Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլական» Սոնա Ղազարյանը՝ ամուսնու բարեկամին ԱԺ-ում գործի տեղավորելու մասին

Հոկտեմբեր 24,2019 15:00

Մամուլում հրապարակումներ եղան, որ այս իշխանությունները նախկինների պրակտիկան շարունակում են եւ իրենց բարեկամներին բերում, գործի են տեղավորում, պաշտոններ տալիս:

Ամուսնու բարեկամին ԱԺ-ում «գործի է տեղավորել» նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

«Առավոտի» հետ զրույցում այս առնչությամբ Սոնա Ղազարյանն ասաց, թե ինչու եւ ինչպես է ԱԺ-ում աշխատանք ստացել իր օգնականը, որն իսկապես բարեկամ է. «Այդտեղ ոչ մի գաղտնիք չկա: Իմ օգնականը, ճիշտ է նկարագրվել, ամուսնուս բարեկամն է, բայց կցանկանայի հիշեցնել, որ օգնականի պաշտոնը ընդամենը հայեցողական պաշտոն է եւ պետք է մի մարդու նշանակել, ում վստահում ես, քանի որ նա մուտք ունի քո բոլոր էլեկտրոնային հասցեներին, «Mulberry» համակարգին: Ես առաջնորդվել եմ հենց այդ սկզբունքով»:

Հարցին՝ այդ դեպքում, երբ նախկինում ՀՀԿ-ականներին էին մեղադրում նմանատիպ խնդրի համար, որ իրենց բարեկամներին, ազգուտակին աշխատանքի էին տեղավորում, ու ընդդիմադիրները դա անընդհատ թմբկահարում էին, աղմուկ էին բարձրացնում, սխալվե՞լ են՝ Սոնա Ղազարյանը պատասխանեց. «Նախկինում վստահ չեմ, որ օգնականի պաշտոնի հետ կապված երբեւէ նման հրապարակումներ եղել են, ավելի բարձր պաշտոնների մասին է գնացել խոսքը: Այստեղ ԱԺ պատգամավորն ունի վճարովի եւ անվճար հիմունքներով երկու օգնականի հնարավորություն եւ ես առաջնորդվել եմ վստահելիության չափորոշիչով: Այստեղ իրականում իմ օգնականը կատարում է հսկայական աշխատանք: Եթե նույնիսկ առաջնորդվենք, թե ինչքան է օգնականի աշխատավարձը եւ այդ համադրությունը, ապա, կարծում եմ, այս խոսակցությունն ավելորդ է: Կրկնում եմ, նախկինում քննադատությունը եղել է լրիվ այլ պաշտոնների մասով եւ լրիվ այլ աշխատավարձերով, պարգեւավճարով վճարվող աշխատատեղերի մասին»:

Հարցին՝ ի՞նչ կասեք ձեր մյուս գործընկերների մասին, օրինակ, Հռիփսիմե Գրիգորյանի, որի ամուսինը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է, Լենա Նազարյանի ամուսինն էլ՝ Պետգույքի կառավարման վարչությունում՝ Սոնա Ղազարյանը պատախանեց. «Այստեղ պետք է առաջնորդվենք հետեւյալով՝ նախկինում մենք բոլորս, ես էլ, ամուսինս էլ, սկեսրայրս էլ, Լենա նազարյանի պարագայում իր ամուսինը, մենք բոլորս լծված ենք եղել ընդդիմադիր գործունեությամբ, չվճարվող, պայքարել ենք՝ սեղանին դնելով մեր անվտանգությունը, մեր ընտանիքի անդամների անվտանգությունը: Եվ բոլորս, ուզած թե չուզած, բավականին քաղաքականացված ենք եղել, մեր գործունեությունն է այդպիսին եղել: Հիմա հետհեղափոխական նոր Հայաստանում ինձ  թվում է տրամաբանական է, որ մեկ ընտանիքից երկու անձ կունենան քաղաքական պաշտոններ: Ես չեմ դիտարկում՝ նրա ամուսինն է, նրա կինն է բանաձեւով, ես առաջնորդվում եմ, որ երկու տարբեր անձ գուցեեւ հանդիպել են պայքարի օրերին, գուցե հանդիպել են 2008-ի Մարտի 1-ին, գուցե հանդիպել են հիմա՝ շարժման ընթացքում: Շատ բնական է, որ այդ շրջանում հանդիպած, պայքարած մարդիկ ներկայումս պաշտոններ ունենան: Այստեղ որեւէ կանխամտածված հանցակազմ պետք չէ ման գալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել