ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Երևան քաղաքի Նոր Խարբերդի բնակչի՝ վնասվածքներ ստանալու իրական հանգամանքները. բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ երիտասարդը վնասվածքներն ստացել է սպանության փորձ կատարելու արդյունքում։
2019 թվականի հոկտեմբերի 04-ին՝ ժամը 05:50-ին, «Արմենիա» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի քերծվածքներով բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Խարբերդի՝ 1989թ. ծնված բնակիչ: Նույն օրը բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև նույն թաղամասի 20-ամյա մի բնակիչ՝ 6, 7, 8 և 12-րդ կողերի կոտրվածքների, պնևմոթորաքսի, կրծքային 9 և 10-րդ ողերի բազմաբեկորային կոտրվածքների, ձեռքերի, ոտքերի, դեմքի շրջանների սալջարդերի և քերծվածքների ձևերով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներով. վերջինիս կյանքը հնարավոր է եղել փրկել՝ բժշկական միջամտության արդյունքում:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 30 ամյա տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է վիճաբանության ժամանակ: Բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը, սակայն, իրավապահներին տված բացատրություններում նշել է, որ չի ճանաչում իրեն ծեծի ենթարկած անձանց՝ հրաժարվելով նաև հանցագործության մասին հաղորդում տալ:
Սակայն իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են՝ 30-ամյա տղամարդու վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, վիճաբանության մասնակիցների ինքնությունը, որոնք բոլորն էլ նույն թաղամասի բնակիչներ են: Պարզվել է, որ նրանցից 20-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել է վրաերթի ենթարկվելու արդյունքում, ինչի վերաբերյալ ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում երիտասարդներին վրաերթի ենթարկած անձինք հայտնել են, թե, իբր, տեղի ունեցածը սոսկ վրաերթ է:
Կարդացեք նաև
Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել է դեպքի վայրում առկա նկարահանող տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
Փաստի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, տուժողներին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննության տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 23:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Նոր Խարբերդ թաղամասում գործող խանութ-սրահի դիմաց հայհոյանք հնչեցնելու շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է ծագել նույն թաղամասի բնակիչների՝ 30-ամյա տղամարդու և 20-ամյա երիտասարդի ու վերջինիս ընկերների միջև, որի ընթացքում իր մոտ գտնվող որպես զենք օգտագործվող դանակը գործադրելու սպառնալիքով, իր երեք ընկերների հետ միասին տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցնելով՝ 30-ամյա տղամարդը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է շրջակա տների բնակիչների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով:
Վիճաբանության ավարտից հետո, վերջինս իր ընկերների հետ ավտոմեքենայով հեռացել է դեպքի վայրից, սակայն ծանր տանելով տեղի ունեցածը, 20-ամյա երիտասարդին և վերջինիս ընկերներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ իր կողմից վարվող ավտոմեքենայով, ընկերների հետ վերադարձել է դեպքի վայր, որտեղ ավտոմեքենան վարել է ճանապարհի բանուկ հատվածում կանգնած 20-ամյա երիտասարդի, վերջինիս ընկերների և վիճաբանությունից հետո դեպքի վայր եկած ևս երկու պատահական մարդու ուղղությամբ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը, ունենալով ավտոմեքենան արգելակելու հնարավորություն՝ այն չի արգելակել, և վրաերթի արդյունքում մեքենայի ծածկոցի վրա հայտնված 20-ամյա երիտասարդն ընկել է ավտոմեքենայի անիվի տակ՝ ստանալով կյանքին վտանգ սպառնացող մարմնական ծանր վնասվածքներ, իսկ ինքը փորձել է հեռանալ դեպքի վայրից, սակայն ավտոմեքենան հարվածել է էլեկտրասյանը ու կանգ առել, որից հետո ընկերների հետ իջնելով ավտոմեքենայից՝ դիմել է փախուստի:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 30-ամյա տղամարդը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին