Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի մեկի գործով» դիպուկահարի կողմից ենթադրյալ մահափորձով տուժող-հեղինակությունն իրեն տուժող չի համարում, կազմակերպչի կալանքն էլ երկարացվել է հինգ անգամ

Հոկտեմբեր 24,2019 14:00
datairavakan

Կարատեի մարզիչ Սամվել Այվազյանի մասին «Առավոտը» բարձրաձայնել է («Տուժողները երկուսն են. սպանված դիպուկահարը եւ քրեական հեղինակություն Շալոն») այն ժամանակ, երբ նրա նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց կալանավորումը, նրան մեղադրանք էր առաջադրվել վանաձորցի քրեական հեղինակություն, գործով տուժող Շալիկո Մանուչարյանի՝ Շալոյի մահափորձի  համար: Սամվել Այվազյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա «Եվգենի Կաչակի եւ գործով չպարզված մի խումբ անձանց հետ ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ապօրինաբար կյանքից զրկել Վանաձոր քաղաքի բնակչին, որի համար Ղազախստանի Հանրապետությունից ՀՀ է հրավիրել ընկերոջը՝ Եվգենի Կաչակին: Վերջինս երկար տարիներ ծառայել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատում, ՀՀ ոստիկանության զորքերում՝ որպես դիպուկահար, ինչի մասին քաջատեղյակ է եղել Սամվել Այվազյանը, քանի որ նախկինում միասին աշխատել են Ղազախստանի Հանրապետությունում՝ Ալմա-Աթա քաղաքի «Եվրոպոլիս» ընկերությունում՝ որպես թիկնապահ»: Ի դեպ, Ե. Կաչակի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով Ս. Այվազյանը հարցաքննվել է որպես վկա՝ չունենալով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Ըստ նախաքննության վարկածի, Ե.Կաչակին կանչել էր Սամվելը, նրա համար բնակարան վարձել: Նա ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետով ձերբակալվել է 2018 թվականի նոյեմբերի 9-ին:

Ս. Այվազյանի պաշտպանությունն իրականացնում են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Աննա Ծառուկյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը:

Վերջինս «Առավոտին» տեղեկացրեց, որ Ս. Այվազյանի կալանքը երկարացվել է 5 անգամ. «Քննիչը 11 ամիս դատարան է ներկայացրել անձանց հարցաքննության արձանագրությունների առաջին էջերը, որոնցով, ըստ իրեն, դատարանին ապացուցել է  նախորդ ամիսների ընթացքում իր կողմից դրսեւորած «բավարար ջանասիրությունը»:

Պաշտպանական կողմը տեղեկացնում է, որ կալանքի 5-րդ երկարացումը քննիչն իր միջնորդության մեջ ոչ թե նշել է, որ պետք է կատարվի նախաքննություն, այլ նախաքննական ավարտ հայտարարելու, քրեական գործի նյութերին ծանոթացնելու, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու, «ինչպես նաեւ նույնիսկ հոգացել է, որ դատարանը ժամանակ ունենա որոշումներ կայացնելու եւ նախնական դատական նիստ նշանակելու համար»:

Բնականաբար, պաշտպանական կողմը բողոքարկել է Ս. Այվազյանի խափանման միջոցի, ինչպես նախորդ երկարացումները, այնպես էլ 5-րդ կալանքի երկարացումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

«Նշենք, որ քրեական գործի նյութերը ներկայումս գտնվում են պաշտպանական կողմի մոտ: Վերաքննիչ քրեական դատարանն արդեն 3-րդ անգամ հետաձգում է դատական նիստը, մի պարզ պատճառով, որ քննիչը 5-րդ կալանքի երկարացման միջնորդությանը կից նյութեր չի ներկայացրել առաջին ատյանի դատարանում: Զավեշտ է՝ առաջին ատյանի դատարանում գործը լսվել եւ որոշում է կայացվել, առանց հիմնավոր կասկածը հիմնավորող որեւիցե նյութի (նյութերի բացակայությամբ) եւ հիմքերի, ինչպես նաեւ հարցաքննության արձանագրությունների առաջին էջերով, առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու, միգուցե այդ ցուցմունքները արդարացնող կամ  անվերաբերելի էին, քանի որ մեկ վարույթում քննվում է չորս քրեական գործ, որոնցից մեկով է մեղադրանք առաջադրվել, ինչը ներկայումս նախաքննության ավարտով պայմանավորված նյութերին ամբողջությամբ ծանոթանալու հիմքով փաստվում է, այս կանխավարկածը պաշտպանական կողմը միշտ հնչեցրել է, որ դատարանները շարունակում են մնալ այսպես կոչված`«դատախազության կցորդը»,-տեղեկացնում են պաշտպանները:

«Քննչական կոմիտեի եւ գլխավոր դատախազության հնարքները շարքից» էլ պարզվում է, որ 11 ամիս շարունակ հարցաքննված անձինք տվել են արդարացնող ցուցմունքներ:

Ի դեպ, պաշտպանական կողմն ասում է, որ վերաքննիչ դատարանում ներկայացվել էր այն փաստը, որ քրեական գործի նյութերը գտնվում են պաշտպանական կողմի մոտ եւ դրանցում չկա հիմնավոր կասկած:

Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 18-ին հետաձգել էր դատական նիստը, քանի որ քննիչի եւ դատախազի կողմից ներկայացվել էին հետաձգման դիմումներ:

Լրանում է նախաքննության մեկ տարին եւ չկան նյութեր անձի հիմնավոր կասկածի վերաբերյալ եւ ըստ պաշտպանական կողմի, քննիչին ու դատախազին անհրաժեշտ էր արագ մեղադրական եզրակացությունը մուտք անել դատարան, որպեսզի կրկին իրենց պաշտպանյալին պահեն կամայականորեն կալանքի տակ. «մոռանալով հետապնդման մարմինների ուղղակի պարտականությունը` անձանց ապօրինի չհետապնդելու մասին»:

Պաշտպանական կողմը գտնում է, որ Ս. Այվազյանը շարունակում է ապօրինի մնալ կալանքի տակ, դրա մասին է վկայում այն փաստը, որ Ս. Այվազյանի խափանման միջոց կալանքը երկարացվել է 5-րդ անգամ:  Առաջին ատյանի դատարանն առանց հիմնավոր կասկածը հիմնավորող նյութերի, ինչպես նաեւ վկաների հարցաքննության արձանագրության  առաջին էջերով, որոնց բովանդակությանը ծանոթ չի եղել ինչպես դատարանը, այնպես էլ պաշտպանական կողմը, երկարացրել է Ս. Այվազյանի խափանման միջոցը՝ կալանքը: Ըստ էության, քրեական գործի նախաքննությունը ավարտվել է,  մեղադրական եզրակացությունը դեռ դատարան չի ուղարկվել եւ դատավորի վրա չի մակագրվել:

Նշենք, որ վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 18-ին պետք էր  որոշում կայացներ Ս. Այվազյանի խափանման միջոցի վերաբերյալ, սակայն պաշտպանները վերջին պահին դատարանի աշխատակազմից տեղեկացել էին, որ քննիչը եւ դատախազը միաժամանակ ներկայացրել են դիմումներ դատական նիստը հետաձգելու մասին. «Արհեստականորեն ներկայացնելով դիմումներ, ամեն կերպ հետաձգելով դատական նիստը, մինչ դատարան կուղարկեն մեղադրական եզրակացությունը,  անցել են աճպարարության»:

Հոկտեմբերի 25-ին նշանակվել է դատական նիստ:

Պաշտպանական կողմն ունի մտավախություն, թե դատարանի վրա մեղադրանքի կողմը ազդեցություն կունենա:

Շուրջ 12 ամիս է, ինչ դատարանները մերժում են պաշտպանական կողմի ցանկացած միջնորդություն եւ բողոք, բողոքների մի մասով Վճռաբեկ դատարանն արդեն իսկ կայացրել է իր որոշումը,  որոնք էլ իրենց հերթին գանգատարկվում են ՄԻԵԴ:

«Կալանքի 5-րդ երկարացումը  պայմանավորված է եղել ոչ թե նախաքննություն կատարելու կամ բավարար ջանասիրություն ցուցաբերելու համար, այլ երկարացման միջնորդության մեջ քննիչը նշել է, որ պետք է հայտարարվի ավարտական փուլ, որից հետո ծանոթացվի քրեական գործի նյութերին, կազմվի մեղադրական եզրակացություն, եւ ուղարկվի դատարան: Այնինչ խափանման միջոց կալանքը երկարացվում է երկու պայմաններում, հիմնավոր կասկածի առկայության շարունակություն, որը պետք է նույն նյութերով չլինի, այսինքն՝ չպետք է նույն նյութերը լինեն, ինչ-որ խափանման միջոց կալանքի համար են ծառայել, այլ պետք է լինի նոր եւ հիմնավորող, եւ քննիչը պետք էր ցույց տար իր նախորդ ամիսների ընթացքում կատարված բավարար ջանասիրության մասին: Մեր դեպքում երկուսն էլ բացակայում են. առաջին ատյանի դատարան քննիչը նյութեր չի ներկայացրել միջնորդությանը կից: Իսկ դատարանը մնում է իր սկզբունքներին անմնացորդ դատախազության կցորդ կարգավիճակում: Քննիչը իր պարտականությունները կատարելու համար միջնորդություն է ներկայացնում, դատարանն էլ բավարարում է այն»,-ասում է Գ.Հովհաննիսյանը:

Պաշտպանական կողմը ներկայացրել էր միջնորդություն, հետազոտել նաեւ քրեական գործի մի քանի նյութ, որտեղ ուղղակի վկայում է Ս. Այվազյանի անմեղությունը, ինչպես նաեւ հեղինակություն Շալիկո Մանուչարյանի՝ Շալոյի, որին պաշտպանական կողմը տուժող չի համարում, ցուցմունքը: Շալոն էլ իրեն տուժող չի համարում, եւ չի ցանկանում ընդհանրապես ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ծանոթանալու քրեական գործի նյութերին: Դատարանն այդ միջնորդությունն էլ է մերժել:

Մեղադրանքը դատարանում հաստատվելու դեպքում Ս. Այվազյանին ցմահ ազատազրկում է սպառնում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031