«Ես այսօր եկել եմ՝ գործնական աջակցություն ցուցաբերելու երկրի վարչապետին»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց Տիգրան Ուրիխանյանը եւ ցույց տվեց մի թուղթ. «Այսօր ես բերել եմ մի փաստաթուղթ, որով օգնելու եմ ձեզ բացահայտել մի շատ վատ բան, որը տեղի է ունենում մեր երկրում: Խնդիրը 50 հազարից ավելի բացահայտված, ստվերից դուրս բերված աշխատատեղերին է վերաբերում, որոնցից զինծառայողների հիմնադրամ պետք է փոխանցվի այդքան 1000 –ական դրամ, հետեւաբար՝ այդքան միլիոն եւ արդեն մեկուկես տարի է՝ այդ գումարները հիմնադրամ չեն գալիս»: Ուրիխանյանն ասաց, որ վարչապետին թվեր են ներկայացրել, բայց այդ գումարները չեն եկել հիմնադրամ. «Չկա 300 մլն դրամը, չկա 600 մլն դրամը եւ առավել եւս, մեկուկես տարվա կտրվածքով մոտ 800 մլն դրամ: Եկեք բացահայտենք այս խնդիրը ու պատժենք մեղավորներին»:
Փաշինյանը պատասխանեց. «Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավարը ՊՆ նախարարն է ու ինքը տվել է տեղեկանք, որը մեջբերեմ՝ 2019-ի 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ հիմնադրամին ավել է փոխանցվել 648,8 մլն դրամ, աճը՝ 12,6%, ամսական միջինը 72 հազարով ավելի աշխատող է դրոշմանշային վճար վճարել, ընդհանուրը 5 մլրդ 148 մլն-ի փոխարեն փոխանցվել է 5 մլրդ 790 մլն դրամ»:
Վարչապետն ասաց, որ 1000 դրամները ուղիղ հինադրամին չեն գնում, գնում են ՊԵԿ, որ հիմնադրամ ու թվերի մեջ կարող է դիսոնանս լինել:
Վարչապետն առաջարկեց, որ աշխատանքային կարգով նստեն, թղթերը դնեն, թվերը համեմատեն, տեսնեն որտե՞ղ է պրոբլեմը. «Եթե ձեր մոտ շարունակում են հարցեր առաջանալ, դա ինձ արդեն սկսում է անհանգստացնել եւ պետք է այս հարցի պատասխանը ստանանք»:
Կարդացեք նաև
Ուրիխանյանը վստահեցրեց, որ մեկուկես տարի է՝ 800 մլն-ը չկա, դրա տոկոսներն էլ հետը ու հորդորեց, որ իրավապահ մարմիններին հանձնարարի, հարուցեն քրգործ: «Եկեք հանձնարարենք»,- ասաց վարչապետը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ