Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բերքյանը մեծապես ոգեւորված էր Հայաստանի անկախությամբ

Հոկտեմբեր 24,2019 13:30

«Գերմանա-հայկական հարաբերությունների շարունակական ամրապնդումն, ամեն դեպքում, շահավետ է, իսկ մշակույթը եւ պատմական իրազեկումը՝ մնայուն արժեք»:

Այս նախադասությամբ է ավարտվում Արա Բերքյանի «Հռենոսի եւ Արաքսի միջեւ. 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ» (համահեղինակ՝ Էննո Մեյեր) գիրքը, որի գերմաներեն բնագիրը լույս է տեսել 1988թ.: Գրքի հայերենը՝ գերմանաբնակ Լիզա Բերքյան-Աբրահամյանի թարգմանությամբ,  2016թ. հրամցվեց հայ ընթերցողին։ Այդ արժեքավոր աշխատությունը լայն արձագանք գտավ հայ ընթերցողների եւ մասնագետների շրջանում։ Ինչպես վերնագիրն է հուշում, գիրքը արծարծում է հայ եւ գերման ժողովուրդների միջեւ պատմական, մշակութային, գիտակրթական, հասարակական հարաբերությունների մասին՝ վաղնջական ժամանակներից մինչեւ գրքի գերմաներեն բնօրինակի տպագրությունը։

Հայկական մշակույթի օրերի շրջանակներում 2019թ. հոկտեմբերի 20-ին Շտուտգարտի Մարտին Լութեր ավետարանական եկեղեցու համայնքի ոչ մարդաշատ սրահում Լիզա Բերքյան-Աբրահամյանը ներկայացրեց Էննո Մեյերի եւ Արա Բերքյանի «Հռենոսի եւ Արաքսի միջեւ. 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ» գրքի հայերենը։ Բանախոսը նշեց, որ այդ թարգմանությունը ոչ միայն հոգու պարտք եւ ամուսնու ցանկության իրականացումն է, այլեւ գերմանա-հայկական 900-ամյա հարաբերությունների մասին հայ ընթերցողին ծանոթացնելը։

Արա Բերքյանի նպատակն էր վերացնել հայ եւ գերման ժողովուրդների միջեւ եղած կանխակալ կարծիքը,  եւ իր գրքով նաեւ նպաստել երկու ժողովուրդների ճշգրիտ փոխճանաչմանը եւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը։

Արա Բերքյանը մեծապես ոգեւորված էր Հայաստանի անկախությամբ, որոշել էր գիրքը համալրել հայ եւ գերման ժողովուրդների՝ մեր օրերի հարաբերությունների մասին պատմող էջերով եւ վերահրատարակել։ Ափսո՛ս, վաղահաս մահը չթողեց իրականացնել նրա ցանկությունը:

Այսօր արդեն հայ-գերմանական հարաբերությունները զարգանում են երկու երկրների բարձր մակարդակով։ Բացի այդ, դրան նպաստում են Գերմանիայում գործող՝ այդ նպատակին ուղղված բազմաթիվ կառույցները, որոնց թվում՝ մշակութային եւ եկեղեցական չորս տասնյակից ավելի միությունները…

Արդեն ավանդական են դարձել Շտուտգարտում (հայ համայնքի կողմից) անցկացվող «Հայկական մշակույթի օրեր» միջոցառումները՝ համերգներ, դասախոսություններ, հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրում, գրքերի շնորհանդեսներ, երկխոսություններ, որոնց նպատակը գերմանաբնակ հայրենակիցներին հայ արմատներին մերձեցնելը, ինչպես նաեւ հայոց մշակութային էությունը Գերմանիայում ճանաչելի դարձնելն է։ Ցավոք, այս տարվա բազմաբովանդակ միջոցառումներին շատ պասիվ էր հայերի մասնակցությունը, սա, անշուշտ, ուրիշ խոսակցության  թեմա է։

Նույն օրը գերմանաբնակ գրող, թարգմանիչ Ագապի Մկրտչյանը ներկայացրեց Հովհաննես Թումանյանի հեքիաթների՝ իր եւ Հելմուտ Մալոնեկի կողմից թարգմանած եւ վերջերս հրատարակած գերմաներեն մանկական պատկերազարդ գիրքը։

«Առավոտ» օրաթերթ
23.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031