ բոլորը համաձայն կլինեն: Հիշենք, թե ինչ էր բղավում Նաիրի Հունանյանը՝ իր ոճրագործությունները կատարելիս՝ «Էս ժողովրդի արյունը 10 տարի ծծեցին, էս երկիրը կործանեցին», «5 տարի չթողեց ընտրություն լինի»: Նա օգտագործում էր այն բառապաշարը, որը կիրառում էր ընդդիմությունը մինչեւ 1998 թվականը եւ իշխանական քարոզչությունը 1998-ից հետո:
Իհարկե, «հոկտեմբերի 27-ն» ունի նաեւ արտաքին քաղաքական շատ լուրջ բաղադրիչ: Բայց մթնոլորտի շիկացումն այն ժամանակվա «նախագահական թեւի» գործն է՝ հակառակ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի՝ իրավիճակը լիցքաթափելու փորձերի (հիշո՞ւմ եք՝ «Վանոն իմ ընկերն է»):
2/ Այսօր, ապրելով նմանատիպ մթնոլորտում, տարվելով փոխադարձ ատելության խոսքով, քրեական գործերի ու ձերբակալությունների քննարկումներով, մենք մեր ուշադրությունից դուրս ենք թողնում տարածաշրջանային կարեւորագույն զարգացումները, Պուտին-Ալիեւ, Պուտին-Էրդողան եւ Էրդողան-Ալիեւ հանդիպումների բովանդակությունը, որը, վախենամ, մեզ համար խիստ բացասական եւ վտանգավոր շեշտեր է պարունակում: Բայց դա, կարծես, ոչ մեկին չի հետաքրքրում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նախորդ դարասկզբին հերթական քաղաքական փոթորիկներ տեղի ունեցան եւ առաջին համաշխարհայինի ժամանակ չորս կայսրություններ վերացան, մի քանի պետականակորույս ժողովուրդներ, այդ թվում հայ ժողովուրդը, դաժան ցեղասպանության զոհ դարձան, հիմա էլ հերթական քաղաքական փոթորիկն է ձեւավորվում եւ այս անգամ էլ նույն դերակատարների մասնակցությամբ նույն բեմադրությունն են դնում: Մի օրինաչափություն էլ կա, այդ փոթորիկներից առաջ մեր մտավորականությունը փոխանակ միավորվի ու օր առաջ կառուցի պետականության նավը ու փրկի ազգը այդ ջրհեղեղ փոթորիկների ժամանակ, իրար կտցահարելով են զբաղված, ինչպես ասենք նախորդ դարասկզբին Թումանյանին էին կտցահարում, որովհետեւ հավի քաղաքական կարճատեսություն կամ էլ հավկուրություն ունեն: Ջահելություն, հույսներս դուք եք, թույլ մի տվեք էս բիձեքին ու ջահել պառավներին խժդժություն մտցնեն ազգի մեջ, կառուցենք մեր պետականության նավն ու այսօրվա փոթորիկներից հաղթանակած ու ավելի հզորացած դուրս գանք: