Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կա Մանսուրյան, էլ ի՜նչ Մոցարտ, Բրամս, Գերշվին»

Հոկտեմբեր 24,2019 13:00

Ժպտալով ասում է Տիգրան Մանսուրյանին «Ռեքվիեմը» պատվիրած գերմանացի դիրիժորը

Գերմանացի դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հոկտեմբերի 25-ին կեզրափակի սեպտեմբերի 14-ին մեկնարկած 13-րդ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը (գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան, Ալեքսանդր Չաուշյան)։ Փառատոնի փակման համերգին կհնչեն Մոցարտի, Բրամսի, Գերշվինի ստեղծագործություններից։ Մենակատարն էր բրիտանացի դաշնակահար Ֆրեդի Քեմփֆնը։

Ալեքսանդր Լիբրայխի հետ զրույցում պարզեցինք, որ աշխարհահռչակ դիրիժորը 2011թ. Բեռլին-ֆիլհարմոնիկի RIAS երգչախմբի, սոպրանո Անյա Պետերսենի,  բարիտոն Էնդրյու Ռեդմոնդի ընկերակցությամբ Բեռլինում ղեկավարել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը», այդպիսով իրականացնելով այս ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Այնուհետեւ այն ձայնագրել է գերմանական ճանաչված ECM ստուդիայում։ Ավելին, գուցե չունենայինք մանսուրյանական «Ռեքվիեմ», եթե Լիբրայխը չպատվիրեր այն։

Առաջին անգամ Հայաստան այցելած դիրիժորը, որը բեմում է արդեն քառորդ դար, ասաց, որ իր կարիերայի զգալի մասը անցկացրել է արտասահմանյան երկրներում, օրինակ, 2018թ. ստանձնել է Պրահայի Ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնը, մինչ այդ ավելի քան 5 տարի պաշտոնավարել է Լեհաստանի ազգային ռադիոյի նվագախումբը։ Անցյալ տարվանից նա 5 տարի ժամկետով ընտրվել է Ռիխարդ Շտրաուսի փառատոնի գեղարվեստական ղեկավար։ Ասվածին ժպտալով էլ հավելեց, թե  երկար կտեւի թվարկելը այն նվագախմբերի ու մենակատար երաժիշտների, որոնց հետ համագործակցել է։ Բազմաթիվ պարգեւների թվում նշենք միայն համաշխարհային դասական երաժշտության ոլորտում 2017թ. դիրիժորին շնորհված մրցանակը։

Դիրիժորից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ հատկապես «Ռեքվիեմ» է պատվիրել։ «Երկու պատճառ կա. 2015-ին Հայոց ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցն էր, եւ վերջապես՝ ինձ շատ մոտ է ու պարզապես սիրում եմ Մանսուրյանի երաժշտությունը»,- ասաց մեր զրուցակիցը։

Հետաքրքրությանը՝ ի՞նչն է պատճառը, որ հայ ժողովրդի հանդեպ հարգանքով ու սիրով լցված կոմպոզիտորը տարիներ շարունակ չի այցելել Հայաստան, մաեստրոն շրջանցելով այն՝ պատասխանեց. «Ուսումնասիրել եմ հայկական մշակույթը, հատկապես երաժշտարվեստը, սկսած Կոմիտասից… Բարեկամական կապեր ունեմ Քիմ Քաշքաշյանի, Սերգեյ Խաչատրյանի, Միքայել Հախնազարյանի եւ մյուս տաղանդավոր երաժիշտների հետ»։

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, ինչո՞ւ երեւանյան ծրագրում տեղ չի գտել հայ կոմպոզիտորի, մասնավորապես՝ իր սիրելի Մանսուրյանի երկերից, Ալեքսանդր Լիբրայխը նախ նշեց, թե այս օրերին իր հյուրախաղն էր Չինաստանում՝ Չեխիայի Ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ, այն չեղարկվել է երկու երկրների միջեւ ծագած որոշ խնդիրների պատճառով, հետո էլ լիաթոք ծիծաղելով պատասխանեց. «Տեղին էր ձեր հարցը, եթե կա Մանսուրյան, էլ ի՜նչ Մոցարտ, Բրամս, Գերշվին…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031