Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Փաշինյանին հաջողվի հեշտությամբ լեզու գտնել Գախարիայի հետ

Հոկտեմբեր 24,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ

Պաշտոնական Երեւանը կարեւորում է հայ-վրացական հարաբերություններում՝ «ռազմավարական զարգացման տեսլականը»

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 17-ին: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993թ. հուլիսից: 2008թ. ապրիլին Բաթումում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Հայաստանի եւ Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմինների համագործակցության եւ օրենսդրության ներդաշնակեցման նպատակով ձեւավորված է միջխորհրդարանական բարեկամական խումբ: Տնտեսական համագործակցության խորացման նպատակով գործում է ՀՀ եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, որի վերջին նիստը տեղի է ունեցել 2019թ. հունիսի 26-27-ին Երեւանում:

Հայաստանն ու Վրաստանը համագործակցում են մի շարք ոլորտներում: Առավել ինտենսիվ համագործակցությունը առեւտրի ոլորտում է: Հայաստանը համարվում է Վրաստանի հիմնական տասն առեւտրային գործընկերներից մեկը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով հոկտեմբերի 15-ին ժամանեց Երեւան: Վրաստանի վարչապետի հայաստանյան այցը դրական գնահատականներ ու արձագանքներ ունեցավ հայ եւ վրացի փորձագիտական ու քաղաքական շրջանակներում։

Երեւանում նախ տեղի էր ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել էր երկու երկրների վարչապետների առանձնազրույցն ու ընդլայնված կազմով հանդիպումը:

«Կարեւոր է արձանագրել` երկուստեք համոզված ենք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեր երկրների հարաբերություններն էլ ավելի են լավանալու: Եթե ինձ հարցնեն, թե որոնք են իմ վարչապետության մեկուկես տարիների ձեռքբերումները, ապա առաջին հերթին կնշեմ Վրաստանի հետ նոր մակարդակի հարաբերությունների ձեւավորումը: Միաժամանակ համոզված եմ, որ մեր աշխատանքների արդյունքում երկկողմ համագործակցությունը շատ ավելի կզարգանա»,- իր խոսքում նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին Գեորգի Գախարիան Երեւանում հայտարարեց. «Ցանկանում եմ հավաստել, որ մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան մեր կողմից ստանձնած պարտավորությունների կատարմամբ, ինչը կանդրադառնա նաեւ մեր քաղաքացիների վրա: Չնայած նրան, որ երկուստեք մեր հարաբերությունները գնահատում ենք բարձր, սակայն մենք տնտեսության, մշակույթի եւ մյուս ոլորտներում կապերը զարգացնելու լավ հնարավորություններ ունենք»:

Ըստ ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրության՝ առանձնազրույցի ընթացքում երկու երկրների վարչապետներն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում` առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը, տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության զարգացմանը վերաբերող թեմաների: Ընդլայնված կազմով հանդիպմանը վարչապետ Փաշինյանը նշել է, որ առանձնազրույցի ընթացքում հասցրել են քննարկել հարցերի լայն շրջանակ. «Դրա ամենակարեւոր արդյունքը հետեւյալն է. մենք խորապես շահագրգռված ենք արձանագրելու նոր արդյունքներ մեր երկրների հարաբերություններում եւ կառուցել ռազմավարական զարգացման տեսլական»:

Գեորգի Գախարիան արդյունավետ է գնահատել Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցում ունեցած քննարկումները, նա նկատել է. «Դրանք վերաբերում են մեր երկու երկրների պատմական արժեքներին եւ մարդկանց, ովքեր ապրում են մեր երկրներում»: Վրաստանի վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է համարժեք արձագանքել իրավիճակին տարածաշրջանում, որի կայունությունը միայն կնպաստի տարածաշրջանային համագործակցության արդյունավետությանը:

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները քննարկել են առեւտրատնտեսական, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նրանք կարեւորել են տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը եւ Գեորգի Գախարիան համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առեւտրաշրջանառության աճը: Այդ համատեքստում նրանք ընդգծել են հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը եւ գոհունակություն հայտնել վերջերս տեղի ունեցած նիստի արդյունքներից: Հայտնի է նաեւ, որ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներն առանձնակի շեշտել են ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարեւորությունը, մասնավորապես, Գոգավան-Գուգութի եւ Բավրա-Նինոծմինդա ավտոճանապարհների վերակառուցման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը եւ Գեորգի Գախարիան առանձնազրույցից եւ երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպեցին ԶԼՄ ներկայացուցիչներին եւ հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, վստահություն էր հայտնել, որ Վրաստանում նկատել են, որ վարչապետի պաշտոնում իր «ընտրվելու առաջին իսկ օրվանից հայ-վրացական բարեկամական հարաբերությունները սկսել են զարգանալ առանձնահատուկ ջերմությամբ, ակտիվ եւ անկեղծ շփումներով, մեզ հուզող հարցերի շուրջ անմիջական եւ վստահելի երկխոսությամբ»: Այնուհետեւ Փաշինյանը հավելել էր. «Այս ամենն արտահայտումն է իմ այն համոզմունքի, որ Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ կարեւորություն ունեն Հայաստանի համար»: Փաշինյանը՝ «կարեւոր» եւ «արդյունավետ» էր գնահատել Գախարիայի հետ ունեցած բանակցությունները, հավելել, որ դրանք փաստում են հարաբերությունների առկա բարձր մակարդակը եւ դրանց հետագա զարգացումը խթանելու երկուստեք ցուցաբերած պատրաստակամությունը։ «Երկուստեք բարձր գնահատեցինք երկարատեւ ընդմիջումից հետո հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը: Վստահություն հայտնեցինք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում իրագործել հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրության մեջ տեղ գտած պայմանավորվածությունները: Շատ կարեւոր էր, որ նիստի շրջանակներում անցկացվեց նաեւ հայ-վրացական գործարար համաժողով, ինչն իր հերթին կարող է լայն հնարավորություններ բացել մեր երկրների առեւտրատնտեսական համագործակցության համար։ Կարեւորեցինք տրանսպորտային եւ էներգետիկ ծրագրերի իրականացման նշանակությունը՝ ինչպես երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից»։

Փաշինյանը նաեւ խոսել էր տարածաշրջանային անվտանգության թեմայով: «Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրներից է տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության մթնոլորտի ձեւավորումը։ Այս առումով համոզված ենք, որ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից։ Այս համատեքստում անդրադարձ կատարեցինք տարածաշրջանային հակամարտություններին։ Համակարծիք էինք, որ դրանց համապարփակ եւ տեւական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Ես վերստին հայտնեցի մեր այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ուրույն է, եւ, հետեւաբար, լուծումներն էլ պետք է բխեն դրանց էությունից: Այս առումով, կարեւորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը»։

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան իր խոսքում նախ շեշտել էր, որ մեր երկրների միջեւ ամենանշանակալի չափումը տնտեսությունն է. «Այստեղ մենք լավ առաջընթաց ունենք: Խոսել ենք տրանսպորտի մասին, էներգակիրների հարցում համագործակցության հարցեր ենք քննարկել, մշակութային բնագավառում եւս համագործակցելու շարունակական ուղի ենք նախանշել: Անդրադարձել ենք նաեւ տարածաշրջանային հարցերին եւ համակարծիք ենք, որ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում ամենակարեւոր բանն է, որպեսզի տնտեսությունը զարգանալու հնարավորություն ունենա, իսկ մեր ժողովուրդները կարողանան լավ ապրել»:

Այնուհետեւ, Գախարիան իր խոսքում ուշագրավ արձանագրումներ է արել. «Հայաստանն աջակցում է մեզ տարածքային ամբողջականության հարցում, ինչը շատ կարեւոր է մեզ համար եւ շնորհակալ ենք: Կարծում եմ՝ պիտի այս դրական դինամիկան պահպանենք եւ հզորացնենք միմյանց աջակցությունը միջազգային հարթակներում»: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ Փաշինյանի հետ հանդիպումը եւս մեկ առաջընթաց քայլ կլինի մեր երկու երկրների համագործակցության խորացման համար:

Տարիներ շարունակ պաշտոնական Երեւանն ու Թբիլիսին մշտապես հայտարարել են, որ երկու պետությունների միջեւ չկան անլուծելի խնդիրներ, սակայն նախաձեռնողականության պակաս, այնուամենայնիվ, նկատվել է: Հետեւաբար, շատ բան կախված է նրանից, թե Փաշինյանին կհաջողվի՞ հեշտությամբ լեզու գտնել Գախարիայի հետ, որը Հայաստանի համար նոր մարդ չէ: Այս առումով, Փաշինյան-Գախարիա առաջին հանդիպումը կարեւոր էր՝ թե՛ հայ-վրացական հարաբերություններում եղածը պահպանելու, թե՛ տեսանելի փոփոխություններ արձանագրելու հնարավորությունների առումով։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031