Հունիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի ընթացակարգով զգալիորեն բարձրացրել է իր կաբինետի անդամների և նրանց տեղակալների աշխատավարձը: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ ընդգծելով, որ տեղեկությունը բացահայտել է հայկական Հետք պարբերականը:
ՀՀ կառավարությունը հաստատել է տեղեկատվությունը, իսկ ընդդիմության ներկայացուցիչներին զայրացրել է որոշման գաղտնի բնույթը և կասկածի տակ են դնում որոշման օրինականությունը:
Չորեքշաբթի Փաշինյանը, որը իշխանության էր եկել կոռուպցիայի դեմ պայքարի ալիքի ֆոնին, խորհրդանում ելույթի ժամանակ ասել է, որ նախարարների, նրանց տեղակալների աշխատավարձի բարձրացումը տեղի է ունեցել պարգևատրումների ֆոնդի հաշվին, որը հաստատվել է խորհրդարանի կողմից 2019թ.՝ բյուջեի վերաբերյալ լսումներին: Փաշինյանը նաև ասել է, որ նախարարի աշխատավարձը հնարավոր չէ գաղտնի բարձրացնել, քանի որ նա հայտարարագիր է լրացնում, որը հասանելի է հանրությանը, այդ ամենը տեղի է ունեցել իներցիայով՝ գրում է BBC-ն և անդրադառնում Լուսավոր Հայաստան խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի և Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Գևորգ Պետրոսյանի ելույթներին, որոնք քննադատել են աշխատավարձի բարձրացման գաղտնի ընթացակարգը:
Գործակալությունը հիշեցնում է, որ Փաշինյանն իշխանության է եկել 2018թ. մայիսին՝ խոստանալով արմատախիլ անել կոռուպցիան և երկիրը տանել ժողովրդավարական զարգացման ուղիով: Վարչապետ ընտրվելուց երեք ամիս անց Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա և անձամբ երաշխավորեց, որ կառավարությունում բարձրաստիճան կոռուպցիոներներ չկան: Բայց 2019թ. գարնանը մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ մեղադրվում են նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախարարներ և պատգամավորներ: Կալանքի տակ է գտնվում նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ գրում է կայքը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ