Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հորը 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո հիվանդանոցում՝ առանց բժշկի թույլտվության, առանց փաստաբանի, բարձր ճնշումով հարցաքննում էին, դա իրենց կարելի էր»

Հոկտեմբեր 24,2019 15:30

«Իմ քայլի» պատգամավորները պատմում են, թե ով եւ երբ է անցել կարմիր գիծը ու ինչերի միջով են իրենք անցել

«Գիտեք, ԱԱԾ հրավիրվել են Հրայր Թովմասյանի դուստրերը, հայրը՝ փաստաբանների նրկայությամբ, ծանուցումն ուղարկվել է, փաստաբանները ներկայացել են եւ ամեն ինչ իրականացվել է օրենքի ընթացակարգին համապատասխան: Հիմա երբ որ խոսում են ճնշումներից եւ այլն, ես ուզում եմ ուղղակի մի հարց տամ՝ այդ մարդիկ 2008-ին չէի՞ն տեսնում ինչ է կատարվում»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով ՍԴ նախագահի ընտանիքի անդամներին հարցաքննելու հետ կապված քննադատությունների մասին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը:

Նա պատմեց. «Ես այնքան բանի միջով եմ անցել այդ ընթացքում: Իմ հորը 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո հիվանդանոցում՝ առանց բժշկի թույլտվության, առանց փաստաբանի, բարձր ճնշումով հարցաքննում էին: Դա իրենց կարելի էր: Ես այդ ամեն ինչը տեսել եմ, հիմա իմ համար ծիծաղելի է այս ամեն ինչը: Մարդկանց վրա այնպիսի ճնշումներ էին, որ դա ուղղակի հնարավոր չի բառերով նկարագրել: Այս դեպքում ուղղակի ընթացակարգերը պահելով՝ ընդամենը հրավիրել են ԱԱԾ հարցաքննության: Այսքանը»:

Աննա Կարապետյանի համար հարցեր են առաջացել՝ երբ այդ վիճակում հիվանդանոցում իր հորն էին հարցաքննում, ԱԱԾ-ի մոտ ինչո՞ւ ցույցեր չէին անում. «Իհարկե,  ցույց չէին անում: Հիմա այս մարդիկ մոռացել են, որ եղել է: Եղել է ու մենք չենք մոռացել: Իմ վրա էլ է ճնշում եղել, ինձ էլ են հրավիրել ոստիկանություն, քանի որ հանձնաժողովի անդամ  եմ եղել եւ իմ վրա ճնշում է գործադրվել, ինչը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արձանագրել է իր զեկույցում: Հիմա չէի ուզենա այս ամեն ինչի մասին նորից խոսել: Այնքան հանրահայտ ու ակնհայտ է սա բոլորի համար, բոլորը գիտեն, ամբողջ հանրությունը գիտի: Սա ուղղակի լավ մատուցվող շոուի կարգով  ներկայացվում է: Հասկանում եմ, իրենց էլ եմ հասկանում»:

Հիշեցնենք, որ Աննա Կարապետյանը ՀՀԿ-ի իշխանության ժամանակ եղել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փորձագետ: Իսկ նրա հայրը՝ Սամվել Կարապետյանը, 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ թիվ 22/21 ընտրատարածքի վստահված անձ։ Նրան մեղադրել էին ընտրությունների արդյունքների կեղծման մեջ՝ հօգուտ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ դատապարտել 3 տարի ազատազրկման։

Մեր դիտարկմանը, որ այն, ինչ եղել է նախկին իշխանությունների օրոք, ակնկալվում էր, որ հիմա չի լինի ու չպետք է լինի՝ Աննա Կարապետյանը պատասխանեց. «Իհարկե, չի լինելու: Սա չի նշանակում, որ այն, ինչ նախկին իշխանությունն արել է, մենք ճիշտ ենք համարել: Չէ, ընդհակառակը, մենք սխալ ենք համարել սա ու այս հեղափոխությունը տեղի է ունեցել հենց դրա համար, որովհետեւ նախկին իշխանությունն իրեն պահել է հենց այսպես: Ես չեմ կարծում, որ մենք հիմա մեզ պահում ենք այնպես, ոնց որ նախկին իշխանությունը»:

Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նույնպես անդրադարձավ Հրայր Թովմասյանի դստերը հարցաքննելու շուրջ քննադատություններին: Նրա խոսքով՝ արդեն մի քանի օր է, որոշ շրջանակների կողմից որպես մանրադրամ են օգտագործվում մեր ազգային արժեքները՝ ընտանիք, երեխաներ, ծնողներ: ԱԱԾ-ի կողմից ընդամենը պարզաբանումներ տալու համար հրավիրվել են Հրայր Թովմասյանի հայրը եւ դուստրերը ու սա որակվեց որպես կարմիր գծերն անցնել, 37 թիվ եւ այլն. «Ուզում եմ հիշեցնել, թե երբ եւ ում կողմից են իրականում խախտվել այդ կարմիր գծերը: 2008-ի Մարտի 1-ին եւ դրան հաջորդող զարգացումների ընթացքում ունեցանք հարյուրավոր քաղբանտարկյալներ, որոնց գործերն այսօր հատ-հատ հետ են գալիս ՄԻԵԴ-ից՝ որպես ապտակ նախկին իշխանություններին, ա՛յն իշխանություններին, որոնց այսպես կոչված սահմանապահ է Հրայր Թովմասյանը: Մարտի 1-ին եւ դրան հաջորդած իրադարձությունների արդյունքում ՀՀ-ում բազմաթիվ մարդկանց ու նրանց ընտանիքների հանդեպ կիրառվեցին դաժան եւ անմարդկային ճնշումներ, որոնք դեռ թարմ են մեր հիշողության մեջ: Դավիթ Աղայանի նորածին երեխային ջերմության մեջ մի քանի ժամ պահեցին ոստիկանությունում, որպեսզի Դավիթ Աղայանը գնար հանձնվեր: Եղեգնաձորից Էդուարդ Ասատրյանին Մարտի 1-ի առավոտյան հրապարակում, այնուհետեւ 6-րդ վարչությունում դաժան ծեծի ենթարկելուց հետո ուսի կոտրվածք ստանալուց ու դրա արդյունքում վիրահատվելիս հենց վիրահատական սեղանի վրայից առեւանգեցին եւ տարան ոստիկանություն: Ձերբակալեցին եւ կալանավորման միջնորդություն ներկայացրեցին 17-ամյա Սարգիս Գեւորգյանին եւ 20-ամյա Անի Գեւորգյանին: Մարտի 1-ի առավոտյան ցուցարարներին ցրելուց եւ հետապնդելուց հետո Խաչիկ Գասպարյանին շփոթելով Սասուն Միքայելյանի հետ՝ դաժան ծեծի ենթարկեցին եւ հետո ստիպված եղան արձանագրել այդ ծեծի արդյունքները, որովհետեւ դրանք ակնհայտ էին, որից հետո մեղադրանք առաջադրվեց եւ կալանավորվեց նաեւ Խաչիկ Գասպարյանը»:

Դիմելով ՀՀԿ-ականներին եւ մերձՀՀԿ-ական շրջանակներին՝ Հռիփսիմե Գրիգորյանն ասաց. «Մենք մեկընդմիշտ մերժել ենք այս գործելաոճը, մենք վերականգնել ենք կարմիր գծերը, որոնք դուք խախտել եք, մենք շարժվում ենք ու շարժվելու ենք իրավական ճանապարհով, որովհետեւ վերադարձ անցյալին չի լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031