Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Խաչիկյանի «Հավատամքը»

Հոկտեմբեր 24,2019 12:30

«Նարեկացի» արվեստի միությունում կայացավ գեղանկարիչ Գրիգոր Խաչիկյանի հերթական ցուցահանդեսը։ Բազմաթիվ խմբակային եւ 3 անհատական ցուցադրություններին հաջորդեց նրա «Հավատամքը» խորագիրը։

Աբստրակտ նկարների, բնության պատկերների կողքին գերակշիռ դերը տրված էր եկեղեցիներին, ինչը նաեւ խորագրի մի մասն էր։

Բացմանը ելույթներով հանդես եկան նկարչի առաջին ուսուցիչը՝ Արմինեն, դերասան Արմեն Բարսեղյանը, նկարիչ Մարտիրոս Բադալյանը եւ այլք։

Մեզ հետ զրույցում ուսուցչուհի Արմինեն ասաց, որ եթե  նախորդ ցուցադրությունները  իրար շարունակում էին, ապա այս մեկը նոր մոտեցումներ եւ ուղղություն ունի. «Գրիգորը հետաքրքիր փնտրտուքի մեջ է։ Նրա նոր գործերում  դինամիկա կա: Ասես անցյալի եւ նորի մեջտեղում է։ Հուսով եմ, որ հաջորդ ցուցահանդեսն արդեն այս երկուսի սինթեզը կլինի»:
Գրիգոր Խաչիկյանի ստեղծագործական առանձնահատկություններից մեկն այն է, որ նկարներից ոչ մեկը ստորագրված չէ, ինչը նկարիչը մեկնաբանեց այս կերպ. «Երբ մարդիկ կայացած չեն լինում, ստորագրությամբ փորձում են իրենց հեղինակավորել։ Ես ցանկանում եմ ինձ կայացած մարդ համարել, հետո նոր ստորագրել նկարներիս վրա»։

Խորագիրն ու եկեղեցական նկարների գերակշռությունը նկարչի համար 2 իմաստ ունեն. առաջին հերթին եկեղեցիների դիրքի՝ աշխարհում եզակիությունը, իսկ հետո հաղորդակցությունն առ Աստված։
Մասնագիտությամբ աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանն ասաց, որ Գրիգորին եւ իր արվեստին ավելի քան 14 տարի է՝ ծանոթ է.  «Ինձ բախտ է վիճակվել իր նկարներից մեկն ունենալ իմ տանը։ Ինձ դուր են գալիս Գրիգորի նկարներում գունային խաղերը՝ համապատասխան ասելիքով»։

Ինչպես գրեթե բոլոր ներկաները, Դավիթը եւս ուներ իր սիրելի նկարը՝ «Ելք» խորագրով, որը, ինչպես հետո պարզ դարձավ, ուներ նաեւ իր հակադարձը՝ «Մուտքը»։ «Գուցե նշվեցին մի քանի նկարներ, որոնք, ըստ մյուսների, բացառիկ են, բայց ինձ համար բոլոր նկարներն էլ առանձնահատուկ են յուրովի»,- ասաց նկարիչը։

Սյուզի ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031